Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Փորկապություն

27 / 12 / 2021

Փորկապությունը չափազանց տարածված երևույթ է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ տնտեսապես զարգացած երկրներում փորկապությամբ տառապում Է բնակչության 10 %-ից ավելին: Այն իրենից ներկայացնում է կղանքի երկարատև (48 ժամից ավելի) կանգն աղիքներում կամ աղիքների ամենօրյա անբավարար և դժվարացած դատարկումը։
Փորկապություն կարող են ունենալ նաև առողջ մարդիկ, օրինակ՝ երկարատև ուղևորությունների, սովորական իրավիճակների փոփոխությունների, կյանքի ռիթմի խանգարումների ժամանակ, որը կարճատև է և, որպես կանոն, անցնում է առանց բուժման:

Պատճառներ
Որոշ դեպքերում փորկապությունն ինքնուրույն հիվանդություն է, որի հիմքում ընկած է աղիքների ամենօրյա դատարկման սովորության խանգարումը։ Պատճառը կղման ցանկության բազմակի ճնշումն է՝ պայմանավորված աշխատանքի առանձնահատկություններով (փորկապությամբ հաճախ տառապում են վարորդները, հարահոսի մոտ աշխատողները), թութքի, հետանցքի ճաքերի ժամանակ ցավերի հանդեպ վախով։ Կղման ցանկության ճնշումը բնորոշ է նաև առավոտյան անկողնում երկար պառկելու սովորություն ունեցող, խաղերով տարվող անձանց։ Փորկապության պատճառ կարող է դառնալ անսովոր դիրքում և կողմնակի անձանց ներկայությամբ աղիքների դատարկման անհնարինությունը (բնորոշ Է խիստ անկողնային ռեժիմով հիվանդներին)։ Փորկապությանը նպաստում է շատակերությունը։ Միատեսակ, առավելապես սպիտակուցներով հարուստ սննդի օգտագործումը, սննդի օրաբաժնում ջրի, բանջարեղենի և մրգերի սահմանափակումը նույնպես առաջացնում է հաստ աղիքի գալարակծկանքի թուլացում և դրա հետևանքով՝ փորկապություն։ Փորկապության կարող են հանգեցնել նստակեցությունը, որովայնի առաջային պատի մկանունքի թուլացումը։ Համառ փորկապութ֊յան պատճառ կարող է դառնալ ճարպակալման վերացման նպատակով մեծ դեղաչափերով օգտագործվող լուծողական դեղանյութերի ընդունումը։
Փորկապությունը կարող է լինել նաև այլ հիվանդությունների ախտանշան։ Օրինակ՝ բնածին երկար հաստ աղիքի, հաստ աղիքի քրոնիկական բորբոքման, որովայնի խոռոչի կպումների, առանձին այլ հիվանդությունների ժամանակ աղիքների լուսանցքը նեղանում է, և կղանքային զանգվածի տեղափոխությունը դանդաղում։ Ստամոքսի, լեղուղիների, երիկամների, կանանց սեռական օրգանների հիվանդությունները նույնպես կարող են ուղեկցվել հաստ աղիքի ֆունկցիայի փոփոխություններով և, հետևաբար, փորկապությամբ։ Առանձին ներզատիչ գեղձերի (վահանագեղձ, մակերիկամներ, սեռական գեղձեր) ֆունկցիայի խանգարումները, հոգեկան խանգարումները (այդ թվում՝ նևրոզները) ևս ընթանում են համառ փորկապությամբ։ Տարբեր են ոչ միայն փորկապության պատճառները, այլև դրանց դեպքում հաստ աղիքի ֆունկցիայի խանգարումները։ Մի դեպքում փորկապությունը կապված է հաստ աղիքի պարունակության տեղափոխության դժվարացման (կծկանքի ժամանակ), այլ դեպքերում՝ ընդհակառակը՝ աղիքի մկանային շերտի տոնուսի անկման հետ։ Այլ խումբ են կազմում կղման ակտի տարբեր խանգարումներով պայմանավորված փորկապությունները։

Պաթոգենեզ
Փորկապությունը կարող է ուղեկցվել մի շարք ընդհանուր երևույթներով, ընդհանուր թուլություն, տկարություն, գլխացավ, գրգռվածություն, անքնություն, ախորժակի բացակայություն, սրտխփոց, քրտնոտություն, որովայնի անորոշ ցավեր։ Որոշ գիտնականներ գտնում են, որ փորկապությունն արագացնում է օրգանիզմի ծերացման գործընթացները։
Փորկապությունը կարող Է հանգեցնել մի շարք բարդությունների։ Շատ հիվանդների աղիքներում առաջանում է դիսբակտերիոզ, փոխվում է աղիքներում բնակվող միկրոօրգանիզմների կազմը, որը հանգեցնում է հաստ աղիքի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքման։ Դիսբակտերիոզի ժամանակ խանգարվում են նաև B խմբի վիտամինների սինթեզն ու յուրացումը, որոնց անբավարարությունը խորացնում է փորկապությունը: Կղման ակտի ժամանակ հաճախակի ուժեղ նքոցներն առաջացնում են ճողվածք, թութք, հետանցքի ճաքեր, որոնք հաճախ պահանջում են վիրահատ, միջամտություն։

Բուժում
Փորկապության ինքնաբուժումն արգելվում է, քանի որ առավել հաճախ այն անարդյունավետ է, իսկ երբեմն՝ նաև վտանգավոր։ Փորկապության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Առանձին դեպքերում բժշկի նշանակած սննդի ճիշտ ռեժիմը ամբողջությամբ վերացնում է փորկապությունը։ Եթե սննդակարգն արդյունք չի տալիս, բժշկի նշանակմամբ հարկավոր է կիրառել այլ մեթոդներ, այդ թվում աղիքների գալարակծկանքը խթանող դեղանյութեր (հատկապես հաստ աղիքի տոնուսի անկման ժամանակ)։ Անհրաժեշտ է օգտագործել հաստ աղիքի լուսանցքում ջուրը պահելու հատկությամբ օժտված պատրաստուկներ, որոնց շնորհիվ ջրիկացած կղանքը հեշտությամբ տեղափոխվում է աղիքների կծկված հատվածով։ Հարկավոր է նկատի ունենալ, որ լուծողական որոշ դեղանյութեր դրդում են աղիքների գալարակծկանքը՝ գրգռելով հաստ աղիքի լորձաթաղանթը, ուստի դրանց երկարատև ընդունումն առաջացնում է աղիքների բորբոքումներ կամ խորացնում դրանք։ Լուծողական դեղանյութեր կարելի է ընդունել միայն կարճ ժամանակով և բժշկի հսկողությամբ։ Որոշակի ցուցումների դեպքում օգտագործում են տարբեր դեղորայքային մոմեր, կատարում հոգնաներ։ Դիսբակտերիոզի դեմ կիրառում են աղիքային բնականոն ֆլորայի վերականգնմանը նպաստող դեղանյութեր։ Բուժման կուրսի տևողությունը և պատրաստուկների դեղաչափը որոշում է բժիշկը։ Կիրառում են նաև ֆիզիոթերապևտիկական բուժարարողություններ, մերսում և բուժական մարմնամարզություն։
Աղիքների ամենօրյա դատարկման սովորության վերականգնումը փորկապության բուժման կարևորագույն ձևերից է։ Ուստի անհրաժեշտ է զուգարան գնալ ամեն օր և նույն ժամերին՝ նույնիսկ կղման ցանկության բացակայության ժամանակ։ Զուգարանում հարկավոր է կատարել հատուկ շնչառական վարժություններ, որոնք ստեղծում են ներորովայնային ճնշման տարբերություններ և գրգռում գալարակծկանքը։ Դա կատարվում է այսպես, շնչառել որովայնով, շունչը պահել առավելագույն երկար ժամանակով, լրիվ արտաշնչել, շունչը պահել առավելագույն երկար ժամանակով։ Դա պետք է կրկնել 3 անգամ, 4-րդ խորը շնչառման ժամանակ (շունչը պահելու ընթացքում) ուժեղ ճիգեր գործադրել, որպեսզի հետանցքի վրա ճնշում զգացվի։ Մի քանի անգամ հանգիստ շնչելուց հետո շնչառական վարժությունները կրկնել (ընդամենը 10-12 փուլ)։ Այնպիսի դեպքերում, երբ փորկապությունը պայմանավորված է զարգացման արատներով կամ ուռուցքներով, պահանջվում է վիրահատական բուժում։ Եթե բուժումը (հատկապես լուծողականների կիրառմամբ) պետք է իրականացվի բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ, ապա կանխարգելումը մատչելի է յուրաքանչյուրին և սերտորեն կապված է մարդու ապրելակերպի հետ։ Անհրաժեշտ է երեխային դեռևս վաղ մանկական տարիքից վարժեցնել աղիքների ամենօրյա դատարկման սովորությանը, Նրան հարկավոր է պետքանոթին նստեցնել միշտ նույն ժամերին, հետևել, որ խաղալիքներն ու խոսակցությունները նրա ուշադրությունը չշեղեն։
Հասուն մարդկանց համար կարևոր է աշխատանքի այնպիսի կազմակերպում, որի դեպքում աղիքները ժամանակին դատարկելու համար խոչընդոտներ չստեղծվեն։ Չի կարելի կղման ցանկությունը ճնշել կարևոր կամ հետաքրքիր զբաղմունքը չընդհատելու պատճառով, խորհուրդ չի տրվում զուգարանում կարդալ կամ ծխել։

Կանխարգելում
Փորկապության կանխարգելման համար կարևոր նշանակություն ունի ռացիոնալ սնունդը, ցանկալի է այն ընդունել միշտ նույն ժամերին։ Օրաբաժնում հարկավոր է ներառել բանջարեղեն (գազար, ճակնդեղ, թթու դրած կամ հում կաղամբ, լոլիկ, վարունգ, սմբուկ, դդմիկ, դդում, նեխուր, ծաղկակաղամբ), մրգեր և հատապտուղներ (բնական կամ դրանց հյութերը), կաթնաթթվային սննդամթերք, բուսական յուղեր, մեղր։ Հարկավոր է իմանալ, որ փորկապությանը նպաստում են որոշ սննդամթերքներ՝ կաթնաշոռ, բրինձ, նուռ, կծու համեմունքներ, ալկոհոլային խմիչքներ և այլև։ Կանխարգելման նպատակով կարևոր է ֆիզիկական բավարար ակտիվությունը։ Որովայնի մկանունքն ընդգրկող ամենօրյա առավոտյան մարմնամարզությունը, հետիոտն կամ հեծանվով զբոսանքները, նստակյաց աշխատանքի դեպքում շարժումներով աշխուժանալը նպաստում են աղիքների բնականոն գործունեությանը։