Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Հպման մոգություն

22 / 12 / 2021

Մարդկային ձեռքեր
Միայն աչքերը չէ, որ արտացոլում են հոգեկան ներաշխարհը. ձեռքի ափերով նույնպես կարելի է կարդալ մարդու անցյալը, ներկան ու ապագան։ Ձեռքերն արտացոլում են մեր ներքին էությունն ու մտքերը։ Կույր մարդկանց համար ձեռքերը կատարում են նույն` աչքերի դերը, իսկ խուլ-համրերը մեծավ մասամբ հաղորդակցվում եմ հենց ձեռքերով։ Ձեռքերի շարժումներով մենք ավելի արտահայտիչ ենք դարձնում մեր խոսքը։
Հին բժշկողներն օգտվում էին ձեռքերի արարիչ և կործանարար ուժից։ Հին հույն փիլիսոփա Անաքսագորը գրում է. «Յուրաքանչյուր մարդու ձեռք իր ճակատագրի արտացոլումն է և իր մեջ ամփոփում է մարդ-անհատի ապաքինման հրաշագործ գաղտնիքը»։ Ֆրանսիացի մեծ գրող Օնորե դը Բալզակը գտնում էր, որ միտքը էլեկտրական հոսանքի ազդեցություն ունի, և նրանից արձակվող մասնիկներն ընդունակ են ներազդելու ոչ միայն սեփական, այլև այլոց կենսական ուժերի վրա։ Նա ոչ միայն տեսականորեն էր մոտենում այդ խնդրին, այլև կիրառում էր իր գիտելիքները բուժական նպատակներով։ Ասում են, որ Բալզակն այդ ունակությունը ժառանգել էր իր մորից։
Ձեռքերով բուժելու տարատեսակներից է մերսումը` մասսաժը (արաբերեն «մասսա»` հպում բառից)։ Սա, թերևս, ամենահին թերապևտիկ մեթոդներից է։ Այն կիրառել են տարատեսակ հիվանդությունների բուժման նպատակով և մշտապես կատարելագործել են` համալրելով նոր մեթոդներով։

 Հպումների ամոքիչ ազդեցությունը
Բոլորին հայտնի է, որ մարմնի մաշկի որոշ գոտիների և ներքին օրգանների միջև գոյություն ունի ներքին կապ. դա ռեֆլեկտոր կապն է։ Ներգործության տարատեսակով պայմանավորված` կարելի է հասնել տարբեր բուժիչ արդյունքների (մկանային և ոսկրային համակարգի, ներքին օրգանների)։ Որպես հաղորդիչ միջոց` այս պարագայում հանդես են գալիս նյարդերը, որոնք արձագանքում են մերսման ուզածդ ձևին։ Այդ ազդակները նյարդերի միջոցով փոխանցվում են կենտրոնական նյարդային համակարգ և հետադարձ կապով` վեգետատիվ համակարգի միջոցով, հաղորդվում հիվանդ օրգանին։
Մերսումը բարձրացնում է մաշկի պաշտպանողական հատկությունը, նպաստում մահացած շարակցական հյուսվածքներից ձերբազատմանը, կանոնավորում քրտնագեղձերի և ճարպագեղձերի գործունեությունը։ Մերսման ազդեցության ներքո բարձրանում է մկանների առաձգականության և կրճատվելու հատկությունը, արագանում ծանր ֆիզիկական աշխատանքից հետո մկանների վերականգնման գործընթացը։ Մերսումը բարերար ազդեցություն է ունենում նաև հոդերի և հոդակապերի վրա։ Մերսման շնորհիվ բարելավվում է արյան շրջանառությունը, ակտիվանում է ավշագեղձերի աշխատանքը, վերանում են կանգային երևույթները, այտուցները, բարձրանում է մարմնի շարժունակությունը։ Հայտնի է, որ մերսումը խթանում է արյան շրջանառությունը, թեթևացնում սրտի աշխատանքը, բարելավում անոթների առաձգականությունը։ Գլուխը, պարանոցը և ուսամկանները մերսելով` կարելի է բարձրացնել զարկերակային ճնշումը և հակառակը` ներազդելով գոտկատեղին և ոտքերի հատվածին` հնարավոր է իջեցնել զարկերակային գերճնշումը։ Ավելին, մերսումը կարող է բարելավել բրոնխների և թոքերի աշխատանքը. դրա օգնությամբ հնարավոր է կրճատել կծկումները, այտուցները և հեշտացնել շնչառությունը։ Որովայնի մերսման պարագայում ակտիվանում է աղիների կծկողունակությունը և բարելավվում մարսողությունը։ Մերսման միջոցով բուժում են միզասեռական համակարգի օրգանների հիվանդությունները։
Մերսումը ոչ միայն բարերար ազդեցություն է թողնում առանձին օրգանների, այլև ողջ օրգանիզմի վրա` խթանելով ընդհանուր նյութափոխանակությունը և օրգան-համակարգերի գործունեությունն ու աշխատունակությունը։ Մերսման տարբեր հնարքների օգնությամբ` շփում, շոյում, սեղմում, կսմթում և այլն, կարելի է հասնել մարմնի լարվածության թուլացմանը, ջերմացմանը կամ մարմնի ջերմաստիճանի նվազեցմանը։

Մերսման տարատեսակները
Ժամանակակից բժշկությունը տարբերակում է մերսման հետևյալ տարատեսակները` դասական, սեգմենտառեֆլեկտոր, կոսմետիկ, կետային և այլն։ Ամենից հայտնիները երկուսն են` բուժական և վերականգնողական մերսումները։ Վերականգնողական մերսումը կիրառում են առողջ մարդկանց վրա` նպատակ ունենալով թուլացնելու հոգնածությունն ու վերացնելու սթրեսները, կանխարգելելու տարբեր հիվանդություններ և բարձրացնելու օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը։ Մերսմամբ կարող են զբաղվել ինչպես արհեստավարժ մասնագետները, այնպես էլ յուրաքանչյուր մարդ։ Վերականգնողական մերսումը կատարում են տարբեր հաճախականությամբ և տևողությամբ` օրը 1 անգամ կամ շաբաթը 1 անգամ, 10-15 րոպե տևողությունից մինչև 1-1.5 ժամ։
Բուժական մերսումը այլ ուղղվածություն ունի. այն խիստ կանոնավորված է, թե՛ ժամանակի, և թե՛ պարբերականության տեսակետից։ Այդպիսի մերսումը կարող է իրականցնել միայն մասնագետը, որը ուշի-ուշով հետևում է հիվանդի օրգանիզմի համապատասխան հակազդեցությանը և որն էլ պատասխանատու է բարդությունների առաջացման դեպքում։ Բուժական մերսումը նշանակում են վերականգնողական և համակցված թերապիայի ժամանակ։ Այն չի կարելի կիրառել օրգանիզմի տենդային վիճակներում, բորբոքային հիվանդության սրացման, սուր ինֆեկցիոն հիվանդությունների, պալարախտի և մաշկային հիվանդությունների ակտիվ դրսևորումների ժամանակ։ Բուժական մերսումը հակացուցված է թրոմբոզների, երակների վարիկոզ լայնացման և տրոֆիկ փոփոխությունների դեպքում։ Այս կարգի մերսումը հակացուցված է նաև սուր փսիխոզի և հղիության պարագայում։
Վերականգնողական մերսումը լայնորեն տարածված է Միացյալ Նահանգներում, Կանադայում, Եվրոպայի շատ երկրներում։ Հարկ է նշել, որ վերականգնողական մերսումն էլ իր հերթին տարբեր տարատեսակներ ունի։

Մերսումային էկզոտիկա
Համակողմանիորեն ներդաշնակ մերսումը նպատակաուղղված է օրգանիզմը թուլացնելուն և լարվածությունը վերացնելուն։ Մերսողի ձեռքի շարժումները պետք է լինեն սահուն և ընդգրկող։ Եթե մերսումը ճիշտ է կատարվում, ապա մերսվողը բնազդաբար ընդունում է հարմար դիրք, որը հիշեցնում է սաղմի ներարգանդային դիրքը։

Կալիֆորնյան մերսում.
այս տարատեսակն առաջացնում է էյֆորիկ զգացողություն։ Այն նաև անվանում են էրոտիկ մերսում, քանզի այն հանգեցնում է սեռական գրգռվածության։ Այս կարգի մերսումը խթանում է ուժերն ու օրգանիզմին նոր լիցքեր է հաղորդում։

Ռիթմիկ մերսում.
սա մեղմ ներգործության միջոց է, որը միաձուլվում է օրգանիզմի բնական ռիթմերին։ Մերսողը յուրաքանչյուր անհատի համար ընտրում է առանձնահատուկ շարժումներ, որոնք համապատասխանում են մերսվողի կոնստիտուցիոնալ տիպին։ Այս մերսումը, որպես կանոն, ուղեկցվում է այնպիսի երաժշտությամբ, որը բարերար ազդեցություն է թողնում մերսվողի վրա։

Այուրվեդայակա մերսում.
առաջ է եկել ավանդական հնդկական բժշկության շրջանակներում և իրականացվում է բուրումնավետ յուղերի կիրառմամբ։ Այս մերսումը բարձրացնում է տրամադրությունը և աշխատունակությունը։ Իսկ եթե այն կիրառում են բժշկական նպատակներով, ապա մերսում են միայն մարմնի հիվանդ մասը։

Բիոդինամիկ մերսում.
շատ նուրբ տարատեսակ է։ Օգնում է ձերբազատվելու անշարժունակությունից և կյանքին նոր լիցքեր է հաղորդում։ Այս մերսման յուրահատկությունն այն է, որ մասնագետը հիվանդի վիճակի մասին «տեղեկություններ է ստանում» մերսման ընթացքում մարմնի հակազդող արձագանքներից։ Մեթոդի հեղինակ Հերդա Բոյզերը գտնում է, որ օրգանիզմը «յուրացնում» է սթրեսը ճիշտ այնպես, ինչպես աղեստամոքսային տրակտը՝ կերակուրը։ Եվ, համապատասխանաբար, մերսող մասնագետն իր շարժումները համաձայնեցման մեջ է դնում սթրեսային վիճակում գտնվող օրգանիզմի հետ և իր գործողությունները մշակում` անսալով «մարմնի ձայնին»։

Ռոլֆինգ.
սա խորը մերսման տարատեսակ է։ XX դարի կեսերին այն հայտնագործել է Իդա Ռոլֆը։ Մերսման նպատակը օրգանիզմին ուժեղ խթաններ հաղորդելն է և արագորեն դինամիկ վիճակի մեջ ներքաշելը։ Կատարվում է մատների ծայրերով, արմունկներով, բռունցքներով և երբեմն` նույնիսկ ոտնաթաթերով։

Հելլերվորկ.
սկիզբ է առել Ի. Ռոլֆի գաղափարներից, սակայն նրա աշակերտ Ժոզեֆ Հելլերը մերսման այս տարատեսակին հաղորդել է նաև հուզական մասնիկներ։ Մերսումը զուգակցվում է զրույցով, ինչը մերսվողին հնարավորություն է ընձեռում ձերբազատվելու սթրեսներից, լինելու ազատ թե՛ մտքերն արտահայտելիս և թե՛ շարժումներում։

Բիոէներգետիկ մերսում.
հիմնված է Ռայխի աշխատությունների վրա, որն առաջին անգամ ներմուծել է «մարմնային պատյան» հասկացողությունը։ Ըստ պարոն Ռայխի` մենք ապրում ենք մշտական լարվածության մեջ, որի պատճառներն են սթրեսները։ Մերսումը հնարավորություն է տալիս բացահայտելու սեփական մարմնի զգացողությունները, բեռնաթափվելու բացասական հույզերից և ըմբռնելու ֆիզիկական և հոգեկան խնդիրների պատճառները։
Մերսման միջոցով իրականացվող բուժման համար հիվանդը պետք է լիովին վստահի մասնագետին և վերջինիս կողմից ընտրված մեթոդին։ Միայն վստահության դեպքում է, որ մարմնի ողջ ներուժը սկսում է պայքարել հիվանդության դեմ։ Եվ մտապահե՛ք. Ձեր մարմինը վստահե՛ք միմիայն «լավ ձեռքեր» ունեցող մասնագետին։

Օգտակար խորհուրդներ
Մերսումը հակացուցված է թե՛ քաղցած և թե՛ չափից ավելի շատ կերած ժամանակ։ Մերսումն սկսելուց առաջ, ինչպես նաև մերսումից հետո հիվանդը պետք է 5-10 րոպե հանգստանա։ Եթե առաջին անգամ եք մերսման սրահում, հիշե՛ք, որ այն չպետք է խիստ հագեցած լինի։ Եթե սեանսի հաջորդ օրը թուլություն եք զգում, նշանակում է մերսման հագեցվածությունը պետք է կրճատել։
Մարմնի ընդհանուր մերսումը չպետք է գերազանցի 30-40 րոպեն, իսկ տեղայինը՝ 10-15 րոպեն։ Մերսման բարերար ազդեցության մակարդակը բարձրացնելու նպատակով ցանկալի է, որպեսզի սեանսների թիվը չգերազանցի 10-15-ը։