Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ոտքեր

17 / 01 / 2022

Ոտքերում այրոցի զգացողությունը, երբ կարծես թե ստորին վերջույթները ցավալու աստիճան տաքացել են, կարող է լինել թեթև կամ ծանր:

Որոշ դեպքերում ոտքերի այրոցը կարող է լինել այն աստիճան սաստիկ, որ խանգարի ձեր քունը:

Սովորաբար տհաճություն կամ անհանգստություն պատճառող այրոցի զգացողությունը տեղակայվում է ծնկներից ներքև՝ ներառելով սրունքները և ոտնաթաթերը: Ավելի հաճախ ոտքերի այրոցն ուղեկցվում է այլ գանգատներով՝ ծակծկոցներ (կոչվում է «պարեսթեզիա») կամ թմրածություն: Ուստի ոտքերի այրոցը հաճախ դիտարկվում է ծակծկոցների կամ պարեսթեզիայի համատեքստում:

 

Պատճառներ

Եթե հոգնածությունը (օրինակ՝ երկար ժամանակ կանգնած վիճակում մնալիս) կամ մաշկի վարակները առաջացնում են ոտքերում ժամանակավոր այրոցի զգացում կամ բորբոքում, ապա ոտքերի այրոցը հիմնականում նյարդի ախտահարման՝ ծայրամասային (պերիֆերիկ) նեյրոպաթիայի նշաններից մեկն է: Նեյրոպաթիան ունի բազմաթիվ տարբեր պատճառներ, այդ թվում՝ դիաբետ (դիաբետիկ նեյրոպաթիա), ալկոհոլի չարաշահում (քրոնիկ ալկոհոլիզմ), որոշ թույների ներգործություն, B վիտամիններից որոշների պակաս (դեֆիցիտ) կամ ՄԻԱՎ վարակ:

 

Ոտքերի այրոցի այլ պատճառներից են՝

 

  • «մարզիկի ոտնաթաթ»
  • Չարոտ-Մարի-Թութի հիվանդություն (վերին և ստորին վերջույթների նյարդերի ախտահարմամբ ժառանգական խանգարումների խումբ)
  • քիմիոթերապիա
  • քրոնիկ երիկամային հիվանդություն
  • կոմպլեքս ռեգիոնալ ցավի համախտանիշ (նյարդային համակարգի գործունեության խանգարմամբ պայմանավորված քրոնիկ ցավ)
  • վահանաձև գեղձի թերգործունեություն (հիպոթիրեոիդիզմ)
  • տարզալ թունելի համախտանիշ
  • վիտամին-դեֆիցիտային սակավարյունություն (անեմիա):
  •  

Ե՞րբ հանդիպել բժշկին

 

Դիմեք անհետաձգելի օգնության, եթե՝

  • ոտքերում այրոցը սկսվել է հանկարածի, հատկապես, եթե ենթարկվել եք որևէ թույնի ազդեցությանը
  • ոտքի վրա առկա է բաց վարակված վերք, հատկապես, եթե ունեք դիաբետ
  •  

Այցելեք ձեր բժշկին, եթե՝

 

  • մի քանի օրյա ինքնախնամքի կամ բուժման պայմաններում ձեր գանգատները շարունակվում են
  • նշում եք, որ ոտքերի այրոցը դարձել է ավելի սաստիկ ու ցավոտ
  • նշում եք, որ այրոցի զգացողությունը սկսել է տարածվել ողջ ստորին վերջույթով
  • նշում եք, որ ոտնաթաթի կամ մատների զգացողությունը խիստ թուլացել կամ կորչել է:

Եթե ոտքերում այրոցը կայուն է կամ առաջացել է առանց որևէ տեսանելի պատճառի, ապա ձեր բժիշկը կարող է նշանակել որոշ հետազոտություններ՝ հայտնաբերելու ձեր գանգատի բուն պատճառը: