Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ասթման հղիների մոտ

15 / 01 / 2022

Ժամանակակից բոլոր ուղեցույցները խորհուրդ են տալիս, որ եթե դուք հղի եք և ունեք ասթմա, ապա հղիության ընթացքում պետք է շարունակել ասթմայի դեղորայքային բուժումը։

Սակայն, եթե ձեր դեղերի մեջ կան ստերոիդ դեղեր (հաբեր կամ օշարակ, ոչ «փչիկներ»), ապա զրուցեք ձեր բժշկի հետ և մեկ անգամ ևս համոզվեք, որ այդ դեղերի ընդունումը ձեր հղիության համար վտանգ չի ներկայացնում։

Ասթմայի դեղերի մեծ մասը մոր և աճող երեխայի համար անվտանգ է։ Դրանք թույլ են տալիս, որ հղիության ընթացքում ասթմայի ախտանիշները հսկողությունից դուրս չմնան։ Հակառակ պարագայում ասթման կարող է վնաս պատճառել ձեր երեխային։ Ընդհանուր առմամբ, չվերահսկվող ասթման ավելի մեծ վտանգ է ներկայացնում ձեր հղիությանը, քան ասթմայի դեղերից որևէ մեկը։

Այսպիսով, երբեք առանց ձեր բժշկի հետ խորհրդակցելու մի՛ դադարեցրեք ձեր ասթմայի դեղերի ընդունումը։ Խոսքն ինչպես կանխարգելիչ («պրեվենտեր»), այնպես էլ ախտանիշները մեղմացնող («ռիլիվեր») միջոցների մասին է։

Որոշ կանայք հղիության ընթացքում կարող են զգալ ախտանիշների մեղմացում, հավանաբար, կապված արյան մեջ կորտիզոլ հորմոնի մակարդակի՝ հղիության հետ կապված քիչ բարձրացման հետ։ Բոլոր դեպքերում, եթե հղության ժամանակ ցանկանում եք որևէ դեղ ընդունել կամ դադարեցնել ձեզ նշանակված դեղի ընդունումը, կայացրեք ձեր որոշումը միայն ձեր բժշկի հետ զրուցելուց հետո։

Ազդեցությունը հղիության վրա

Հղիության ժամանակ բազմաթիվ կանանց մոտ կարող են ի հայտ գալ օդի պակասի զգացում և հևոց, որը ոչ թե ասթմայի, այլ հղիությանն ուղեկցող հորմոնային տեղաշարժերի արդյունք է։ Հղիության ավելի ուշ փուլերում հևոցը կարող է պատճառվել նաև մեծացող և ստոծանու շարժունակությունը սահմանափակող արգանդով։ Սա բազմաթիվ հղի կանանց և անգամ ասթմա ունեցողների համար նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է։

Շատ անհավանական է, որ հղիությունը դառնա ասթմայի պատճառ, եթե դուք մինչև հղիանալն ասթմա չեք ունեցել։ Սակայն այն, թե ինչպիսի ազդեցություն կունենա հղիությունը ասթմայի վրա, նախապես դժվար կամ անհնար է կանխատեսելը։ Ասթմայով կանանց շուրջ 1/3-ը հղիության ընթացքում նշում է ախտանիշների որոշակի բարելավում, 1/3-ը՝ վատացում և մնացած 1/3-ը՝ որևէ փոփոխության բացակայություն։

Հղիության առողջ ընթացքն ապահովելու լավագույն ուղին համոզվելն է, որ ինչպես ձեր հղիությունը, այնպես էլ ասթման պատշաճ վերահսվում են։Հղությունը հաստատվելուց հետո անպայման հանդիպեք բժշկին, որ երկուսով որոշեք, թե ինչպես ճիշտ կառավարել ձեր ասթման։

Ծանր ասթմայով որոշ կանանց մոտ կարող է զարգանալ բարձր արյան ճնշում, իսկ եթե հղի են՝ պրեէկլամպսիա։ Չվերահսկվող ասթման կարող է հանգեցնել նաև վաղաժամ ծննդաբերության և անհաս (ցածր քաշով) երեխայի ծննդի։

Ասթմայի վարումը հղիության ընթացքում

Եթե դուք ունեք ասթմա, ապա բժշկի հետ միասին պետք է կազմեք ձեր հիվանդության հսկողության պլանը, որի հիքում ասթմայի պատշաճ բուժումն է և ախտանիշների վերահսկումը։ Օրինակ, եթե դուք ունեք հազ կամ ընդհանուր մրսածություն, ասթմայի նշանները կարող են սրանալ և կարիք առաջանալ բարձրացնելու ձեր «պրեվենտեր» դեղի (ինհալացվող ստերոիդներ) դեղաչափը կամ գուցե բժիշկը նշանակի ձեզ անծանոթ դեղ, որը դուք երբևէ չեք ընդունել։

Եթե հղիության ընթացքում դուք կարողանում եք շարունակել ֆիզիկական ակտիվ կյանք վարելը (օրինակ՝ վարժանքներ կատարել) կամ աշխատավայր այցելելը, կան որոշ քայլեր, որոնք կարող եք փորձել՝ կանխարգելելու հղիության ընթացքում ասթմայի սրացումը։ Օրինակներից են՝

  • մերժեք ծխախոտը (զրուցեք ձեր բժշկի հետ, թե ինչպես դադարեցնել ծխելը հղիության ընթացքում)
  • խուսափեք ալերգիայի դրդապատճառներից («տրիգերներ»), օրինակ՝ կատվի կամ այլ տանը պահվող այլ կենդանիների մորթուց
  • հսկեք ձեզ մոտ առկա ալերգիկ ռինիտը (հարբուխ) հակահիստամինային դեղերով՝ նախապես ձեր բժշկից ճշտելով հղիության ժամանակ ամենաանվտանգ դեղը
  • խուսափեք սովորական ալերգիկ ռինիտի դրդապատճառներից («տրիգերներ»)։

Հղիության ընթացքում ասթմայի սրացումը կարող է ի հայտ գալ հետևյալ նշաններով՝

Հղիությունը որոշ դեպքերում ուղեկցվում է նաև թթվային ռեֆլյուքսով, երբ ստամոքսի թթվային պարունակությունը հոսում է վերև՝ դեպի կերակրափող (որկոր)։ Ռեֆլյուքսը կարող է սրացնել ասթմայի նշանները, ուստի դիմեք ձեր բժշկին, եթե ունեք հաճախակի կրկնվող այրոցք (изжога)։

Ծննդաբերություն

Հղիության ընթացքում ասթմայի դեղեր ընդունելը չի հետաձգում կամ երկարացնում ծննդաբերության ժամկետը։ Զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչպես կարող է ասթման ազդել ծննդաբերության գործընթացի վրա և արդյոք դուք մինչև ծննդաբերելը պետք է որևէ միջոցառում ձեռնարկեք։ Նույնը վերաբերվում է ծննդաբերական ցավերը մեղմացնելուն։

Կրծքով կերակրում

Ասթմայի դեղերը սովորաբար չեն թափանցում կրծքի կաթի մեջ, իսկ դրանց չափազանց փոքր քանակները չեն վնասում ձեր երեխային։ Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե երեխային կրծքով կերակրելու հետ կապված ունեք անհանգստանալու որևէ առիթ։

Կարո՞ղ է ասթման «փոխանցվել» նաև իմ երեխային

Ասթմայի պատճառները դեռևս մնում են ոչ լիարժեք բացահայտված, սակայն հայտնի է, որ այն ունի ժառանգական բնույթ և հիվանդության զարգացման ռիսկը բարձրանում է, եթե ձեր ընտանիքի անդամներից մեկնումեկի մոտ այն ախտորոշվել է։ Նույն կերպ, ասթմայի ռիսկը կարող է ժառանգել նաև ձեր երեխան։

Ձեր երեխայի մոտ ասթմայի առաջացման ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում պաշտպանել նրան ծխախոտի ծխից՝ ինչպես ձեր հղիության ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ Բժիշկները խորհուրդ են տալիս նաև շարունակել ձեր նորածին բալիկին կրծքով կերակրումն առնվազն նրա առաջին 6 ամիսների ընթացքում, որը կարող է նվազեցնել նրա մոտ ալերգիայի և ասթմայի առաջացման ռիսկը։