Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Միզաքարային հիվանդություն

07 / 01 / 2022

Նկարագրություն

Միզաքարային հիվանդությունը (երիկամաքարային հիվանդություն) իրենից ներկայացնում է միզարտադրության համակարգի հիվանդություն, որին բնորոշ է քարերի առաջացումը մեզի բաղադրամասերից: Միզաքարերը տարբերվում են ըստ իրենց ծագման. օրինակ` միզաթթվի աղերից գոյանում են միզաթթվային քարեր, թրթնջկաթթվական կալցիումից` օքսալատային քարեր, կալցիումից և ֆոսֆորաթթվական աղերից` կալցիումֆոսֆատային քարեր: Մանր, քորոցի գլխիկի մեծությամբ քարերը երբեմն հասնում են խոշոր չափերի:

Պատճառներ

Միզաքարերի առաջացման պատճառ են հանդիսանում ներզատիչ գեղձերի (վահանագեղձ և հարվահանագեղձ, հիպոֆիզ, մակերիկամներ) ֆունկցիաների, ինչպես նաև որոշ նյութերի փոխանակության խանգարումները: Միզաքարերի առաջացմանը նպաստում են նաև միզաթթվի և թրթնջկաթթվի գոյացման համար մեծ քանակությամբ հանքային աղեր պարունակող սննդամթերքի երկարատև օգտագործումը, ինչպես նաև միզուղիներում (երիկամ, միզածորան, միզապարկ) մեզի կանգը: Այդ գործոնները նպաստում են մեզում աղերի բյուրեղների նստեցմանը և քարերի առաջացմանը:

Պաթոգենեզ

Միզաքարային հիվանդությունը սովորաբար ի հայտ է գալիս 20-50 տարեկանում: Քարերն առավել հաճախ գոյանում են երիկամներում, որտեղից կարող են տեղափոխվել միզածորան և միզապարկ: Հիվանդության դրսևորումները պայմանավորված են քարի տեղադրությամբ. երիկամի քարերին բնորոշ են գոտկատեղի մղկտացող ցավերը, որոնք ուժեղանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ և ցնցումներից (անհարթ ճանապարհով երթևեկելիս): Հիվանդներն, այդ ցավերը գոտկացավի տեղ ընդունելով, հաճախ բժշկի չեն դիմում և բուժվում են ինքնուրույն: այդ ընթացքում քարերը, երկար ժամանակ գտնվելով երիկամի ավազանում, աստիճանաբար առաջացնում են դրա լայնացում և երիկամային հյուսվածքի բորբոքում, արգելում մեզի արտահոսն ավազանից, որի հետևանքով առաջանում է ուժեղ ցավերի նոպա: Վերջինիս դեպքում նկատվում են սրտխառնոց, փսխում, սառը քրտինք: Որովայնը փքվում է, երբեմն բարձրանում է ջերմաստիճանը: Ցավը մեղմացնելու նպատակով հիվանդն ընդունում է հարկադրական դիրք: Քարը երիկամից միզածորան ընկնելիս ցավերն ավելի են ուժեղանում` ճառագայթվելով դեպի սեռական օրգանները և աճուկային շրջանը: Հաճախակի առաջանում է միզելու ցանկություն:
Միզապարկի քարերը կարող են գրգռել և բորբոքել նրա լորձաթաղանթը և հաճախակի ու ցավոտ միզարձակման պատճառ դառնալ: Ֆիզիկական բեռնվածության ժամանակ կամ քայլելիս քարը կարող է վնասել լորձաթաղանթը և առաջացնել արյունահոսություն, որից մեզը կարմրում է: Երբ քարն ընկնում է միզուկի մեջ, մեզի արտահոսը խանգարվում է, իսկ երիկամների և միզածորանների քարերի երկկողմանի առկայության ժամանակ` լրիվ ընդհատվում (անմիզություն):

Բուժում

Ինքնաբուժում (տաք լոգանք, ցավազրկող դեղանյութեր) չի թույլատրվում, քանի որ նոպաները կարող են առաջանալ նաև որովայնի խոռոչի առանձին սուր հիվանդությունների ժամանակ, որոնք այլ բուժում են պահանջում: Անմիզության և երիկամային խիթի նոպայի ժամանակ անհրաժեշտ է անհապաղ բժիշկ կանչել, քանի որ օրգանիզմում կուտակվում են նյութափոխանակության թունավոր արգասիքներ, որոնք կարող են ինքնաթունավորման պատճառ դառնալ: Հիմնականում արդյունավետ են քարերի հեռացումը և դրա հետ կապված, միզուղիների բորբոքումների վերացումը: Բուժման միջոցները պայմանավորված են քարերի տեղադրությամբ և մեծությամբ: Փոքր քարերը կարելի է երիկամներից ու միզածորաններից դուրս բերել (անպայման բժշկի հսկողությամբ) տարբեր դեղանյութերի, ֆիզեոթերապևտիկ բուժարարողության և ջրային բեռնվածության (առատ հեղուկների) օգնությամբ: Եթե դա հնարավոր չէ, դիմում են վիրահատության:
Կարևոր է ռացիոնալ սնունդը: Կախված փոխանակային խանգարումների բնույթից և քարերի բաղադրությունից` սննդակարգը նշանակում է բժիշկը: Միզաթթվային քարերի առաջացման ժամանակ խորհուրդ է տրվում կաթնաբուսական սննդակարգ` բացառելով տապակած, շոգեխաշած և ապխտած միսը, կծու պանիրը, թունդ թեյը, լոբազգիները, ամսական բողկը, սպանախը, պղպեղը, մանանեխը և այլն, կալցիումաֆոսֆատային քարերի ձևավորման ժամանակ, ընդհակառակը, խորհուրդ է տրվում օգտագործել մսամթերք` բացառելով կաթնաբուսականը:
Բորբոքային երևույթները պահանջում են երկարատև բուժում:

Կանխարգելում

Միզաքարային հիվանդության կանխարգելումը ենթադրում է միզուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժում: