Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Երիկամային անբավարարություն

10 / 01 / 2022

Երիկամային հոմեոստատիկ ֆունկցիաների խանգարումն է ազոտարյունության, թթվահիմնային վիճակի փոփոխությունների և ջրաէլեկտրոլիտային հավասարակշռության խանգարման զարգացումով։ Երիկամային անբավարարությունը, որն ունի օրգանական բնույթ և բնորոշվում է հոմեոստազի կայուն խանգարումներով, լինում է.
1. սուր
2. քրոնիկական

Երիկամային սուր անբավարարություն (ԵՍԱ)։ Զարգանում է կապված երիկամների ֆունկցիայի հանկարծակի դադարից։ Երեխաների մոտ ԵՍԱ մասին վկայում է օլիգոանուրիան՝ մեզը 300 մլ (մ2/օրը)–ից քիչ է և միզանյութն ավելի է 16,5 մմոլ/լ–ից (100 մգ/100 մլ) (Lieberman E., 1976)։ Առանձնացվում են ԵՍԱ-ի hետևյալ տեսակները.
1. նախաերիկամային (պրեռենալ)
2. երիկամային (ռենալ)
3. hետերիկամային (պոստռենալ)։

Նախաերիկամային գործոններից են արյան ճնշման խիստ իջեցումը, հեմոլիզը և միոլիզը՝ անհամատեղելի արյան փոխներարկման դեպքում, սուր հեմոլիտիկ սակավարյունությունը, տարածուն այրվածքները, էլեկտրոլիտների մեծ կորուստը և ջրազրկումը՝ ծանր դիսպեպսիաների դեպքում, կրկնվող փսխումները, էնդոգեն թունավորումները` կապված աղիքային անանցանելիության, պերիտոնիտի, պանկրեատիտի հետ:

Երիկամային գործոններից են երիկամների ախտահարումը՝ էկզոգեն նեֆրոտոքսինների ազդեցությունից (սնկային, սնդիկային, քլորոֆորմային թունավորումներ և այլն), տոքսիկո-ալերգիկ ախտահարումները՝ կապված որոշ դեղանյութերի գերդեղաչափերից կամ նրանց նկատմամբ եղած բարձր զգայնությունից (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ և այլն), վարակները, երիկամային տարածուն հիվանդության բարդությունները։

Հետերիկամային գործոններն են՝ միզատար ուղիների անցանելիության խանգարումները (երկկողմանի միզաքարություն): Առաջարկված է նաև առանձնացնել ԵՍԱ ոչ երիկամային ձևը՝ կապված երիկամի (երիկամների) վնասվածքների կամ՝ վիրահատական հեռացման հետ։

ԵՍԱ-ի ընթացքում տարբերում են 4 կլինիկական շրջան.
1. սկզբնական կամ շոկային
2. օլիգոանուրիկ (սակավամիզական)
3. միզարտադրության վերականգնման
4. առողջացման։

Սկզբնական շրջանի կլինիկական պատկերը մեծ մասամբ պայմանավորված է ԵՍԱ առաջացնող պատճառով։ Կարևոր դեր ունեն այն ախտանիշները, որոնք պայմանավորված են շոկով (ցավային, անաֆիլաքսային, մանրէական), հեմոլիզով, վարակով, սուր թունավորումով, վարակային հիվանդությամբ։ Առաջին օրվա ընթացքում արդեն հայտնաբերվում է օրամեզի քչացում և զարգանում է օլիգոանուրիայի շրջանը։ Որոշ դեպքերում սկզբնական շրջանի տևողությունը, հատկապես ԵՍԱ-ի զարգացման երիկամային պատճառների դեպքում, կարող է ձգձգվել: ԵՍԱ առաջին շրջանի անցումը երկրորդի վկայում է դիուրեզի նվազումը մինչև նորմայի 30%-ը։ Հիվանդի վիճակը հարաճուն ծանրանում է։ Հայտնվում է ադինամիա, գլխացավ, նյարդային ախտանիշներ։ Միանում է փսխում, լուծ: Հեմոդինամիկայի խանգարման և այտուցային համախտանիշի զարգացման հետ փոխվում է նաև սրտանոթային համակարգի գործունեությունը:

Պլազմայում, բացի կրեատինինի, միզանյութի, մնացորդային ազոտի,սուլֆատների մագնեզիումի, կալիումի մակարդակի բարձրացումից, նվազում է նաև նատրիումի, քլորի և կալցիումի պարունակությունը: Ազոտեմիայի, ացիդոզի, հիպերհիդրատացիայի և էլեկտոլիտային խանգարումների հարաճման հետ հայտնվում են մկանային կծկումներ, քնկոտություն, ուժեղանում է հևոցը։ Հայտնաբերվում է սրտի սահմանների լայնացում, տոների խլացում, սիստոլային աղմուկ երբեմն սրտապարկի քսման աղմուկ։ Ծայրամասային արյան քննությամբ հայտնաբերվում է սակավարյունություն, լեյկոցիտոզ, մեզում` պրոտեինուրիա, հեմատուրիա, լեյկոցիտուրիա, գլանակամզություն: ԵՍԱ բարենպաստ ընթացքի ժամանակ զարգանում է երրորդ` օրամեզի վերականգնման շրջանը: Այդ շրջանում օլիգուրիան փոխարինվում է պոլիուրիայով։ Արտահայտված են հիպո- և իզոստենուրիան: Ճիշտ բուժման դեպքում տեղի է ունենում խողովակային էպիթելի ֆունկցիայի աստիճանական վերականգնում, հիվանդը սկսվում է առողջանալ։ Երիկամների ֆունկցիայի վերականգնումր կարող է տևել մինչև 1 տարի: Անբարենպաստ ելքը հաճախ կապված է սեպտիկ բարդությունների միացման հետ:

Բուժումը: Բուժական միջոցառումները պետք է ուղղված են պատճառական գործոնի ազդեցության վերացմանը կամ առավելագույն նվազեցմանը, 2. խանգարված հոմեոստազի կարգավորմանը, 3. ԵՍԱ հնարավոր բարդությունների կանխարգելմանը: Բավականին բարդ պրոբլեմ է ԵՍԱ թերապիան վիրահատությունների, վնասվածքների, տարածուն այրվածքների ժամանակ՝ կապված շոկի զարգացման հետ։ Նման դեպքերում կատարվում է կոմպլեքս ինտենսիվ և վերակենդանացման միջոցառումներ։ Սուր թունավորումների ժամանակ, բացի հակաշոկային բուժումից, օրգանիզմից թույնի հեռացման նպատակով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Զանգվածային ներանոթային հեմոլիզի դեպքում կատարվում է արյան փոխարինող փոխներարկում, հակամարմինների գոյացման կանխարգելման նպատակով նշանակվում են գլյուկոկորտիկոիդների մեծ դեղաչափեր։ Եթե ԵՍԱ պատճառը բակտերիալ շոկն է, ապա հակաշոկային միջոցներից բացի նշանակվում են նաև հակաբիոտիկներ։

Օլիգոանուրիայի շրջանում ազոտեմիայի հարաճումը նվազեցնելու նպատակով սննդում պետք է սպիտակուցների քանակը սահմանափակել (օրը մինչև 18-20 գ)։ Սննդի կալորիականությունն ապահովվում է ածխաջրերի հաշվին։ Ներմուծվող հեղուկների քանակը պետք է գերազանցի օրամեզը, ինչպես նաև ջրի այն քանակությանը, որը կորցվում է փսխման և լուծի ձևով, բայց ոչ ավելի քան 500 մլ։ Սեպտիկ պրոցեսների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հակաբիոտիկներ նշանակել բոլոր դեպքերում, որովհետև այդ բարդությունները շատ հաճախ ընթանում են առանց պարզորոշ կլինիկական նշանների։ Հակաբիոտիկների դեղաչափերը կապված երիկամներով նրանց հեռացման սահմանափակումից, պակասեցվում են 2-3 անգամ։ Շարունակվող սակավամիզությունը և ուռեմիայի ախտանիշների հարաճումը որոշակի ցուցումներ են որովայնամզային (պերիտոնեալ) դիալիզի hամար։ Դիալիզի կիրառման ցուցումներ են նաև 24-48–ժամյա տևողությամբ անմիզությունը (անուրիան), արյան մեջ 24 մմոլ/լ-ից միզանյութի ավելացումը, hիպերկալիեմիան (7,5 մմոլ/լ-ից ավելի), hիպոնատրիեմիան (130 մմոլ/լ-ից պակաս), թթվագարությունը (pH<7,2):

Երիկամային քրոնիկական անբավարարություն (ԵՔԱ)։ Երիկամային հոմեոստազային ֆունկցիաների անվերադարձելի խանգարումն է՝ կապված երիկամային ծանր հարաճող ախտահարման հետ։ Ներկայումս ուռեմիա (միզարյունություն) տերմինը նույնացվում է ԵՔԱ հետ։ ԵՔԱ անվանման տակ հասկանում են հոմեոստազի այն վիճակը, երբ երիկամների ֆիլտրող ունակությունը տարիքային նորմայից իջած է 25%-ի չափով, իսկ արյան մեջ կրեատինինը բարձր է 0,176 մմոլ/լ-ից։ ԵՔԱ զարգանում է քրոնիկական գլոմերուզոնեֆրիտի, քրոնիկական պիելոնեֆրիտի, ժառանգական նեֆրոպաթիաների, երիկամային հիպոպլազիայի կամ դիսպլազիայի, ամիլոիդոզի, երիկամների անոթային հիվանդությունների հետևանքով։ ԵՔԱ կարող է առաջանալ համակարգային հիվանդություններից: ԵՔԱ ձևաբանական հիմնանյութը գործող նեֆրոնների քանակության հարաճուն նվազումն է, որը բերում է երիկամային պրոցեսների ընկճմանը, իսկ հետագայում՝ երիկամային ֆունկցիաների խանգարմանը :