Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Քլամիդիոզ

07 / 01 / 2022

Chlamydia trach-matis-ով (D-ից K սերոտիպեր) հարուցված միզասեռական վարակը ամենահաճախ հանդիպող սեռավարակներից է: Հիվանդության անախտանշան ընթացքն առավել հատուկ է կանանց (մինչեւ 80%) եւ, հաճախ մնալով չհայտնաբերված, առաջ է բերում զուգընկերների վարակում եւ բարդություններ, որոնցից է նաեւ չբերությունը (25-30%):

Կլինիկական ախտորոշում

Ախտանշանները շաղկապված են վզիկաբորբի, միզուկաբորբի եւ դրանց բարդությունների հետ:

Կանայք

Միզասեռական վարակը ախտանշաններով է դեպքերի գրեթե 30%-ի մոտ.
- լորձաթարախային վզիկաբորբ,
- հեշտոցային թարախային արտադրություն,
- ստորորովայնային ցավ,
- պոստկոիտալ կամ միջդաշտանային արյունահոսում,
- դիզուրիա,
- ԿԲՀ նշաններ կամ քրոնիկ կոնքային ցավ:

Տղամարդիկ
Միզասեռական վարակը ախտանշաններով է դեպքերի գրեթե 65%-ի մոտ.
- միզուկային արտադրություն,
- դիզուրիա,
- մակամորձաբորբի եւ շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) ախտանշաններ:

Երկուսի մոտ
Տղամարդու եւ կնոջ մոտ հնարավոր ախտանշաններն են`
- անոռեկտալ արտադրություն (անալ հարաբերության դեպքում) եւ դիսկոմֆորտ,
- կոնյուկտիվիտ,
- հոդացավ:

Լաբորատոր ախտորոշում

Իմունաֆերմենտային անալիզ (ԻՖԱ)

- Զգայունության սահմանները` 20-85%, ըստ թեստի տեսակի:
- Առավելություններ. տարբեր քանակով նմուշների թեստավորման համար պրակտիկ, արագ, ավտոմատացված, մատչելի:
- Թերություններ. բարձր յուրահատկությունը միշտ չէ ապահովված, պահանջում է նմուշի հավաքման հմտություն եւ ճշգրտություն (վզիկից, միզուկից):

Նուկլեաթթուների ամպլիֆիկացում (ՆԹԱ)

- Զգայունության սահմանները` 70-95%:
- Առավելություններ. բարձր յուրահատկություն (97-99%), մեծ թվով նմուշների թեստավորման համար պրակտիկ է:
- Թերություններ. թանկ եւ բարդ եղանակ է, պահանջում է մասնագիտացված լաբորատորիա:

Ֆլուորեսցենտ հակամարմինների ուղիղ փորձ (DFA)

- Զգայունության սահմանները` 50-90%, ըստ լաբորատորիայի մասնագիտացման, հմտության եւ նմուշում տարրական մարմնիկների քանակի:
- Առավելություններ. հարմար է եւ° ինվազիվ, եւ° ոչ ինվազիվ եղանակների դեպքում (օր.` մեզ):
- Թերություններ. մեծ թվով նմուշների համար կիրառելի չէ, ժամանակատար է:

Հետազոտման ցուցումներ

- Միզասեռական վարակի ախտանշաններ
- Կոնյուկտիվիտ
- ԿԲՀ
- Հոդաբորբ երիտասարդների մոտ
- Քրոնիկ կոնքացավ
- Փողային չբերություն
- էպիդիդիմո-օրխիտ
- Ռիսկային վարքագիծ
- Հղիություն
- Բժշկական միջամտությունից առաջ (հղիության ընդհատում, ներարգանդային պարույրի տեղադրում, արհեստական բեղմնավորում)

Բուժման ցուցումներ

- Քլամիդիայով պայմանավորված վարակ:
- Զուգընկերոջ մոտ քլամիդիոզի առկայություն (տե°ս Զուգընկերների վարումը),
- Գոնոռեայով հիվանդ անձանց` եթե հնարավոր չէ կատարել քլամիդիայի հետազոտություն (տես° միզուկաբորբերի համախտանշային վարում):
- Քլամիդիոզի ախտանշաններով հիվանդին, երբ հնարավոր չէ կատարել քլամիդիայի նկատմամբ հետազոտում (տես° Միզուկաբորբերի համախտանշային վարում):

Հասուն մարդկանց, պատանիների եւ 45կգ-ից ավելի երեխաների բուժումը

Հանձնարարվող եղանակներ

- Ազիթրոմիցին 1000 մգ խմելու, միանվագ
- Դոքսիցիկլին 100 մգ խմելու, օրը 2 անգամ, 7 օր
- էրիթրոմիցին 500 մգ խմելու, օրը 4 անգամ, 7 օր
- Օֆլոքսացին 200 մգ խմելու, օրը 2 անգամ, 7 օր
- Ռոքսիթրոմիցին 150 մգ խմելու, օրը 2 անգամ, 7 օր
- Մոքսիֆլոքսացին 400 մգ խմելու, օրը 1 անգամ. 7 օր
- Ցիպրոֆլոքսացին 500 մգ խմելու, օրը 2 անգամ, 7 օր
- Ամոքսիցիլին-կլավուլանատ 1000 մգ խմելու, օրը 1 անգամ, 7 օր
- Քլարիթրոմիցին 250 մգ խմելու, օրը 2 անգամ, 7 օր

Հղի կանանց բուժումը

Հանձնարարվող եղանակներ`

- Էրիթրոմիցին 500 մգ խմելու, օրը 4 անգամ, 7 օր
- Ամոքսիցիլին-կլավուլանատ 1000 մգ խմելու, օրը 1 անգամ, 7 օր
- Ժոզամիցին 750 մգ խմելու, օրը 2 անգամ, 7 օր
- էրիթրոմիցինի հիմք 250 մգ խմելու օրը 4 անգամ, 14 օր
- Էրիթրոմիցին էթիլսուկցինատ 800 մգ խմելու, օրը 4 անգամ, 7 օր
- Էրիթրոմիցին էթիլսուկցինատ 400 մգ խմելու, օրը 4 անգամ, 14 օր
- Ազիթրոմիցին 1000 մգ խմելու, միանվագ

Ընդհանուր նկատառումներ

- Վարակված անձանց բուժումը կանխում է հետագա բարդությունները, ինչպես նաեւ փոխանցումը զուգընկերներին, իսկ հղիության դեպքում` նորածնին:
- Նշանակել բուժման դյուրին եւ կիրառելի սխեմա:
- Քլամիդիոզով հիվանդ անձանց միաժամանակ հետազոտել այլ ՍՎ-ների նկատմամբ:

Հատուկ նկատառումներ

- Սեռական ժուժկալություն մինչեւ բուժման ավարտը.
- Բուժմանը հարմարվելը կախված է այն տեղեկատվությունից, որը տրվում է քլամիդիոզով վարակման ուղիների, հետեւանքների, զուգընկերոջ համար կարեւորության, ախտորոշման, բուժման սխեմաների եւ կողմնակի ազդեցությունների մասին:

Հատուկ նկատառումներ հղի կանանց համար

- Տետրացիկլինային եւ քինոլոնների խմբի հակաբիոտիկները հակացուցված են:
- Ազիթրոմիցինի անվտանգությունը վերջնականապես պարզված չէ:
- Բուժումից 3 շաբաթ անց հիվանդին կրկին հետազոտել, քանի որ բուժման եղանակները ոչ բոլոր հիվանդների մոտ են ապահովում լիարժեք արդյունավետություն:

Հատուկ նկատառումներ ՄԻԱՎ վարակակիր անձանց համար

ՄԻԱՎ վարակակիր եւ քլամիդիային վարակով անձինք պետք է ստանան նույն բուժումը, ինչ առանց ՄԻԱՎ-ի հիվանդները:

Զուգընկերների վարումը

- Հիվանդի բոլոր սեռական զուգընկերներին նշանակել բուժում (եթե հնարավոր չէ նրանց հետազոտել):

Հսկողություն

Դոքսիցիկլինով կամ ազիթրոմիցինով բուժումից հետո կարիք չկա սահմանել հսկողություն, սակայն դա կարող է օգտակար լինել կանխարգելիչ եւ հետազոտական աշխատանքների համար:

Ցուցումներն են`
- ապաքինման վերաբերյալ հիվանդի կասկածամտությունը.
- ախտանշանների կայունությունը.
- հիվանդի կողմից բուժումը ճիշտ կատարելու նկատմամբ կասկած.
- վերավարակման հնարավորությունը.
- էրիթրոմիցինով բուժումից հետո (բուժման ձախողման հնարավորություն):
- Ռեժիմ. ԻՖԱ` բուժման ավարտից 2 շաբաթ անց, ՆԹԱ` բուժման ավարտից 3-4 շաբաթ անց:

Քլամիդիային վարակ նորածինների մոտ

Նորածիններին քլամիդիային վարակը փոխանցվում է ծննդաբերության ժամանակ` ծնուղիներով անցնելիս: Քլամիդիոզով հիվանդ մորից ծնված երեխան ունի վարակման չափազանց բարձր վտանգ: Նորածինների մոտ նաեւ կարող է առաջանալ օրոֆարինքսի, սեռական ուղիների եւ հետանցքի անախտանշան վարակ: Հետեւաբար` վարակված մորից բնական ճանապարհով ծնված երեխան պետք է բուժման ենթարկվի: Հղի կանանց նախածնական դիտարկումը կկանխի նորածինների քլամիդիային վարակի փոխանցումը:

Կլինիկական ախտորոշում

- Հարծննդական նախնական քլամիդիային վարակը նորածինների մոտ ընդգրկում է աչքի, օրոֆարինքսի, միզասեռական ուղու եւ ռեկտումի լորձաթաղանթները.

- Քլամիդիային վարակը զարգանում է հաճախ կոնյուկտիվիտի նշաններով, որոնք հայտնվում են ծնվելուց 5-12 օր հետո.
- Քլամիդիան նաեւ պատճառ է ենթասուր աֆեբրիլ թոքաբորբի, որն սկսվում է 1-3 ասական հասակում: Բնորոշ նշաններն են կրկնվող ստակատո հազը` հաճախաշնչության հետ, խորացված ներշնչումը եւ երկկողմանի սփռուն ինֆիլտրատները ռենտգեն նկարում:

Լաբորատոր ախտորոշում

- Թոքաբորբի դեպքում. նմուշները պետք է հավաքվեն քիթըմպանից քլամիդիային հետազոտության համար.

- Քլամիդիային թոքաբորբի ախտորոշման վերջնական ստանդարտը մնում է հյուսվածքային ցանքսը. շնչափողի ասպիրատները եւ թոքային բիոպսիային նմուշներն ըստ հնարավորին պետք է ստուգվեն.

- Քլամիդիային հակամարմնի հայտնաբերելը միկրոիմունոֆլուորեսցենտ հետազոտությամբ օգտակար է նորածինների մոտ քլամիդիային թոքաբորբի ախտորոշման համար, սակայն լայնորեն ընդունված չէ: IgM հակամարմնի 1:32 տիտրը հուշում է քլամիդիային թոքաբորբի մասին:

Հետազոտման ցուցումներ

- Կոնյուկտիվիտի կլինիկական ախտանշաններ,
- Թոքաբորբի կլինիկական ախտանշաններ:

Բուժում

Թոքաբորբի եւ կոնյուկտիվիտի բուժման եղանակ

- Էրիթրոմիցինի 50 մգ/կգ/օր բախշած օրը 4 դեղաչափերի, խմելու, 10-14 օր,

- Տեղային հակաբիոտիկային բուժումն առանձին քլամիդիային վարակի բուժման համար անհրաժեշտ չէ, երբ համակարգային բուժում է տրամադրվում:

Հսկողություն

- Բուժման ազդեցությունը որոշելու համար նորածինների մոտ հսկողությունը հանձնարարելի է: Էրիթրոմիցինով բուժման արդյունավետությունը մոտ 80% է: Բուժման 2-րդ կուրս կարող է պահանջվել: Զուգահեռ քլամիդիային թոքաբորբի հավանականությունը հնարավոր է:

Ընդհանուր նկատառումներ

- Ակնային արտադրուկները միաժամանակ պետք է հետազոտել գոնոկոկերի համար.
- Քլամիդիային վարակի ախտորոշումը հաստատում է քլամիդիայի նկատմամբ բուժման կարիքը ոչ միայն նորածնի, այլեւ մոր եւ նրա զուգընկերոջ (զուգընկերների) համար :
- Նորածինների բուժման հարցում պարտադիր է ներառել մանկաբույժների խորհրդատվությունը:

Ակնային վարակի կանխարգելում

- Նորածինների մոտ ակնային վարակի կանխարգելումը արծաթի նիտրատի լուծույթով կամ հակաբիոտիկային քսուքներով արդյունավետ չէ, սակայն պարտադիր է բլենոռեան կանխելու համար:

Երեխաների մոտ քլամիդիային վարակ

Ոչ սեռահասուն երեխայի մոտ քլամիդիային վարակի հնարավոր պատճառ պետք է համարել սեռական բռնությունը: Հարծննդականորեն (պերինատալ) փոխանցված քիթըմպանի, միզասեռական ուղու եւ ուղիղ աղու քլամիդիային վարակը կարող է տեւել 1 տարուց ավելի:

Բուժում

Հանձնարարվող եղանակ

- 45 կգ-ից ցածր երեխաներ` էրիթրոմիցինի 50 մգ/կգ/օր բախշած օրը 4 դեղաչափերի, խմելու, 10-14 օր
- 45 կգ-ից բարձր երեխաներ` կիրառել ազիթրոմիցինով բուժման եղանակը, ինչ որ մեծահասակ հիվանդների դեպքում :

Հսկողություն

- Էրիթրոմիցինով բուժման արդյունավետությունը մոտ 80% է. Հնարավոր է բուժման 2-րդ կուրսի պահանջ: