Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Բշտիկային զանգված (մոլար հղիություն)

14 / 01 / 2022

Բշտիկային զանգվածը հղիության կորստի հազվադեպ տեսակ է, որը դրսևորվում է պտղի չզարգանալով:

Եթե ձեզ մոտ զարգացել է հղիության կորստի այսպիսի վիճակ, դա չի նշանակում, որ դուք ինչ-որ բան սխալ եք արել կամ արել եք մի բան, որ չէր թույլատրվում:

 

Ի՞նչ է բշտիկային զանգվածը

 

Հղիությունը սկսվում է սպերմատոզոիդի կողմից ձվաբջջի բեղմնավորմամբ, որից հետո վերջինս տեղաշարժվում է արգանդ և ներդրվում լորձաթաղանթի մեջ: Բշտիկային զանգվածը զարգանում է, երբ ընկերք ձևավորող բջիջները նորմալ աճելու փոխարեն վերածվում են ոչ նորմալ բջիջների կույտի: Նման դեպքում խորիոնի թավիկները վերածվում են հեղուկով լի բշտիկների, իսկ բշտիկային զանգվածն արտաքնապես հիշեցնում է խաղողի ողկույզ, որի կենտրոնում երբեմն հայտնաբերում է պտղաձվի մնացորդներ։

Այսպիսի ոչ նորմալ (մոլար) հղիությունը կարող է լինել լրիվ կամ ոչ լրիվ:

  • Լրիվ կամ ամբողջական բշտիկային զանգվածի դեպքում պտուղն ընդհանրապես չի զարգանում: Սա տեղի է ունենում, երբ սպերմատոզիոդով բեղմնավորվում է որևէ գենետիկական տեղեկատվություն (կորիզ) չունեցող ձվաբջիջը:
  • Ոչ լրիվ կամ մասնակի բշտիկային զանգվածի դեպքում պտուղը կարող է զարգանալ, սակայն՝ ոչ լիարժեք, ուստի և կենսունակ չէ: Նման վիճակ զարգանում է, երբ նորմալ ձվաբջիջը բեղմնավորվում է երկու (այլ ոչ թե մեկ) սպերմատոզոիդով:

Բշտիկային զանգվածի պատճառները

 

Դեռևս հայտնի չէ, թե ինչու է բշտիկային զանգված զարգանում: Սակայն հայտնի է, որ այն ավելի հաճախ ի հայտ է գալիս մինչև 20 տարեկան երիտասարդ և 35-40 տարեկան այն կանանց շրջանում, ովքեր նախկինում ունեցել են նույն շեղումը:

Բշտիկային զանգվածի ախտանիշները

Բշտիկային զանգվածով կանայք սովորաբար իրենց զգում են այնպես, ինչպես սովորական հղիները, քանի որ ոչ նորմալ ընկերքը հաճախ արտադրում է հղիության հորմոն համարվող մարդու խորիոնային գոնադոտրոպինի (hCG) մեծ քանակներ:

Որոշ կանանց մոտ կարող են զարգանալ սուր առավոտյան հիվանդագին վիճակ, երբեմն էլ՝ առաջին 3 ամսվա ընթացքում զգալի արյունահոսություն: Այլ դեպքերում կարող են ի հայտ գալ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) և վահանաձև գեղձի խնդիրներ:

 

Ախտորոշում

Որոշ կանանց մոտ մոլար հղիության առկայությունը կարող է հայտնաբերվել նրանց հղիության առաջին սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ: Այլ դեպքերում այս վիճակն ախտորոշվում է միայն «պոստ ֆակտում»՝ ինքնաբուխ վիժումից կամ հղիության արհեստական ընդհատումից՝ աբորտից հետո:

 

Բուժում

Բշտիկային զանգվածը սովորաբար կարիք ունի վիրահատական միջամտությամբ հեռացվելու, որպեսզի կանխարգելվեն հնարավոր բարդությունները: Սա սովորաբար իրականացվում է հիվանդանոցային պայմաններում գինեկոլոգի կողմից, ով հեշտոցային մոտեցմամբ հեռացնում է արգանդի խոռոչում առկա բշտիկային հյուսվածքները: Այս միջամտությունը կոչվում է «կուրետաժ» («դիլատացիա և կուրետաժ», որը կարելի է թարգմանել որպես պարանոցի լայնացում և արգանդի խոռոչի քերում): Հեռացված բջիջները կարող են ուղարկվել լաբորատոր հետազոտության:

Բշտիկային զանգվածի դեպքերի մեծ մասի համար լայնացումը և կուրետաժը բավարար է: Որոշ դեպքերում, երբ մնում է բշտիկային հյուսվածք, որն աճում է արգանդի ավելի խոր շրջաններ կամ տարածվում, կարող է անհրաժեշտ լինել իրականացնելու այսպես կոչված «ինվազիվ բշտիկ»: Հազվադեպ բշտիկային հյուսվածքը կարող է փոխակերպվել «խորիոկարցինոմա» կոչվող քաղցկեղի, որը պահանջում է հետագա բուժում:

Եթե դուք ապագայում հղիություններ չեք նախատեսում, բժիշկը կարող է ձեզ հետ քննարկել որպես բշտիկային զանգվածի բուժում արգանդի ամբողջական հեռացման նպատակահարմարությունը (հիստերէկտոմիա):

 

Վերահսկում

Համոզվելու համար, որ բշտիկային հյուսվածքը ձեր արգանդից ամբողջովին հեռացված է, բժիշկը կարող է խնդրել, որպեսզի հաճախակի ստուգեք ձեր արյան hCG մակարդակը՝ քանի այն չի նորմալացել: Նման դեպքում գուցե կարիք զգացվի, որ դուք հանձնեք այս և այլ հետազոտություններ առաջիկա 6-12 ամսվա ընթացքում:

Բշտիկային զանգվածը չի ազդում կրկին հղիանալու ձեր ունակության վրա: Սակայն դուք պետք է համբերեք, մինչև ձեր օրգանիզմն անհաջող հղիությունից հետո լիարժեքորեն վերականգնվի: Այսպիսի ժամանակային միջակայքն օգնում է, որպեսզի բժիշկը հասկանա, թե ձեր արյան hCG մակարդակն աճում է նոր հղիության, թե հին բշտիկային հյուսվածքների հաշվին:

 

Հուզական աջակցություն

Հղիության կորուստը կարող է լինել խիստ հիասթափեցնող ու տխրեցնող: Նման դեպքերում ձեզ կարող է օգնել հուզական օժանդակության միջոցառումները, օրինակ՝ փսիխոթերապևտի հետ զրույցները: