Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Խիթ

11 / 01 / 2022

Խիթը (կոլիկա) սուր, կրծքամնան ցավերի նոպա է, որն առաջանում է որովայնի խոռոչի օրգանների և երիկամների հիվանդությունների դեպքում: Պայմանավորված է նշված օրգանների մկանների տևական ջղաձգությամբ: Տարբերում են աղիքային, լյարդային, երիկամային, ենթաստամոքսագեղձային (պանկրեասային) խիթեր: Առավել հաճախ նկատվում է աղիքային խիթ, որը կարող է առաջանալ առատ և դըժվարամարս սննդի ընդունման, աղիքների բորբոքումների, սպիների և կպումների, որդերի առկայության, խմորման կամ նեխման արագ գործընթացների հետևանքով, որոնք նպաստում են գազառաջացմանը և դրա հետ կապված` աղիքների պատերի ձգմանը:

Աղիքային խիթի տարատեսակ են որդանման ելունային (ապենդիկուլյառ) և ուղիղաղիքային խիթերը:Աղիքային խիթը բնորոշվում է որովայնի աջ ստորին կեսում առկա տևական հարաճուն ցավերով, իսկ ուղիղաղիքային խիթը`կղման հաճախակի, այդ թվում կեղծ, ցավոտ նքոցներով: Աղիքային խիթը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, որովայնի փքվածությամբ. սեղմելիս ցավերը մեղմանում են:

Լյարդային խիթի դեպքում ցավերն առաջանում են աջ թուլակողում և տարածվում հիմնականում որովայնի վերին հատվածում, հաճախ ճառագայթվում են դեպի աջ ուսը և ենթաթիակային շրջանը:Նոպաները կարող են ուղեկցվել բերանի չորության, դառնության զգացումով, սրտխառնոցով, փսխումով, ջերմաստիճանի բարձրացմամբ և տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի ժամ:

Ենթաստամոքսագեղձային խիթի դեպքում գոտևորող ցավերը ճառագայթվում են դեպի մեջքը: Երիկամային խիթը բնորոշվում է որովայնի և գոտկային շրջանի չափազանց ուժեղ ցավերով, որոնք սովորաբար ճառագայթվում են դեպի աճուկներն ու սեռական օրգանները և ուղեկցվում միզարձակման հաճախացմամբ, հիվանդագին նքոցներով: Հիվանդն անհանգիստ է, ձգտում է մարմնին հարմար դիրք տալ: Նշված նոպաները հաճախ առաջանում են ֆիզիկական լարվածությունից հետո:

Բուժում

Խիթը ամենատարբեր հիվանդությունների ախտանշան է, որոնց բուժումը պահանջում է մասնագիտական բժշկական գիտելիքներ: Ուժեղ ցավերի նոպայի դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, իսկ մինչև նրա գալը հիվանդին հանգիստ պառկեցնել: Անթույլատրելի է ինքնաբուժումը: Եթե որոշ հիվանդությունների դեպքում աղիքային խիթը մեղմանում է ջերմային բուժարարողությունից և մաքրող հոգնայից հետո, ապա որդանման ելունի սուր բորբոքմանն ուղեկցող խիթի դեպքում այդ բուժարարողությունները միանգամայն անթույլատրելի են: Տաք լոգանքն արդյունավետ է երիկամային և անթույլատրելի` ենթաստամոքսագեղձային խիթի դեպքում: Առանց բժիշկի թույլտվության, ցավազրկող դեղանյութերի, ջերմային և այլ արարողությունների կիրառումը կարող է հանգեցնել բարդությունների, դժվարացնել հիվանդության ախտորոշումը, բուժումը, երբեմն էլ` առաջացնել անուղղելի հետևանքներ: