Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ջրի նշանակությունը

06 / 12 / 2021

Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ։ Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկը։

Մարդու օրգանիզմը 65%-ով բաղկացած է ջրից։ Օրգանիզմում ջուրը պարունակվում է ոչ միայն հեղուկ միջավայրում, այլ նաև հյուսվածքներում և օրգաններում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների։ Կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվան։ Այս ամենը բացատրվում է նրանով, որ ինչպես մարսողական, այնպես էլ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոխանակության պրոցեսները ընթանում են միայն ջրային միջավայրում։

Կենդանի բջջին ջուրն անհրաժեշտ է նրա կառուցվածքի և նորմալ ֆունկցիոնալ վիճակի պահպանման համար։

Ջուրը տարբերվում է օրգանիզմի կազմի մեջ մտնող բոլոր նյութերից նրանով, որ միայն ջրին է բնության կողմից հատկացված օրգանիզմի ներքին միջավայրի նոսրացման դերը։ Ինչպես նշել է Չերկինսկին "Ջրի նյութերի նոսրացման հատկությունը, մասնավորապես այն նյութերի, որոնք սննդանյութերի տեսքով ներմուծվում են օրգանիզմ, առաջացնելով հասարակ և կոլլոիդալ լուծույթներ, հանդիսանում է օրգանիզմի բոլոր կենսական պրոցեսների հիմնական նախադրյալը":

Ջուրը ունիվերսալ լուծիչ է, հանդիսանում է քիմիական ռեակցիաների միջավայր։ Ներմուծվելով օրգանիզմ, ջուրը մեծացնում է նյութերի միջմոլեկուլյար հեռավորությունները, նվազեցնում է մոլեկուլների և իոնների միջև փոխադարձ ձգողական ուժը, որի հետևանքով դրանք ունակ են դառնում մասնակցելու նյութափոխանակության պրոցեսում։ Միայն ջրային միջավայրում է, որ կենսաբանական սուբստրատը կարող է դրսևորել կյանքի հատկանիշներ։

Այսպիսով, օրգանիզմ ջրի ներմուծումը պետք է դիտել, ոչ թե որպես նրա պարունակության ավելացում, այլ որպես այլ նյութերի կոնցենտրացիաների (խտությունների) նոսրացում, ինչը դարձնում է դրանց ռեակտիվունակ: Ծարավի առաջացումն ու հագեցումը կարգավորվում են հումորալ և ռեֆլեկտոր մեխանիզմներով։ Օրգանիզմում ջրի քանակության նվազումը և հետևապես աղերի կոնցենտրացիաների բարձրացումը առաջացնում են ծարավ, ինչը մեծացնում է ջուր խմելու պահանջը, իսկ ջրի ընդունումն արագորեն հագեցնում է ծարավի զգացումը։ Հետևապես, ծարավի առաջացումը հիմնականում պայմանավորված է հումորալ գործոնով, իսկ ծարավի հագեցումն իրականացվում է ռեֆլեկտոր մեխանիզմով։

Պետք է նշել, որ բնության մեջ քիմիական առումով մաքուր ջուր գոյություն չունի։ Բնական ջրերում միշտ առկա են գազեր (թթվածին, ածխաթթու գազ), աղեր, իսկ որոշակի պայմաններում, օրինակ մակերեսային ջրերում նաև կախված նյութեր, ինչպես նաև չլուծվող նյութեր։

Խմելու ջրի ցուցանիշների նորմավորումն ունի մեծ հիգիենիկ նշանակություն և հանդիսանում է առողջապահության կարևոր պրոֆիլակտիկ միջոցառումներից մեկը։

