Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ինչպե՞ս հաղթահարել․․Ստորին գոտկային ցավային համախտանիշը

12 / 02 / 2022

Մեջքի ցավը ամենատհաճ երևույթներից է, որը բազմաթիվ անհարմարություններ է առաջացնում և բացասաբար ազդում մեր կյանքի որակի վրա։

Ամենատարածված տեսակներից է ստորին գոտկային ցավային համախտանիշը։

 Որո՞նք են ստորին գոտկային ցավային համախտանիշի առաջացման պատճառները։ 

Այս համախտանիշը մոնոֆակտորիալ չէ։ Այն առաջացման բազմաթիվ պատճառներ ունի։ 

Ամենատարածված պատճառը դիսկոգեն բնույթի է, երբ միջողային սկավառակները ունենում են վնասվածք, ճողվածք, արտափքում, ինչի հետևանքով նյարդարմատային կոնֆլիկտ է առաջանում կամ ողնուղեղի պատյանների վրա սեղմելու հետևանքով առաջանում է դեպի ստորին վերջույթներ ճառագայթող ցավ գոտկային հատվածում։ Սակայն բացի միջողային սկավառակների արտափքումից ցավի առաջացումը կարող է պայմանավորված լինել մի քանի այլ պատճառներով, ինչպես օրինակ՝ ֆասեթ հոդերի, միջողային հոդավորումների բորբոքային այտուցը, հոդաշապկի հաստացումը, ողնուղեղային կանալի ներսում տեղակայված կապանային ապարատի հաստացումը, որն իր պատճառներն ունի՝ կառուցվածքային կամ տարիքային գործոնով պայմանավորված։ Լինում են նաև ցավեր սպոնդիլոլիստեզի հետևանքով, երբ մի ողը մյուսի նկատմամբ սահանկում է։ 

Ի՞նչ դրսևորումներ ունի ստորին գոտկային ցավային համախտանիշը։ 

Կարող է լինել ցավ զուտ գոտկային հատվածում և անհարմարության զգացում, լինի դա հանգստի վիճակում, նստած, թե պառկած։ Կարող է լինել նաև ցավ, որը ճառագայթում է դեպի ստորին վերջույթներ։ Կախված նրանից, թե ինչ մակարդակի է ճառագայթումը մեզ համար  պարզ է դառնում, թե նյարդարմատներից որ մեկն է ներառված։

Իսկ որո՞նք են հիմնական ռիսկի գործոնները։ 

Առաջին ռիսկի գործոնը կենսակերպն է՝ ֆիզիկական ակտիվության չարաշահումը, սխալ իրականացումը կամ բացակայությունը։ Տարիքը նույնպես ռիսկի գործոնների ցանկում է։ Այս համախտանիշը ավելի հատուկ է 40+ տարիքից հետո։ Ռիսկի գործոն են նաև տրավմաները։ Իր ազդեցությունն ունի նաև գենետիկան, որովհետև միջողային սկավառակների մաշելիությունը, խոցելիությունը պայմանավորված է նաև ժառանգական գործոնով։

Ինչպե՞ս է բուժվում ստորին գոտկային ցավային համախտանիշը։

Առաջին հերթին կատարվում է ռենտգենաբանական քննություն, շատ հաճախ այն ընդգրկում է ողնաշարի բոլոր հատվածները՝ պարանոցից մինչև սրբոսկր, պոչուկ։ Սա օգնում է ճշգրիտ պարզել գանգատի բնույթը։ 

Դրա համար առաջին էտապում նշանակվում է հակաբորբոքային և մկանային լարվածությունը հանող դեղորայք։  

Իսկ ի՞նչ է արվում, եթե նախնական դեղորայքային բուժումը արդյունք չի տալիս։

Եթե նախնական դեղորայքային բուժման ֆոնի վրա փոփոխություն տեղի չի ունենում, այսինքն  ավելի կայուն վնասող գործոն կա, քան ծանրաբեռնվածությունը, պետք է անցնել  ՄՌՏ քննության։ Եթե  չկան վիրահատական միջամտության ուղղակի ցուցումներ, բլոկադաների կատարման որոշում են կայացնում։ 

Բլոկադաների ի՞նչ տարատեսակներ կան և դրանք ի՞նչ արդյունք կարող են ապահովել։ 

Գոտկային հատվածի տարբեր պատճառներով առաջացած ցավերի մասին խոսելուց պետք է իմանալ ամենատարածված տեսակներից մեկը այսպես կոչված սակրալ բլոկադան է, երբ դողորայքը ներարկվում է ներկանալային տարածություն և թույլ է տալիս անմիջապես տեղում ստեղծել դեղորայքի մեծ կոնցենտրացիա, որը օգնում է հիվանդին կազդուրվել և անցնել վերականգնողական փուլին։

Մյուս տարբերակը իսթմիկ բլոկադան է, որի ժամանակ  դեղը ներարկում են վերևում նշված սպոնդիլոլիստեզ հիվանդության դեպքում՝ վերահաստատելու, որ ցավերը այդ ոչ կայուն սեգմենտի հետևանքով են առաջացել, որից հետո անցնում են թերապևտիկ հատվածին՝ մեղմացնում են ցավերը և ուղղորդում վերականգնողական վարժությունների։

Մյուսը ֆասեթ հոդերի բլոկադան է, որը կատարվում է, երբ տեսնում են, որ ցավ առաջացնող գործոնը միջողային հոդավորումներն են։

Այս բոլորը անպայման կատարվում է ռենտգեն մոնիթորինգի ներքո, որը թույլ է տալիս ոչ թե փակ աչքերով ներարկել, այլ կոնտրաստ նյութով առաջին հերթին ներարկում անել և համոզվել, որ դա ճիշտ տարածությունն էր, ինչից հետո ներարկում են դեղորայքը։

Ի՞նչ անել ստորին գոտկային ցավային համախտանիշից խուսափելու համար։

Մինչև 18 տարեկանը բնությունը մեզ պաշտպանում է։ Հետո սկսում ենք մեզ մաշել և փնթփնթալ։ Ավելորդ քաշ, անքուն գիշերներ, վատ սովորություններ, այս ամենը ի վերջո հանգեցնում է խնդիրների։ Ցանկալի է չունենալ ավելորդ քաշ, ունենալ ֆիզիկական ակտիվություն, պահպանել քնի հիգիենան, քանի որ շատ հետաքրքրիր օրինաչափություն կա՝ գիտությունը ցույց է տվել, դիսկերի մեջ կուտակվող երկրորդային տոքսիկ նյութերը մաքրվում են ութ ժամ հորիզոնական դիրքր պարագայում։