Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Օրթոգնատիկ վիրահատություններ

12 / 02 / 2022

Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:

Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրները, վերացնել կծվածքի և դեմքի անհամաչափությունը (դիսպրոպորցիոնալ խանգարումները): Oրթոգնատիկ վիրահատությունների միջոցով հնարավոր է վերացնել ծամող համակարգի, խոսքի հետ կապված խնդիրներ, վերականգնել կծվածքը, դեմքի համաչափությունը և էսթետիկան: Իրականացված միջամտությունների շնորհիվ հնարավոր է լուծել նաև որոշ հոգեբանական և գործառույթային խնդիրներ` կապված կծվածքի անոմալիայի հետ:

Որո՞նք են կծվածքի խնդիրների պատճառները:

Կծվածքի խնդիրները լինում են բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների հիմքում գենետիկ գործոններն են, իսկ ձեռքբերովի խնդիրների պատճառներն են վնասվածքները, մանկական հասակում ծնոտների շրջանում առաջացած որոշ խնդիրները:
Կծվածքի շեղումներ հանդիպում են և՛արական, և՛ իգական սեռի ներկայացուցիչների մոտ, որոնք արտահայտվում են կծվածքի համակարգի ձևավորումից հետ։

Կծվածքի խնդիրների դեպքում ո՞ր մասնագետին դիմել:
 
Օրթոգնատիկ վիրահատություններն իրականացվում են դիմածնոտային վիրաբույժի կողմից՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային՝ օրթոդոնտիկ ոչ արդյունավետ բուժումից հետո: Նման դեպքերում վիրահատությունը, նաև նախավիրահատական և հետվիրահատական շրջանների վերահսկումն իրականացվում են օրթոդոնտ մասնագետի հետ համատեղ:

Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ և ինչպե՞ս է ընթանում նախավիրահատական շրջանը:

Օրթոգնատիկ վիրահատությունն ունի փուլերի որոշ հերթականություն՝ նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական (վերականգնողական) շրջան:

Շատ կարևոր է նախավիրահատական շրջանը, որի ժամանակ կատարվում են անհրաժեշտ հետազոտություններ` դիմային գանգի ռենտգենագրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, 3D մոդելավորում, օրթոդոնտի խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նախավիրահատական օրթոդոնտիկ բուժում:

Ինչպե՞ս են իրականացվում օրթոգնատիկ վիրահատությունները:

Վիրահատությունները կատարվում են ընդհանուր անզգայացմամբ։ Հիմնական վիրահատական մուտքը ներբերանային եղանակն է, քանի որ դրանք ինչ-որ չափով համարվում են նաև էսթետիկ վիրահատություններ, և անհրաժեշտ է կտրվածքներն իրականացնել այնպես, որ հետագայում հիվանդի մոտ արտաքինից սպիներ չառաջանան:

Վիրահատությունները կարող են իրականացվել առանձին՝ վերին, կամ ստորին ծնոտի, կամ երկուսը միաժամանակ` կախված ծնոտների շրջանում առկա խնդիրներից: Միջամտություններն իրականացվում են ծնոտների ոսկրերի ամբողջականության խախտման, միմյանց հանդեպ տարածական տեղաշարժման ժամանակ, որի ընթացքում տիտանե մինի թիթեղների, ոսկրակարերի օգնությամբ շտկում են թերությունները և ամրացնում համապատասխան դիրքով:

Կարևոր փուլերից է նաև հետվիրահատական վերականգնողական շրջանը, որի ընթացքում անհրաժեշտ է հետվիրահատական շրջանի խնամք և մասնագիտական հսկողություն:

Ինչպիսի՞ բարդություններ կարող են դիտվել:

Հիմնականում կարող են լինել բոլոր վիրահատությունների ժամանակ հանդիպող բարդություններ: Սակայն ոսկրային կամ օրթոդոնտիկ խնդիրների հետ կապված կարող են լինել նաև սպեցիֆիկ բարդություններ:

Բարդություններից են ոսկրերի միմյանց չսերտաճելը, հետվիրահատական շրջանում օգտագործվող մետաղների նկատմամբ անհատական անընկալությունը, բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամքի արդյունքում վարակի, երկրորդային բորբոքային գործընթացների զարգացումը: Բարդությունների պատճառ կարող է կարող է լինել ծնոտների մոդելավորման ոչ ճիշտ հաշվարկը, բարդ զոննաներում աշխատելիս հնարավոր են նյարդաանոթային խրձերի վնասումներ:

Ի՞նչ հակացուցումներ կան:

Հակացուցումներ են ուռուցքային հիվանդությունները: Գոյություն ունեն տարիքային սահմանափակումներ՝ մինչև 16 տարեկանը (ավարտված չէ դիմային գանգի ոսկրերի ձևավորումը) և մեծ տարիքը (առկա ոսկրային խնդիրները):

Երիտասարդների մոտ հակացուցումներ կարող են լինել ոսկրային, գենետիկ խնդիրները, սոմատիկ քրոնիկ հիվանդությունների առկայությունը և այլն: