Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն

08 / 02 / 2022

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց:

Հիվանդությունը հաճախ հետևանք է գրգռող գազերի կամ կոշտ մասնիկների (ծխախոտի ծուխ և այլն) երկարատև ազդեցության: Այս ախտաբանությամբ տառապողները ենթակա են սիրտ-անոթային հիվանդության, թոքերի քաղցկեղի և այլ հիվանդությունների զարգացման վտանգին:

Էմֆիզեման և քրոնիկ բրոնխիտը երկու առավել տարածված վիճակներ են, որոնք նպաստում են թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության առաջացմանը:

  • Քրոնիկ բրոնխիտ. բրոնխների լորձաթաղանթի բորբոքումն է, որը բնորոշվում է մշտական հազով և խորխարտադրությամբ:
  • Էմֆիզեմա. թոքերի քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մանր բրոնխիոլների (բրոնխների ծայրային ճյուղավորումներ) լայնացում և ալվեոլների միջնապատերի քայքայում:


Պատճառները

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության հիմնական պատճառը զարգացած երկրներում ծխախոտի օգտագործումն է: Զարգացող երկրներում հիվանդությունը հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնք ենթարկվում են գազերի, վառելիքի ծխի ազդեցության՝ վատ օդափոխվող սենյակում:

Ախտանշանները

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ախտանշանները կարող են չարտահայտվել այնքան ժամանակ, քանի դեռ չի զարգացել թոքերի նշանակալի ախտահարում: Վիճակի ծանրության աստիճանը բարձրանում է ժամանակի ընթացքում, հատկապես, եթե թոքերի վրա վնասակար ազդեցությունը շարունակվում է:

Քրոնիկ բրոնխիտի հիմնական ախտանշանը հազն է, խորխարտադրությունը` ոչ պակաս 3 ամիս տևողությամբ, 2 տարի անընդմեջ:

Կարող են լինել նաև այլ ախտանշաններ.
 

  • հևոց, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ,
  • խզզոց` շնչելիս,
  • կրծքավանդակի ճնշման զգացողություն,
  • քրոնիկ հազ` խորխարտադրությամբ, թափանցիկ, դեղին կամ կանաչավուն,
  • շրթունքների կամ եղունգների կապտություն (ցիանոզ),
  • հաճախակի շնչառական հիվանդություններ,
  • էներգիայի պակաս,
  • քաշի անկում (ավելի ուշ շրջաններում),
  • այտուց` ձեռքերի ափերում, ներբաններում և ոտքերում:


Բարդությունները

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել:
 

  • Շնչառական հիվանդություններ. հիվանդները հաճախ են մրսածական հիվանդություններ ունենում: Գրիպը և թոքաբորբը կարող են վատացնել շնչառությունը և հետագայում առաջացնել թոքային հյուսվածքի վնասում:
  • Սրտի հետ կապված խնդիրներ. դեռևս ոչ այնքան հասկանալի պատճառներով թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը կարող է մեծացնել սրտային հիվանդությունների վտանգը: Ծխախոտից հրաժարվելը վտանգը կարող է նվազեցնել:
  • Թոքերի քաղցկեղ. այս հիվանդներն առավել նախատրամադրված են թոքերի քաղցկեղի զարգացմանը:
  • Բարձր զարկերակային ճնշում` թոքային զարկերակներում. հիվանդությունը կարող է առաջացնել ճնշում այն զարկերակներում, որոնք արյուն են մատակարարում թոքային հյուսվածքին:


Կանխարգելումը

Քանի որ հիվանդության դեպքերի մեծ մասը կապված է ծխելու հետ, ամենակարևոր կանխարգելումը ծխելուց հրաժարվելն է:

Վնասակար քիմիական գազերի, գոլորշու ազդեցության դեպքում անհրաժեշտ է առավելագույն քչացնել դրանց հետ առնչությունը, կամ օգտագործել հատուկ պաշտպանիչ միջոցներ (հակագազ, դիմակ):

.