Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Մարսողության խանգարում

24 / 12 / 2021

Մարսողության խանգարումը ընթանում է 3 ձևով.

- հասարակ մարսողության խանգարում,
- թունավոր մարսողության խանգարում,
- արտաաղիքային մարսողության խանգարում:


Պատճառներ
Հասարակ մարսողության խանգարումն առաջանում է երեխային կրծքով կերակրելու ժամանակ, եթե խախտվում են սնման ռեժիմի հիմնական կանոնները (եթե երեխան կերակրվում է պետք եղածից ավելի հաճախ, եթե միանգամից անցում է կատարվում արհեստական սննդին, եթե սննդի բաղադրությունը չի համապատասխանում երեխայի տարիքին և այլն) և անտեսվում են բժշկի ցուցումները: Հաճախ այն առաջանում է երեխայի սննդի մեջ ժամանակից շուտ մրգային և բանջարեղենային ոչ միատարր խյուսի, ինչպես նաև չափից ավելի հյութերի օգտագործումից: Հասարակ մարսողության խանգարման առաջացմանը նպաստում է ստամոքսաղիքային համակարգի անբավարար զարգացումը, ինչպես նաև օրգանիզմի գերտաքացումը, եթե երեխայի հագուստը չի համապատասխանում եղանակին: Երեխան, հեղուկի պահանջ զգալով, շատ հեղուկ է խմում և հետո չի կարողանում մարսել նույնիսկ սովորական սնունդը: Բժշկի հանձնարարականները խախտելու դեպքում հասարակ մարսողության խանգարումը կարող է վերածվել թունավորի: Թունավոր մարսողության խանգարման պատճառները նույնն են, ինչ որ հասարակ մարսողության խանգարման պատճառները: Աղիքային մարսողության խանգարումը սովորաբար ուղեկցում է որևէ հիվանդության: Հաճախ առաջանում է սուր շնչառական հիվանդությունների, թոքաբորբի և միջին ականջի բորբոքման դեպքերում:

Պաթոգենեզ
Հասարակ մարսողության խանգարման ժամանակ նկատվում են փսխում և որձկում, որոնց ժամանակ հեռանում է ավելորդ սնունդը: Հաճախ միանում է նաև լուծը, կղումը դառնում է հաճախակի (օրը 5-10 անգամ): Որովայնը փքված են, առաջանում են տնաճ հոտով գազեր: Երեխան անհանգիստ է և ախորժակ չունի: Թունավոր մարսողության խանգարումը կարող է առաջանալ հանկարծակի: Երեխայի վիճակը կտրուկ վատանում է, նա դառնում է թորշոմած կամ անսովոր քմահաճ: Մարմնի քաշն արագ պակասում է, երեխան կարող է կորցնել նաև գիտակցությունը: Փսխումն ու լուծը հանգեցնում են օրգանիզմի ջրազրկման: Աստիճանաբար երեխան դադարում է հակազդել ցավին: Նրա մաշկը գունատվում է կամ առաջանում են մոջգ կարմիր բծեր: Երեխայի անոթազարկը հաճախանում է, իսկ զարկերակային ճնշումը` իջնում: Արտաաղիքային մարսողության խանգարման ախտանշաններն առաջանում են հիմնական հիվանդության ախտանշաններին զուգահեռ:

Բուժում
Հասարակ մարսողության խանգարման առաջին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Մինչև բժշկի գալը 8-12 ժամ անհրաժեշտ է ընդհատել երեխայի կերակրումը և այդ ընթացքում երեխային տալ բավարար քանակությամբ հեղուկ (եռացրած գոլ ջուր կամ թեյ մարմնի քաշի 1 կգ-ին` 100-150 մլ): Բժիշկը կնշանակի անհրաժեշտ սննդակարգ և աստիճանաբար անցում կկատարվի տարիքին համապատասխան սննդի: Եթե անցումը կատարվի ժամանակից շուտ, հիվանդությունն ավելի կսրվի: Թունավոր մարսողության խանգարումը երեխայի կյանքի համար վտանգավոր է: Այդպիսի դեպքերում պահանջվում է անհապաղ բուժօգնություն: Անհրաժեշտ բուժումն անհնար է տանը կատարել, ուստի հարկավոր է երեխային շտապ տեղափոխել հիվանդանոց: Մինչև հոսպիտալացումն անհրաժեշտ է կերակրումն ընդհատել և կաթոցիչով եռացրած ջուր կամ թեյ կաթեցնել երեխայի բերանի մեջ (10-15 րոպեն 1 անգամ` 1-2 թեյի գդալ): Արտաաղիքային մարսողության խանգարման բուժումն ուղղված է հիմնական հիվանդության դեմ:

Կանխարգելում
Մարսողության խանգարման կանխարգելման համար անհրաժեշտ է խստորեն պահպանել կերակրման ռեժիմը և երեխային չափից ավելի չկերակրել: Անհրաժեշտ է նաև կանխել երեխայի գերտաքացումը: Պետք է նաև հիշել, որ հասարակ և թունավոր լուծին բնորոշ երևույթներից կարող են սկսվել տարբեր վարակիչ հիվանդություններ, օրինակ.
- դիզենտերիա,
- սննդային թունավարակում,
- ստամոքսաղիքաբորբ:
Ընտանիքի մյուս երեխաների վարակումը կանխելու համար անհրաժեշտ է եռացնել հիվանդ երեխայի տակաշորերը: Արգելվում է երեխային դուրս բերել հիվանդանոցից մինչև լրիվ առողջանալը: