Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Թերվիտամինություն (հիպովիտամինոզ)

20 / 12 / 2021

Վիտամինային անբավարարությունը օրգանիզմի հիվանդագին վիճակ է, որն առաջանում է սննդում վիտամինների անբավարարության, դրանց յուրացման խանգարման կամ օրգանիզմում սինթեզի ընկճման հետևանքով: Առավել հաճախ վիտամինային անբավարարության առաջացման պատճառ է հանդիսանումսննդի մեջ վիտամինների ցածր պարունակությունը` հատկապես զտած, չորացրած և պահածոյացված մթերքներով սնվելիս, երբ սննդում շատ են ածխաջրային բաղադրիչները, անբավարար` կենդանական ծագման սպիտակուցներն ու ճարպերը, և բացակայում են թարմ մրգերն ու բանջարեղենը: Կարևոր է նաև սննդամթերքի ու դրա խոհարարական մշակման կանոնների պահպանումը, որոնց խախտման հետևանքով վիտամինները քայքայվում են: Օրինակ` նիկոտինաթթվով աղքատ որոշ հատիկային մթերքով շարունակական սնման դեպքում առաջանում է պելագրա (քրոնիկական), իսկ թեփազուրկ բրնձով կամ մանր աղացած ցորենի ալյուրով սնվելիս` բերի-բերի հիվանդությունները: Ավելի հազվադեպ վիտամինային անբավարարությունը կապված է որոշ հիվանդությունների հետ, որոնց դեպքում խանգարվում է վիտամինների ներծծումը, կամ դրանք մեծ արագությամբ քայքայվում են ստամոքսաղիքային համակարգում, ինչպես նաև ընկճվում է դրանց սինթեզումը աղիքային մանրէներով (օրինակ` ստամոքսի, բարակ և հաստ աղիքների), որոշ մակաբուծական հիվանդությունների (ճիճվային հիվանդություններլամբլիոզ) հարուցիչներով: Օրգանիզմում վիտամինների քայքայումն ուժեղանում, իսկ սինթեզումն ընկճվում է նաև որոշ հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ և մի քանի այլ դեղանյութեր երկարատև օգտագործելիս (երբ դրանք կիրառվում են առանց բժշկի նշանակման):
Վիտամինային անբավարարություն կարող են առաջացնել նաև վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջը մեծացնող գործոնները: Օրինակ` այն կարող է առաջանալ ֆիզիկական և մտավոր զգալի բեռնվածության, նյարդահուզական լարվածության, օդի ցածր կամ բարձր ջերմաստիճանի ազդեցության, թթվածնաքաղցի դեպքերում, հղիության և երեխայի կերակրման շրջաններում (նույնիսկ եթե օրգանիզմ են մտնում բավարար քանակությամբ վիտամիններ): Վիտամինային անբավարարությունն առաջանում է աստիճանաբար, իսկ կլինիկական դրսևորումները (եթե նույնիսկ վիտամինների ծախսը գերազանցում է սննդի հետ դրանց ստացմանը) առաջանում են ոչ անմիջապես: Դա պայմանավորված է նրանով, որ լիարժեք սնուցման դեպքում օրգանիզմում կուտակվում են վիտամինների առավել մեծ պաշարներ (օրինակ ռետինոլը կուտակվում է զգալի քանակությամբ, որը բավարարում է 2-3 տարի): Վիտամինների պաշարի նվազումից հետո սկսում են գործել փոխանակային բնույթի փոխհատուցողական մեխանիզմները: Փոխհատուցումն աստիճանաբար դառնում է անբավարար, խանգարվում է նյութափոխանակությունը, առաջանում են առանձնահատուկ հիվանդագին գործընթացներ` որոշակի կլինիկական դրսևորումներով, որոնց արտահայտվածությունը պայմանավորված է այս կամ այն վիտամինների անբավարարության աստիճանով:
Մասնակի վիտամինային անբավարարությունը կոչվում է թերվիտամինություն: Եթե միջոցներ ձեռք չառնվեն այն վերացնելու համար, ապա կարող է առաջանալ վիտամիանային լրիվ անբավարարություն կամ անվիտամինություն (վիտամինաքաղց):
Թերվիտամինությունը բնորոշվում է հիվանդության թույլ արտահայտված ախտանշաններով` հատկապես սկզբնական փուլերում: Հաճախ փոխվում են հիվանդի սոսկ ընդհանուր վիճակը, նկատվում են թուլություն, հոգնելիություն, դյուրագրգռություն, քնի խանգարում աշխատունակության անկում, ախորժակի կորուստ և այլն: Նշված ախտանշանները դիտվում են նաև այլ հիվանդությունների դեպքերում, ուստի անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի` վիտամինների պարունակությունն օրգանիզմում ստուգելու նպատակով: Անվիտամինությունն ունի հատուկ կլինիկական դրսևորումներ` խիստ առանձնահատուկ ախտանշաններով:

Կանխարգելումը
Վիտամինային անբավարարության կանխարգելումը ենթադրում է վիտամինների, դրանց պատրաստուկների և վիտամիանային խտանյութերի օգտագործում, որոնք բժիշկների նշանակմամբ կարելի է ձեռք բերել դեղատներից: Սննդի արդյունաբերության ձեռնարկություններում կատարվում է որոշ սննդամթերքների վիտամինացում, օրինակ` այլուրը հարստացվում է թիամինով, ռիբոֆլավինով և նիկոտինաթթվով, կաթը և շաքարը` ասկորբինաթթվով, մարգարինը` ռետինոլով:
Տնային պայմաններում վիտամինային անբավարարության կանխարգելմանը նպաստում է բազմազան սնունդը, որն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ վիտամիններով, ինչպես նաև սննդանյութերի պահպանման և դրանց խոհարարական մշակման կանոնների ճիշտ կատարումը:
Պետք է իմանալ նաև, որ վիտամիններն ունեն ուժեղ կենսաբանական ազդեցություն և առանց բժշկի նշանակման դրանց օգտագործումը կարող է վնասել: