Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Աղիքային անանցանելիություն բնածին

10 / 01 / 2022

Պայմանավորված է աղիքների և որովայնի խոռոչի այլ օրգանների զարգացման զանազան արատներով հիվանդություններով։

Բնածին աղիքային անանցանելիության դասակարգման հիմքում ընկած են նրա տեղակայումնու աղիքների պարունակության շարժման արգելքի արտահայտության; աստիճանը։ Հիվանդների մոտ բնածին աղիքային անանցանելիությունը` կախված աղիքներիպարունակության շարժման արգելքի արտահայտության աստիճանից, բաժանվում է 2 խմբի`

1. լրիվ
2. մասնակի

 

Ելնելով աղիքային անանցանելիության տեղակայումից, յուրաքանչյուր խմբում առանձնացվում են ևս 3 ենթախումբ`

1. բարձր աղիքային անանցանելիություն (ստամոքսաելք, տասներկումատնյա աղիք, բարակ աղիքների սկզբնական հատվածներ)
2. բարակ աղիքների անանցանելիություն
3. հաստ աղիքների անանցանելիություն (ցածր անանցանելիություն)

 

Բարձր աղիքային անանցանելիության պատճառը կարող են լինել աղիքային ուղու արատները, անանցքությունը (ատրեզիա), աղիքի պատի զարգացման արատները (մեգալոդուոդենում), աղիքների պտտման խանգարումները, որովայնի խոռոչի մյուս օրգանների զարգացման խանգարումները (անոթների տեղակայման անկանոնություններ, զարկերամեջընդերքային անանցանելիություն, օղականման ենթաստամոքսային գեղձ և այլն)։

Հիվանդ երեխաների բարձր աղիքային անանցանելիության առաջին նշանը, որպես կանոն, փսխումն է։ Այն նկատվում է երեխայի կյանքի առաջին իսկ օրը։ Փսխման զանգվածի առաջին բաժինները մեծ մասամբ կուլ տված շուրջպտղային ջրեր են։ Որոշ ժամանակ անց փսխումը կրկնվում է և փսխման զանգվածներում արդեն լեղու խառնուրդ է հայտնվում։

Հիվանդության սկզբնական շրջանում երեխայի ընդհանուր վիճակը քիչ է տուժում։ Եթե նորածնին զննում են այն ժամանակ, երբ նրա ստամոքսն ու տասներկումատնյա աղիքը լցված են պարունակությամբ, ապա նկատելի է վերորովայնային (էպիգաստրալ) շրջանի արտափքումը։ Որովայնի մնացած հատվածները ներս ընկած են լինում։ Այդ հատվածների պերկուսիայի ժամանակ բութ հնչյուն է լսվում։ Եթե երեխայի զննումը կատարում են փսխումից հետո, ապա նրա որովայնի ներքաշվածությունը նկատվում է բոլոր հատվածներում։ Բնածին ծագման բարձր աղիքային անանցանելիության դեպքում, ի տարբերություն առողջ եոեխաների, հիվանդների կղանքը կազմված է գորշանման գույնով մեկոնիալ գնդիկներից։ Լրիվ անանցանելիության դեպքում մեկոնիումում բացակայում են շուրջպտղային ջրերի հետ պտղի կուլ տված եղջերացած էպիթելի բջիջները (Ֆարբերի նմուշ)։ Նորածնի կյանքի առաջին օրվա վերջում և երկրորդ օրվա սկզբում նկատվող համառ փսխումը հիմք է տալիս մեծ հավանականությամբ ենթադրել բարձր աղիքային անանցանելիության առկայության մասին։ Ախտոոշումը ճշտելու համար ռենտգենաբանական հետազոտություն է կատարվում։

Բարակ աղիքների անանցանելիությանկլինիկական երևույթներն ի հայտ են գալիս համեմատաբար ուշ։ Հիվանդության առաջին ախտանիշը, ինչպես և բարձր աղիքային լրիվ անանցանելիության դեպքում, հանդիսանում է փսխումը։ Փսխման զանգվածները ստամոքսի պարունակության և լեղու խառնուրդներն են։ Երեխայի վիճակն աստիճանաբար վատանում է, էքսիկոզը՝ խորանում։ Զարգանում են թթվահիմնային և էլեկտրոլիտային հավասարակշռության արտահայտված խանգարումներ։ Երեխայի որովայնի վերին հատվածները փքված են, նկատվում է որովայնի առաջնային պատի երակային ցանցի լայնացում։ Հաճախ նկատվում են աղիքների լայնացած գալարների կծկումներ։ Կղանքը հազվադեպ է, օրվա մեջ 1-2 անգամ։

Հաստ աղիքների անանցանելիության համար հատկանշական է կլինիկական ախտանիշների ավելի դանդաղ զարգացումը։ Դեպքերի մեծ մասում առաջին ախտանիշը կղանքի բացակայությունն է և որովայնի աստիճանաբար աճող մեծացումը։ Հաստ աղիքի անանցանելիությամբ հիվանդներին մաքրող հոգնա նշանակելիս ներլցվող հեղուկը շատ արագ է արտազատվում։ Եթե առկա է Գիրշպրունգի հիվանդությունը, ապա ներլցվող հեղուկը, ընդհակառակն, կամ դժվարությամբ է արտազատվում կամ էլ ընդհանրապես դուրս չի գալիս։ Այդ հիվանդներին հոգնա դնելիս կարող են առատ կղանք և գազեր արտազատվել։ Որովայնը, որպես կանոն, փքված է։ Նկատվում է որովայնի առաջնային պատի երակների լայնացում։ Աչքով տեսանելի են աղիքների լայնացած գալարների կծկումները; Փսխումը սկսում է արտահայտվել երեխայի կյանքի առաջին շաբաթվա կեսին կամ վերջում։ Սկզբում փսխման զանգվածներում հայտնաբերվում է կաթ և ստամոքսի պարունակություն, հետագայում գումարվում է լեղու խառնուրդը, իսկ ավելի ուշ՝ աղիքների պարունակութլունը:

Ախտորոշումը ճշգրտվում է ռենտգենաբանական հետազոտությամբ, որի դեպքում լայնացած աղիքներում հայտնաբերվում են հեղուկի բազմաթիվ հորիզոնական մակարդակներ։ Ռենտգենաբանական հետազոտությունը պետք է կատարել միայն երեխայի ուղղահայաց դիրքում։

Միայն վիրահատական է։ Միջամտության արդյունավետությունը կախված է կատարման ժամկետներից, անանցանելիության ձևերից և ետվիրահատական շրջանում հիվանդի ընդհանուր վիճակից։