Խմելու ջրի ցուցանիշների հիգիենիկ նորմավորումն անցել է զարգացման տարբեր փուլեր։ Սկզբնական շրջանում առաջարկված նորմերը վերաբերվում էին միայն օրգանոլեպտիկ հատկություններին, այսինքն պահանջվում էր, որ խմելու ջուրը լինի թափանցիկ, անգույն, կողմնակի համ և հոտ չունենա։ Հաջորդ փուլը կապված էր ջրի քիմիական կազմի նորմավորման հետ և ընդգրկում էր ջրի ընդհանուր միներալիզացիայի, կոշտության, քլորիդների, սուլֆատների սահմանային կոնցենտրացիաները։ Ջրի օրգանական աղտոտման հետ կապված սկսեցին հետազոտվել միներալիզացիայի և նիտրիֆիկացիայի հետևանքով առաջացած նյութերի պարունակությունը ազոտ ամոնյակայինը, նիտրիտները, նիտրատները։

Մյուս էտապը բնութագրվեց գլխավորապես բակտերոլոգիական հետազոտություններով։ Հետագայում, ելնելով մարդու օրգանիզմի վրա արտաքին միջավայրի քիմիական գործոնների ազդեցության ուսումնասիրության նոր գիտական տվյալներից, առաջացավ ստանդարտները վերանայելու և ընդլայնելու անհրաժեշտություն, որի ժամանակ ստանդարտի մեջ ընդգրկվեցին ջրի քիմիական կազմի որոշ ցուցանիշներ կապարը, մկնդեղը, ցինկը, պղինձը, ֆտորը և այլն։

"Խմելու ջուր" ստանդարտը իր վերջնական տեսքով ընդունվեց և հաստատվեց 1982թ և մինչև այժմ էլ գործում է նաև մեր հանրապետությունում "Խմելու ջրին ներկայացվող հիգիենիկ պահանջներ և որակի հսկողություն" փաստաթղթի տեսքով։

Պետք է նշել, որ ստանդարտի հիմքում դրված են խմելու ջրի որակական ցուցանիշների հիմնավորման հետևյալ երեք հիմնական պահանջները։

1. խմելու ջուրը պետք է ունենա բարենպաստ օրգանոլեպտիկ հատկություններ

2. այն պետք է լինի անվնաս իր քիմիական կազմով

3. այն պետք է լինի անվտանգ համաճարակաբանական տեսակետից։ Նշված սկզբունքներն ունեն կարևոր ֆիզիոլոգիական և հիգիենիկ հիմնավորում, ջուրն իր ֆիզիկա-քիմիական հատկություններով օրգանիզմի վրա պետք է ներգործի բարենպաստ, պետք է օժտված լինի բարորակ օրգանոլեպտիկ, զովացնող և ծարավը հագեցնող հատկություններով; պետք է պիտանի լինի իր քիմիական կազմով և օրգանիզմի վրա տոքսիկոլոգիական ազդեցություն չունենա; ջուրը էպիդ. առումով պետք է լինի անվտանգ, այսինքն չպարունակի ախտածին միաբջիջներ, բակտերիաներվիրուսներ, հելմինտների ձվիկներ։

Ջրի ֆիզիկաօրգանոլեպտիկ ցուցանիշներն են ջրի համը, հոտը, գունավորումը, պղտորությունը (կամ թափանցիկությունը) և ջերմաստիճանը։

Ջրի հոտն ու համը - այս ցուցանիշների գնահատականն արտահայտվում է բալերով։ Անհոտ և առանց կողմնակի համ ունեցող է այն ջուրը, որի հոտն ու կողմնակի համը 20°C և մինչև 60°C-ի տաքացման դեպքում չի գերազանցում 2 բալից։

Պետք է նշել, որ ջրի հոտն ու կողմնակի համը գնահատվում են 5 բալանոց համակարգով։ Ի դեպ, 0 բալի դեպքում - ջրի հոտն ու համը բացակայում են, 1 բալի դեպքում շատ թույլ է, չի ընկալվում սպառողի կողմից, սակայն որոշվում է հետազոտվողի կողմից, 2 բալի դեպքում - թուլ է և սպառողի ուշադրությունը չի գրավում, բայց այնպիսինէ, որ զգացվում է զգուշացնելուց հետո; 3 բալի դեպքում -նկատելի է և առիթ է տալիս ջրի նկատմամբ անվստահության; 4 բալի դեպքում պարզորոշ է, որ ջուրը պիտանի չէ խմելու համար; 5 բալի դեպքում - այն շատ ուժեղ է։

