Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ամեն խալ չէ, որ կարելի է հեռացնել

18 / 12 / 2021


 Դեմքի խալերի հեռացումը հիմնականում պայմանավորված է կոսմետիկ նկատառումներով: Նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դեմքի խալերի մեծ մասը հեռացվում է պլաստիկ վիրաբույժների կողմից:Մինչդեռ այսօր նկատվում է էսթետիկ վիրաբուժությամբ զբաղվող կենտրոնների աճ, ինչն էլ պայմանավորում է նման վիրահատությունների քանակի աճը: Ի դեպ, նման կենտրոնները շատ են նաև արևմտյան երկրներում, որտեղ նույնպես բավականին տարածված է խալերի հեռացումը կոսմետիկ նպատակներով:

2. Ո՞ր տիպի խալերը կարել է հեռացնել:
Հեռացնել կարելի է ցանկացած խալ, եթե բժիշկը վստահ է, որ հեռացվող խալը մաշկի չարորակ գոյացություն չէ: Ամեն դեպքում, ցանկացած հեռացված խալ պարտադիր պետք է ենթարկվի հյուսվածքաբանական հետազոտության, քանի որ չարորակ գոյացություն հայտնաբերվելու պարագայում շատ հաճախ կարիք է լինում երկրորդ՝ ավելի լայնածավալ վիրահատության կամ ճառագայթային բուժման: Եթե կա կասկած, որ խալը կարող է լինել չարորակ գոյացություն, ապա անհրաժեշտ է նախքան վիրահատությունը վերցնել նմուշ՝ բջջաբանական կամ հյուսվածքաբանական հետազոտության նպատակով, իսկ որոշ դեպքերում, երբ ենթադրվում է մելանոմայի առկայություն, անհրաժեշտ է կատարել գոյացության ախտորոշիչ հեռացում, որից հետո որոշվում է վիրահատության վերջնական ծավալը:

Ու՞մ դիմել խալերի հեռացման համար, արդյո՞ք վիրաբույժից բացի, կան մասնագետներ,ում կարելի է վստահել այս վիրահատությունը:
Խալերի հեռացումն ինքնին բարդ վիրահատություն չէ, այդ իսկ պատճառով նման վիրահատությունները կատարվում են ինչպես ընդհանուր, պլաստիկ, այնպես էլ օնկովիրաբույժների կողմից: Սակայն երբ խոսքը գնում է այն խալերի մասին, որոնք կարող են ի սկզբանե լինել չարորակ, ապա անհրաժեշտ է նեղ մասնագետի (ուռուցքաբանի, մաշկաբանի) խորհրդատվություն, քանի որ հաճախ նման դեպքերում անհրաժեշտ է լինում իրականացնել այսպես կոչված «արմատական» ուռուցքաբանական վիրահատություն:

4. Արդյոք կարծիքը, որ խալերի հեռացումը կարող է քաղցկեղ առաջացնել, համապատասխանու՞մ է իրականությանը:
Տարածված է այն կարծիքը, որ խալերի հեռացումը կարող է բերել քաղցկեղի առաջացման: Դա չի համապատասխանում իրականությանը: Պարզապես մարդիկ սովորաբար տեղեկանում են այն դեպքերի մասին, երբ հեռացված «խալն» արդեն իսկ իրենից ներկայացնում է չարորակ գոյացություն, որը հեռացվելուց հետո չի ուղարկվում հյուսվածքաբանական հետազոտության, կամ հեռացվում է ոչ ճիշտ: Կարճ ժամանակ անց՝ նկատվում է չարորակ գոյացության կրկնություն հեռացված տեղում, կամ, ինչը շատ ավելի վատ է, հայտնաբերվում են մետաստազներ հեռակա այլ օրգաններում կամ ավշային հանգույցներում: Ստացվում է, որ հեռացված «խալից» հետո ի հայտ է գալիս չարորակ գոյացություն, ինչն իրականում սխալ է, քանի որ քաղցկեղն արդեն իսկ եղել է մինչ վիրահատությունը:

5. Որո՞նք են խալերի \"վտանգավորության\" նշանները:
Ինչպես արդեն նշվեց, կան նշաններ, որոնք ի սկզբանե պետք է նախազգուշացնեն հիվանդին, ինչպես նաև բժշկին, որ կա հավանականություն խալի «տրանսֆորմացիայի», այսինքն, չարորակացման: Դրանք սովորաբար երկար տարիներ առկա խալի ձևի, գույնի, չափերի , բաղադրության հանկարծակի նկատվող փոփոխություններն են, ինչպես նաև վերքային մակերեսի կամ բորբոքման երևույթների զարգացումը: Կա նաև տեսանկյուն, որ անհատի խալերի ճնշող մեծամասնությունը բավականին նման են իրար, և այն խալերը, որոնք տարբերվում են մյուսներից, պետք է լինեն ուշադրության կենտրոնում և հսկվեն մասնագետի կողմից կամ ենթարկվեն հեռացման՝ ախտորոշումը ճշտելու նպատակով:

Ամեն դեպքում, ուշադրությունը սեփական մաշկի հանդեպ և կասկածելի նշանների առկայության դեպքում համապատասխան մասնագետի այցելելը լավագույն գրավականներն են մաշկային նորագոյացությունների ժամանակին հայտնաբերման և բուժման համար: