Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Արյան մակարդման կարգավորում

27 / 12 / 2021

Ֆիզիոլոգիական հանգստի պայմաններում արյան մակարդումը տևում է 5-10 րոպե։ Արտակարգ պայմաններում (հուզումներ, ցավ, ֆիզիկական աշխատանք և այլն), երբ գրգռվում է նյարդային համակարգի սիմպաթիկ բաժինը, զարգանում է գերմակարդելիություն (հիպերկոագուլեմիա) և մակարդումն զգալիորեն արագանում է։ Հետագայում այդ վիճակը փոխարինվում է տրամագծորեն հակառակ վիճակով` թերմակարդելիությամբ (հիպոկոագուլեմիա): Սիմպաթիկ նյարդերի գրգռումն ուղեկցվում է արյան ադրենալինի մակարդակի բարձրացումով, որի ազդեցությամբ էնդոթելիոցիտներն արյան մեջ են մղում մեծ քանակությամբ հյուսվածքային թրոմբոպլաստին և սկիզբ տալիս պրոթրոմբինազայի առաջացմանը։ Միաժամանակ ադրենալինը նպաստում է նաև Հագեմանի գործոնի ակտիվացմանը, որն իր հերթին պայմանավորում, է արյունային պրոթրոմբինազայի գոյացումը։ Ադրենալինն ակտիվացնում է նաև հյուսվածքային լիպազան, որի ներգործությունից ստացված ճարպաթթուներն ունեն թրոմբոպլաստինի ակտիվություն։

Ադրենալինի ներկայությամբ ուժեղանում է նաև էրիթրոցիտների քայքայումը, որի հետևանքով արյան մեջ ավելանում է մակարդմանը նպաստող ֆոսֆոլիպիդների քանակը։ Փաստորեն մակարդման արագացումը տեղի է ունենում 1-ին փուլի կրճատման հաշվին։ Հարկ է նշել, որ մակարդումն արագանում է նաև վեգետատիվ համակարգի պարասիմպաթիկ բաժնի գրգռման դեպքում, օրինակ, քաղցի ժամանակ։ .Թափառող նյարդը գրգռելիս, կամ արյան մեջ ացետիլխոլին ներարկելիս նկատվում են մակարդման արագացմանը նպաստող բոլոր այն պրոցեսները, ինչ զարգանում են սիմպաթիկ նյարդերը գրգռելիս։ Նման արդյունք ստացվում է նաև այն հորմոնների ազդեցության տակ, որոնք անոթների վրա ունեն անմիջական ազդեցություն (վազոպրեսին ե այլն)։ Այսպիսով, բոլոր այն դեպքերում, երբ օրգանիզմն արտակարգ պայմանների հետևանքով դուրս է գալիս հանգստի վիճակից, մակարդման ընթացքն արագանում է և օրգանիզմը պաշտպանվում է մոտալուտ վտանգի հնարավոր արյունահոսությունից։ ֆիզիկական աշխատանքի կամ ցավի ազդեցությամբ ավելացած մակարդիչ գործոններն արագ յուրացվում են տեղի տալով հակառակ վիճակի` թերմակարդելիության։ Բնականոն մակարդելիություն ունեցող մարդկանց մոտ նկատվող թերմակարդելիությունը զարգանում է նշված մեխանիզմով և միշտ ունի երկրորդական ծագում։