Գունավորումը - դա ջրի բնական հատկությունն է, որը պայմանավորված է հումինային նյութերի առկայությամբ, որոնք հաղորդում են ջրին բաց դեղնավունից մինչև շագանակագույն երանգավորում։ Հումինային նյութերն առաջանում են հողում օրգանական միացությունների քայքայման հետևանքով, որտեղից դուրս գալով, անցնում են ջրամբարներ։ Այդ իսկ պատճառով գունավորումը բնորոշ է բաց ջրամբարների ջրերին, որը կտրուկ կարող է ավելանալ հալոցքային ժամանակաշրջանում։

Պետք է նշել, որ հիգիենիկ ծառայությունների համաձայնությամբ հալոցքային ժամանակաշրջանում խմելու և տնտեսական նպատակներով օգտագործվող ջրերի գունավորումը թույլատրվում է մինչև 35°:

Թափանցիկությունը կամ պղտորությունը - դա ջրի բնական հատկությունն է, որը պայմանավորված է միներալային կամ օրգանական ծագում ունեցող կախված նյութերի պարունակությամբ։ Ջուրը համարվում է թափանցիկ, եթե նրա 30 սմ հաստության շերտի միջով հստակ կարդացվում է Անելենի շրիֆտը։ Նման թափանցիկությամբ պետք է օժտված լինի ջրմուղի ջուրը։

Ինչպես տեսնում եք, "Խմելու ջուր" պետստանդարտում նշված է ոչ թե թափանցիկության, այլ պղտորության ցուցանիշը։ Դա բացատրվում է նրանով, որ պղտորության ցուցանիշն ավելի ճշգրիտ և օբյեկտիվ ցուցանիշ է, քանզի պատկերացում է տալիս ջրի միավոր ծավալում (1 լիտր) կախված նյութերի կոնցենտրացիայի մասին։

Խմելու ջրի պղտորությունը չպետք է գերազանցի 1.5 մգ/լ-ից, (ի դեպ, պետք է նշել, որ նշված արժեքը համապատասխանում է 30 սմ ոչ պակաս թափանցիկությամբ)։ Սան օրգանների համաձայնությամբ` հալոցքային ժամանակաշրջանում թույլատրվում է ջրի պղտորության բարձրացումը մինչև 2.0 մգ/լ, բայց ոչ ավելի։

Անհրաժեշտ է նշել, որ պղտորությունը հանդիսանում է կարևոր ցուցանիշ, քանզի այն ունի երկկողմանի նշանակություն մի կողմից այն հանդես է գալիս որպես օրգանոլեպտիկ ցուցանիշ, մյուս կողմից նշեցինք, որ պղտորությունը պայմանավորված է ջրում կախված մասնիկներով, որոնց վրա աղսորբցվում են բակտերիաներ և վիրուսներ, որոնք վերանում են ջրի պղտորության վերացմանը զուգընթաց (էքսպերիմենտալ պայմաններում մինչև 99.9%, իսկ գործնականում 90– 95%):

Չնայած որ "Խմելու ջուր" պետ. ստանդարտում չի նշվում ջրի ջերմաստիճանի նորմատիվային արժեքը այնուհանդերձ մի երկու խոսքով կանգ առնենք նաև այդ ցուցանիշի վրա։

Պետք է նշել, որ 8-15 C ջերմաստիճանի դեպքում ջուրն օժտված է առավել լավ զովացնող և ծարավը հագեցնող հատկություններով։ Ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ (25 °C–ից բարձր) այդ հատկությունները վատանում են։ Ի դեպ 25-35 C դեպքում ջուրը բավականին անդուր է և առաջացնում է սրտխառնոց; Ըստ միջազգային ստանդարտի խմելու ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 25°C–ը։