Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Սառած ուսի համախտանիշ. ի՞նչ է դա և ինչպե՞ս է բուժվում

11 / 12 / 2021

Ո՞րն է սառած ուսի համախտանիշը և ինչպե՞ս է այն դրսևորվում:

Սառած ուսի համախտանիշն արտահայտվում է ուսահոդի ցավով, շարժումների սահմանափակմամբ: Հետաքրքիրն այն է, որ, որպես կանոն, ախտահարվում է ոչ դոմինանտ ձեռքը. աջլիկների մոտ՝ ձախը, ձախլիկների մոտ՝ աջը, թեև կարող է նաև երկկողմանի լինել: Համախտանիշն ունի անցման փուլեր՝ սրացման, ռեմիսսիայի և լրիվ սառեցման: Լրիվ սառեցման փուլում հիվանդը նույնիսկ չի կարողանում ձեռքը հետ տանել, որպեսզի, օրինակ, հագուստը շտկի, առկա են նաև գիշերային անտանելի ցավեր:

Իսկ որո՞նք են ռիսկային խմբերը՝ տարիքով, սեռով, մասնագիտությամբ պայմանավորված:

Սառած ուսի համախտանիշը հատկապես տարածված է կանանց շրջանում, թեպետ հանդիպում է նաև տղամարդկանց մոտ, բնորոշ է 40-ից 60 տարեկաններին, սակայն կարող է ի հայտ գալ նաև ավելի վաղ տարիքում: Համախտանիշի առաջացմանը հակված են այն մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց «աշխատանքային հիմնական գործիքը» ձեռքն է, օրինակ՝ այն շատ տարածված է վարսահարդարների, ատամնաբույժների, համակարգչով աշխատողների մոտ: Համախտանիշի ձեռքբերմանը հակված են նաև ակտիվ սպորտով զբաղվողները, մասնավորապես վոլեյբոլիստները, թենիսիստները և այլն:

Սառած հոդի համախտանիշի առաջացման բոլոր պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն Դուք, որպես մասնագետ, ո՞ր պատճառները կառանձնացնեք:

Համախտանիշն ունի առաջացման արտաքին և ներքին պատճառներ: Ներքին պատճառների դեպքում շատ կարևոր է գտնել պատճառային հիվանդությունը: Վաղուց ապացուցված է, որ դրանք հիմնականում էնդոկրին համակարգի հիվանդություններն են՝ առաջին կամ երկրորդ տիպի շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի դիսֆունկցիաները, ձվարանների ֆունկցիայի խանգարումները և այլն: Ես ինքս բուժումն իրականացնելիս զուգահեռաբար անպայման աշխատում եմ էնդոկրինոլոգի հետ, որպեսզի բուժումն արդյունավետ լինի:

Ի՞նչ կարող եք ասել համախտանիշի ախտորոշման բարդության հետ կապված:

Համեմատած քսան տարի առաջ ու հիմա՝ մեր բժշկագիտությունն այս առումով զգալի առաջընթաց է արձանագրել: Ախտորոշումը չի պահանջում թանկարժեք գործիքային քննություններ: Կրկնում եմ, որ ամենակարևորը պատճառահետևանքային կապը գտնելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է իրականացնել նաև էնդոկրինոլոգիական շարքի լաբորատոր հետազոտություններ:

Բուժման ի՞նչ եղանակներ գոյություն ունեն:

Բուժման եղանակների ընտրությունը կախված է նրանից, թե համախտանիշը որ փուլում է գտնվում, սակայն  երեք փուլերի դեպքում էլ ֆիզիոթերապիան պարտադիր է: Հարկավոր է հիվանդին անընդհատ հիշեցնել, որ շատ անհրաժեշտ է պասիվ շարժման ծավալն ապահովել, որպեսզի չկորցնել եղածը: Եթե առկա է էնդոկրին խանգարում, ապա հնարավոր է հաջողության հասնել՝ բուժել էնդոկրին համակարգը՝ զուգակցելով համապատասխան ֆիզիկական վարժություններով: Բուժման տարածված մեթոդներից է նաև հորմոնալ թերապիան, բայց ոչ թե ներարկումային, այլ՝ դեղամիջոցների ընդունմամբ:

Ե՞րբ է ցուցված վիրահատական միջամտություն:

Պետք չէ միանգամից դիմել վիրահատական միջամտության կամ ստերոիդային բուժման, որովհետև համախտանիշը պետք է անցնի իր էվոլուցիոն փուլերը: Եթե  նշված բուժման եղանակներից ոչ մեկն արդյունք չի տալիս, այդ դեպքում կատարվում է արթրոսկոպիկ միջամտությամբ բուժում, որն իր մեջ ներառում է փակ վիրահատական միջամտություն: Եթե փորձենք թվերով խոսել, ապա սառած ուսի համախտանիշ ունեցողների միայն 20%-ի համար է վիրահատական միջամտության անհրաժեշտություն լինում: