Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ծերությունը և դեղերը

17 / 12 / 2021

Դեղատան հաճախորդների մեջ հավանաբար քիչ չեն տարեցները։ Նրանց մեծ մասը դժվարանում է անգամ բժշկի մոտ հասնել, այդ պատճառով էլ նրանք անմիջապես գալիս են դեղատուն եվ դեղաբանին խնդրում բուժում նշանակել։ «Տարիքով» մարդուն որևիցե դեղամիջոց խորհուրդ տալուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նման մարդկանց առողջությունը առանձնապես հոգատար մոտեցման կարիք ունի։ Հաճախ, ծերացած օրգանիզմի վրա անգամ ծանոթ դեղամիջոցի ազդեցությունը կարող է լինել անկանխատեսելի։Ի. Վ. Դավիդովսկի
 
Տարեցներն «առանձնահատուկ կերպով» են հիվանդանում

Քաղաքակրթության ձեռքբերումների շնորհիվ մարդիկ սկսել են ավելի երկար ապրել։ Դա հատկապես նկատելի է զարգացած երկրներում, որտեղ ծնելիության նվազումը, բժշկական ծառայությունների մակարդակի բարձրացումը և մասշտաբային աղետների բացակայությունը նպաստում են բնակչության միջին տարիքի բարձրացմանը։ Դեմոգրաֆների կանխատեսումների համաձայն` շուտով տարեց մարդիկ կկազմեն երկրագնդի բնակչության 1/3 մասը։ Զարմանալի չէ, որ հերոնտոլոգիան (ծերունաբանությունը), որը հետազոտում է ծերանալու մեխանիզմներն ու դրանց կասեցման հնարավորությունները, ձեռք է բերում ավելի մեծ նշանակություն։
Կյանքը երկարացնելու մեթոդների մշակումը հերոնտոլոգիայի խնդիրներից մեկն է, ընդ որում, անհրաժեշտ է երկարացնել առողջ և լիարժեք կյանքը, այսինքն` բարելավել կյանքի որակը։ Այդ գործընթացում ոչ պակաս դեր է խաղում նաև դեղամիջոցների ռացիոնալ օգտագործումը։
Տարեց հիվանդների բուժման առանձնահատկություններն ուսումնասիրում է հերիաթրիան` հերոնտոլոգիայի ենթաբաժիններից մեկը։ Ներկայումս ընդունված է առանձնացնել մի խումբ հիվանդություններ, որոնց զարգացումը կապված է ծերացման հետ։ Այդ խմբին են պատկանում աթերոսկլերոզըկարդիոսկլերոզըզարկերակային գերճնշումը, նյարդային համակարգի անոթային և դեգեներատիվ հիվանդություններըթոքերի քրոնիկ ոչ սպեցիֆիկ հիվանդությունները, օսթեոխոնդրոզն ու դեֆորմացնող օսթեոարթրոզը, տեսողական և լսողական օրգանների հիվանդությունները։ 60 տարեկանից բարձր տարիքի հիվանդների մոտ ախտորոշվող հիվանդությունների քանակը ուղիղ համեմատական է կյանքի տևողությանը։ 65 տարեկան կանանց մոտ, որպես կանոն, հայտնաբերվում է մինչև 4, իսկ տղամարդկանց մոտ` մինչև 5 հիվանդություն։ Տարիների հետ այս ցուցանիշը աճում է։ Հիվանդացության կառուցվածքը փոփոխվում է սուր հիվանդությունների նվազման և քրոնիկ հիվանդությունների ավելացման հաշվին, որոնց ընթացքը բնութագրվում է հիվանդության ոչ տիպիկ ընթացքով, հիվանդի թուլությամբ, կլինիկական դրսևորումների համահարթեցմամբ։ Տարեց և ծեր մարդկանց օրգանիզմի կոմպենսացնող հնարավորությունները թուլացած են, ինչը թույլ չի տալիս լիարժեք ապահովել հարմարողականությունը (ադապտացիան)։ Դրա հետ կապված` ինչպես ախտորոշումը, այնպես էլ «տարիքով» հիվանդների բուժումը համեմատած երիտասարդների հետ պահանջում են սկզբունքորեն այլ մոտեցում։
 
Ֆարմակոդինամիկայի առանձնահատկությունները
Անհրաժեշտ է նշել, որ տարեց հիվանդների ֆարմակոդինամիկան ունի իր առանձնահատկությունը։ Այս կապակցությամբ նպատակահարմար է ուշադրություն դարձնել հետևյալին։
- Դեղամիջոցների ներծծումը զգալիորեն նվազում է մարսողական համակարգի կառուցվածքաֆունկցիոնալ փոփոխությունների հետևանքով։ Համապատասխանաբար թե՛ հաբերի և թե՛ միջմկանային ներարկման ձևով դեղորայքի ընդունումը (դրանց ներծծման դանդաղեցման պատճառով), իրականացվում է ավելի դանդաղ և քիչ քանակությամբ, քան երիտասարդների մոտ։
- Տարիքի հետ թուլանում են երիկամների, մաշկի, լյարդի էքսկրետորային ֆունկցիաները, նյութափոխանակության գործընթացի ինտենսիվությունը, որի պատճառով դեղորայքը զգալիորեն դանդաղ է դուրս բերվում օրգանիզմից։ Ավելի երկարատև շրջանառությունը լյարդի թուլացած դեզինտոքսիկացիոն ֆունկցիայի զուգակցությամբ հանգեցնում է ներմուծված դեղամիջոցների և դրանց տարրալուծման դանդաղեցման հետ պայմանավորված խնդիրների։ Այսպիսով` աճում է դեղորայքային ինտոքսիկացիայի առաջացման ռիսկը։
- Անոթային պատը և բջջային թաղանթները տարիների հետ նույնպես ենթարկվում են ձևափոխությունների։ Արդյունքում, անոթահյուսվածքային թաղանթով դիֆուզիայի դանդաղեցումը պայմանավորված է սպիտակուցների և լիպոպրոթեիդների ֆրակցիաներում տեղ գտած փոփոխություններով։ Դրա հետևանքով ադսորբցիան, դեղամիջոցների բաշխումն ու արտաթորումը դառնում են անհավասարաչափ։
- Ավագ տարիքային խմբի հիվանդների մոտ ֆերմենտային համակարգի ակտիվությունը թուլացած է։ Դա նպաստում է դեղամիջոցների ազդեցության ուղղորդվածության փոփոխությանը, կիսատարրալուծված նյութերի կուտակմանը։
- Ինվոլյուտիվ գործընթացի և ատրոֆիայի հետևանքով պարենխիմայի` շարակցական հյուսվածքով աստիճանաբար փոխարինման հետ կապված, օրգանների ռեակտիվությունը դեղամիջոցների ազդեցության հանդեպ իջնում է։
 
Զգուշացե՛ք տարիքից
Հերիաթրիկ ֆարմակոթերապիայի հիմնական սկըզբունքն է. տարեց և ծերունական տարիքի հիվանդների համար դեղորայքի ընդունման ընտրությունը կատարել ավելի զգույշ, քան երիտասարդների համար։ Նախապատվությունը պետք է տալ ոչ դեղորայքային միջոցներին։ Իսկ եթե, այնուամենայնիվ, հնարավոր չէ խուսափել դեղամիջոցների ընդունումից, ապա անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների։
 
Պոլիպրագմազիան բացակայում է
Արդեն նշվել է այն մասին, որ 60 տարեկանից բարձր հիվանդների մոտ ախտորոշում են միջինում 4 քրոնիկ հիվանդություն։ Դրանց բոլորի վրա միաժամանակ ազդելու համար անհրաժեշտ կլինի միջոցների հսկայական տեսականի։ Չնայած դրան` խորհուրդ է տրվում սահմանափակվել որքան հնարավոր է քիչ քանակության դեղամիջոցների նշանակումներով, որոնց ազդեցությունը ուղղված է հիմնական պաթոլոգիայի բուժմանը։ Պոլիպրագմազիան խիստ անցանկալի է։
 
Ընդունել մեծ քանակությամբ հեղուկ
Ծերունական տարիքի հիվանդների մոտ դեղամիջոցների երկրորդային ազդեցության ռիսկն ավելի բարձր է, քան երիտասարդների մոտ։ Նրանց մոտ անգամ աննշան դեղորայքային թունավորումներն ավելի հաճախ են ի հայտ գալիս, ավելի ծանր ընթացք են ունենում և կարող են հանգեցնել լուրջ հետևանքների։ Այդ պատճառով բուժման ընթացքում անհրաժեշտ է հետևել ընդունվող սննդի և հեղուկի քանակին, ընդ որում վերջինիս անհրաժեշտ քանակությամբ օգտագործումը և դրան համապատասխան դուրս եկող մեզի ծավալը ծերունական տարիքի հիվանդների մոտ դեղամիջոցներ ընդունելու պարտադիր պայմանն է։
 
Դեղաչափը հասցնել մինչև նվազագույնը

Անհատական դեղաչափի ընտրությունը ծեր հիվանդների բուժման գլխավոր սկզբունքն է։ Հաճախ բուժման սկզբնական շրջանում դեղաչափերը դիտավորյալ նվազեցնում են, իսկ այնուհետև աստիճանաբար ավելացնում։ Այս «խորամանկ քայլը» թույլ է տալիս որոշել դեղորայքի հանդեպ օրգանիզմի տանելիությունը (երկրորդային և կողմնակի ազդեցության զարգացումը)։ Հասնելով ցանկալի ազդեցությանը` դեղաչափը կրկին իջեցնում են մինչև «օժանդակող» սահմանը, որը, որպես կանոն, ավելի ցածր է, քան աշխատունակ մարդկանց բուժման ժամանակ։ Այս սկզբունքը հիմնականում կիրառում են երկարատև ընդունման դեղամիջոցների նշանակման ժամանակ։ Ամենից առաջ վերջիններիս թվին են պատկանում հիպոտենզիվ, սեդատիվ դեղամիջոցները, հոգեմետները, քնաբերները, սրտային գլիկոզիդները և նարկոտիկ անալգետիկները։
 
Դեղամիջոցների փոխարինում
Հաճախակի թվարկված դեղամիջոցների երկարատև ընդունման անհրաժեշտությունը դառնում է դրանց հանդեպ կախվածության նախապայման, պահանջում է դեղաչափերի ավելացում և, որպես հետևանք, հանգեցնում է դեղորայքային ինտոքսիկացիայի առաջացմանը։ Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար փոխարինել մի տեսակի դեղամիջոցները մյուսներով (նմանօրինակ ազդեցությամբ) կամ բուժման ընթացքում դադարներ տալ։ Նաև ցուցված է ցածր դեղաչափերով մի քանի դեղամիջոցների նշանակումը, որոնք ազդում են հիվանդության միևնույն պատճառի վրա, սակայն ունեն ազդեցության տարբեր մեխանիզմներ։ Օրինակ կարող է ծառայել տարբեր հիպոտենզիվ միջոցների զուգակցվող ընդունումը։
 
Հակաբիոտիկները` հատուկ դեպք
Բուժման սխեմաները` հակաբիոտիկների և այլ հակամանրէային միջոցների կիրառմամբ, ընդհանուր են բոլոր տարեց հիվանդների համար։
Հնարավոր է ալերգիկ հակազդեցություն
Ծերունական տարիքի մարդկանց մոտ դեղամիջոցների հանդեպ ալերգիկ հակազդեցությունները կարող են վկայել որոշակի դեղամիջոցների հանդեպ զգայունության ձեռքբերման մասին։
Հատուկ ուշադրություն հերիաթրիայում օգտագործվող միջոցներին
Վերջին ժամանակներում հատուկ ուշադրություն են հատկացնում այսպես կոչված տարբեր ֆարմակոթերապևտիկ խմբերի հերիաթրիկ դեղամիջոցներին, որոնց ազդեցությունն ուղղված է բնական մետաբոլիզմի (նյութափոխանակություն) պահպանմանը։ Հանդիսանալով նյութափոխանակության գործընթացի բաղադրիչներ` դրանք օրգանիզմի վրա խթանիչ ազդեցություն են գործում։ Այսպիսի դեղամիջոցների լայն կիրառումը պայմանավորվում է նվազագույն երկրորդային երևույթների ժամանակ դրանց արտահայտված կլինիկական ազդեցություններով։ Այս դեղամիջոցներն օգտագործում են որպես հիմնական թերապիային լրացում, ինչպես նաև որպես կանխարգելիչ միջոցներ։ Այդժամ նմանատիպ դեղամիջոցների գրագետ օգտագործման դեպքում կարելի է հասնել լավ արդյունքների։ Այդպիսի միջոցներին են պատկանում վիտամինները, միկրոէլեմենտները, ադապտոգեները, մայրական կաթին փոխարինող մանկական սնունդը, բիոխթանիչները, կենսաբանորեն ակտիվ լրացումները և այլն։
 
Երբ գալիս է ծերությունը
Համաձայն հերոնտոլոգիայում ընդունված պատկերացումների` միջին տարիքի ավարտի և ծերության սկզբի սահման է համարվում 60 տարեկանը։ Այս սահմանն անցածներին գործնականորեն ստորաբաժանում են տարեց (61-ից մինչև 75 տարեկան), ծերունական տարիքի (76-ից մինչև 90 տարեկան) և երկարակյացների (90 տարեկան և ավելի) մարդկանց:
 
Ամփոփման կարգով
Վերը շարադրվածները հերոնտոլոգիայի զուտ տեսական հիմքերը չեն։ Թերապիայի շարադրված սկզբունքները լայնորեն կիրառվում են մասնագիտացված բուժական հաստատություններում։ Երբեմն ցանկություն է առաջանում գործելու ավելի ուժեղ, վառ, վստահ, բայց… արդյունքները հիասթափեցնում են։ Մնում է միայն զինվել համբերությամբ և չկորցնել այնպիսի կարևոր մի հատկանիշ, ինչպիսին լավատեսությունն է։