Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ռադիկուլիտ

07 / 01 / 2022

Ռադիկուլիտը, որն այլ կերպ անվանում են նյարդարմատաբորբ, իրենից ներկայացնում է ծայրամասային նյարդային համակարգի առավել տարածված հիվանդություն: Այն ախտահարում է ողնուղեղի նյարդարմատները:

Պատճառներ
Ռադիկուլիտի առաջացման պատճառը ողնաշարի հաճախակի հանդիպող հիվանդությունն է` օստեոխոնդրոզը, երբ միջկողային աճառային սկավառակները կորցնում են իրենց առաձգականությունն ու դիմացկունությունը: Փոփոխված սկավառակներով ողների միացման հատվածներում աղեր են կուտակվում` առաջացնելով օստեոֆիտներ: Վերջիններս ճնշում են նյարդարմատները և ցավ առաջացնում:

Պաթոգենեզ
Ռադիկուլիտին առավել բնորոշ են ախտահարված նյարդարմատների և դրանցով կազմված նյարդերի ընթացքով տարածվող ցավերը, զգացողության և շարժողության խանգարումները: Սովորաբար հիվանդությունն սկսվում է սուր և շատ դեպքերում անցնում է քրոնիկականի: Ախտահարման մակարդակից կախված` ռադիկուլիտը լինում է.
- գոտկասրբոսկրային (նստանյարդաբորբ)
- ուսապարանոցային
- կրծքային

Առավել տարածված է գոտկասրբոսկրային ռադիկուլիտը,, որը նաև անվանում են նստանյարդաբորբ: Այս դեպքում ցավերը լինում են գոտկասրբոսկրային, նստատեղի, ազդրի, սրունքի, ինչպես նաև ոտնաթաթի շրջանում: Շարժումների ժամանակ ցավն ուժեղանում է, ինչի պատճառով հիվանդը խուսափում է կտրուկ շարժումներից: Պառկած ժամանակ ընդունում է հարկադրական դիրք` ոտքը հոդերում ծալելով: Հիվանդ ոտքի մկանները թառամում են, ավելի ուշ` ապաճում:
Ուսապարանոցային ռադիկուլիտի ժամանակ ցավը նկատվում է ծոծրակի, ուսի, թիակի շրջաններում, ուժեղանում է գլուխը շրջելիս, ձեռքերը շարժելիս, փռշտալիս, հազալիս: Ծանր դեպքերում զգացվում են ձեռքի մաշկի թմրածություն, այրոց և ծակոց, խանգարվում է զգացողությունը, աստիճանաբար առաջանում են մկանների թուլություն և ապաճում:
Կրծքային ռադիկուլիտը հազվադեպ է հանդիպում: Այն դրսևորվում է միջկողային շրջանի ցավերով, որոնք ուժեղանում են շարժվելիս և խորը շնչելիս:

Բուժում
Ռադիկուլիտը բուժում է բժիշկը` վերացնելով հիվանդության առաջացման պատճառները: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է բուժումը ժամանակին սկսել և բուժվել կանոնավոր: Բժշկի հսկողությամբ ցավազրկող դեղամիջոցների հետ մեկտեղ պետք է կատարել բուժական մարմնամարզություն և ողնաշարի ձգումներ: Խորհուրդ չի տրվում ինքնուրույն ընդունել ցավազրկող դեղամիջոցներ և ջերմային բուժարարողություններ, քանզի գոտկատեղի ցավերը կարող են ի հայտ գալ նաև այլ հիվանդությունների դեպքում, երբ ջերմային բուժարարողությունը հակացուցված է: Օգտակար է առողջարանային բուժումը:

Կանխարգելում
Ռադիկուլիտը կանխելու համար էական նշանակություն ունի օրգանիզմի կոփումը, ինչպես նաև կանոնավոր մարմնամարզությունը և սպորտով զբաղվելը: