Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Հազ

24 / 12 / 2021

Հազը շնչառական օրգանների հաճախակի և հիմնական ախտանշաններից է: Հազը տարբերում են`
1. ըստ տևողության` նոպայանման (կապույտ հազի դեպքում), պարբերական (բրոնխաբորբի ժամանակ), անընդհատ, կարճատև (կրծքամզի բորբոքման դեպքում)
2. ըստ ձայներանգի` ,,հաչոցանման,, (կոկորդի ախտահարման և հիսթերիայի ժամանակ), խռպոտ և անձայն (ձայնալարերի բորբոքման և խոցոտման ժամանակ):

Պատճառներ
Պատճառը կարող է լինել շնչուղիների (ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթի և կրծքամզի նյարդերի զգացող վերջույթների (ընկալիչներ) անմիջական գրգռումը: Հազվադեպ նկատվում է ռոֆլեքսային ծագման հազ, երբ գրգռման աղբյուրը գտնվում է շնչուղիներից դուրս: Երբեմն հազը առաջանում է հուզական լարվածությունից:

Պաթոգենեզ
Հազալիս սկզբում տեղի է ունենում խոր շնչառում, այնուհետև լարվում են շնչառական մկանները, ձայնաճեղքը փակվում է, կրծքավանդակում ստեղծվում է բարձր ճնշում: Դրանից հետո կատարվում է սեղմված ձայնաճեղքով բարձր ճնշման տակ օդի ուժեղ շիթով հրոցանման կրկնակի արտաշնչում, որի դեպքում օդի շիթը թոքից հեռացնում է խորխը կամ օտար մարմինը: Հազը լինում է թաց` խորխարտադրությամբ (բրոնխաբորբի, բրոնխալայնանքի, թոքաբորբի, թոքերի տուբերկուլոզի դեպքերում) և չոր` առանց խորխի (հաճախ առաջանում է վերին շնչուղիների հիվանդությունների, օտար մարմիններով բրոնխների գրգռման և բրոնխների ու թոքերի բորբոքային հիվանդությունների սկզբնական շրջաններում):

Բուժում
Հազով ուղեկցվող հիվանդությունն ախտորոշելու կամ բուժելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի: Բրոնխներից արտադրության հեռացմանը նպաստող հազը սովորաբար պետք չէ ընկճել: Նման դեպքերում նշանակում են խորխաբեր դեղանյութեր: Ծանր հիվանդներին հազի ժամանակ պետք է հարմար դիրք տալ, որպեսզի խորխը հեշտությամբ դուրս գա: Չոր հազը փափկացնում և պակասեցնում են ցավազրկող, հակահազային միջոցներով: Հազը վերացնելու համար, բժշկի նշանակմամբ, կրծքավանդակին դնում են մանանեխի ծեփուկներ, բժշկական բաժակներ, տաքացնող կոմպրեսներ, կատարում ոտքերի մանանեխային լոգանքներ և այլն: