Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր

21 / 01 / 2022

Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը. բարձրակրունկները կամ չշնչող նյութերից պատրաստված կոշիկները ոտքերը շուտ են հոգնեցնում: Բժիշկների համար մասնագիտացված կոշիկները ճոխություն չեն, այլ առողջությունը պահպանելու անհրաժեշտություն: Դրանք օգնում են նվազեցնել ոտքերի և մեջքի մկանների ծանրաբեռնվածությունը, քայլելն ավելի թեթև դարձնել, իսկ հերթապահությունը՝ պակաս հոգնեցնող:

 

  • Նյութերը: Պետք է նախապատվությունը տալ որակյալ նյութերին: Դրանց շնորհիվ պահպանվում է ճիշտ օդա- և ջերմափոխանակությունը, ոտնաթաթի մաշկը շնչում է: Բուժաշխատողների համար կոշիկներն արտադրում են ժամանակակից սինթետիկ նյութերից (Croslite, ջերմապլաստիկ կաուչուկ և այլն) և բնական կաշվից: Օգտագործվում են նաև տեքստիլ նյութեր, որոնք օդաթափանց են: Գնելիս հարկ է ընտրել այնպիսի ապրանք, որ հնարավոր լինի հեշտությամբ ախտահանել և մաքրել:
  • Ձևը: Կլինիկայի անձնակազմի համար մասնագիտացված բժշկական կոշիկների ընտրությունը, սովորաբար, սահմանափակվում է լայն կլոր քթով մոդելներով, որոնք մատների վրա ճնշում չեն գործադրում, չեն նպաստում կոշտուկների առաջացմանը: Այդպիսի կոշիկները տևական ժամանակ հարմարավետ են:
  • Ներբանը: Նախապատվությունը հարկ է տալ թեթև, էլաստիկ արհեստական նյութերից պատրաստված ներբաններին: Ամենահարմարավետ տարբերակն առանց կրունկի կոշիկն է՝ ներբանի քիչ թեքությամբ (մինչև 4 սմ բարձրությամբ): Ներբանը պետք է լինի չսահող, ցանկալի է օժտված լինի հակաստատիկ հատկություններով:

 

  • Ներդիրը (միջատակ): Բուժաշխատողների համար կոշիկ պետք է ընտրել օրթոպեդիկ ներդիրով կամ սուպինատորով: Այն պաշտպանում է հարթաթաթությունից և քայլելու ընթացքում ծանրաբեռնվածությունը բաշխում է այնպես, որ ոտնաթաթը հնարավորին քիչ հոգնի:

 

  • Գույնը: Բժիշկների կոշիկները հաճախ բաց երանգի են՝ սպիտակ, մարմնագույն, բեժ, բաց մոխրագույն: Դրանք հեշտությամբ համադրվում են բաց գույնի բժշկական համազգեստի հետ և կեղտոտվածությունն անմիջապես երևում է, ինչը նշանակում է՝ ավելի հեշտ է պահպանել մաքրությունը:


Կանանց և տղամարդկանց համար բժշկական կոշիկների ընտրությունը գրեթե չի տարբերվում. ներկայացվում են նմանատիպ պահանջներ՝ ըստ հարմարավետության և նյութերի:

 

  • Ինչպիսի՞ն է բժշկական կոշիկը


Բժիշկների կոշիկների ամենատարածված տեսակներից է սաբոն: Դրանք հողաթափեր են հիշեցնում, սակայն ունեն փոքրիկ գոտի, որը հուսալիորեն ամրացնում է կոշիկը` ոտնաթաթին, և թույլ է տալիս կարգավորել չափսը: Սաբոն լինում է կաշվից և արհեստական նյութերից (օրինակ. Crocs)՝ հաստ և փափուկ պոլիուրեթանային ներբանով: Դրանք շատ թեթև են, պատրաստվում են այնպիսի նյութերից, որոնք ենթակա են մաքրման և վարակազերծման:

  • Ինչու՞ պետք է տանը օրթոպեդիկ հողաթափեր կրել


Ճիշտ կոշիկը հենաշարժիչ համակարգի առողջության գլխավոր գործոններից է: Ժամեր շարունակ այն մեր ոտքին է, և այդ ամբողջ ընթացքում ողնաշարն ու հոդերը ծանրաբեռնվածության տակ են: Հաճախ ընտրության չափանիշներ են նորաձևությունը, ապրանքի գեղեցկությունը և անձնական նախասիրությունները: Ոտքերի առողջությունն այս դեպքում գրեթե վերջին տեղում է: Սակայն վաղ թե ուշ գալիս է մի ժամանակ, երբ կոշիկի ընտրության գլխավոր գործոնը դառնում է հարմարավետությունը: Զգալի ուշադրություն դարձնելով ամենօրյա կոշիկի ընտրությանը՝ մեզ չի հետաքրքրում, թե ինչ ենք կրում տանը: Նույնիսկ ոտնաթաթի հիվանդությունների առկայության դեպքում, ինչպիսիք են` հարթաթաթությունը, ոսկրային կոշտուկները, մատների ձևախախտումը, մենք հաճախ մոռանում ենք, որ տանը նույնպիսի ծանր աշխատանք է սպասվում ոտքի վրա, անգամ` ավելի ծանր, քան օրինակ, աշխատավայրում:
Ուստի, օրթոպեդիկ կոշիկ կամ ներդիրներ կրելու դեպքում նույնքան տրամաբանական է տնային օրթոպեդիկ հողաթափերի ճիշտ ընտրությունը. չէ՞ որ ոտնաթաթի ձևախախտման բուժման համար նույնիսկ առավելագույն ջանքեր ներդնելը (հատուկ վարժություններ, օրթոպեդիկ կոշիկների կամ ներդիրների կրում, ոտնաթաթերի մերսում և այլն) ապարդյուն է, եթե տանը կրենք սովորական տնային հողաթափեր կամ բոբիկ քայլենք:  
Տնային օրթոպեդիկ հողաթափերը գերազանց միջոց են` ծանր աշխատանքային օրվա վերջում առավելագույն հարմարավետություն ապահովելու և թուլանալու համար:


Ոտնաթաթերի մշտական ծանրաբեռնվածության, բարձրակրունկներ կամ ցանկացած այլ մոդելային կոշիկներ կրելու դեպքում, օրվա ընթացքում ոտքերը զգալիորեն հոգնում և այտուցվում են: Դրանից բացի, մեծանում է ծանրաբեռնվածությունը հենաշարժիչ համակարգի վրա, որն արտահայտվում է ցավով՝ ոտնաթաթերի, մեջքի (հատկապես գոտկասրբանային շրջանում), ոտքերի մկանների, ծնկային և կոնք-ազդրային հոդերի շրջաններում` աստիճանաբար հանգեցնելով տարբեր հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են` արթրիտը, արթրոզը, օստեոխոնդրոզը, վարիկոզը և այլն:

 

  • Օրթոպեդիկ հողաթափերի առավելությունները


Տնային օրթոպեդիկ կոշիկները գերազանց օգնություն են նրանց համար, ովքեր ունեն որոշ օրթոպեդիկ խնդիրներ և հոգ են տանում սեփական առողջության ու հարմարավետության մասին:

Ստորև ներկայացված են օրթոպեդիկ հողաթափերի հիմնական առավելությունները.

 

  • ծանրաբեռնվածությունը համաչափ բաշխում են ոտնաթաթի վրա և ապահովում վերջինիս ճիշտ դիրքը ոտքի կամարի հատուկ օրթոպեդիկ ներդիրի շնորհիվ,
  • կրունկը պահում են կայուն դիրքում՝ թույլ չտալով, որ այն շարժվի տարբեր ուղղություններով,
  • ունեն հատուկ ծածկույթ, որը կանխում է սայթաքումը,
  • երկարատև կրելու ժամանակ ապահովում են ոտնաթաթերի և սրունքի մկանների առավելագույն հարմարավետությունն ու թեթևությունը,
  • նվազեցնում են մշտական ծանրաբեռնվածությունը հոդերի վրա (դա հատկապես կարևոր է ավելորդ քաշով մարդկանց, տարեցների, հղիների համար),
  • հատուկ ծածկույթը ներծծում է քրտինքը: