Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Լեռնային հիվանդություն

06 / 01 / 2022

Լեռնային հիվանդությունը օրգանիզմի ախտաբանական վիճակ է, որն առաջանում է բարձրլեռնային պայմաններին հատուկ նոսր օդում գտնվելիս: Բարձունքային հիվանդության տարատեսակ է. առաջանում է մեծ բարձրություններում առկա թթվածնաքաղցի հետևանքով: Լեռնային հիվանդության հիմնական ախտանշաններն են հևոցը, սրտխփոցը, գլխապտույտը, գլխացավերը, աղմուկն ականջներում, անոթազարկի հաճախացումը, երբեմն` սրտի գործունեության խանգարումը, մկանային թուլությունը, քթային արյունահոսությունը, սրտխառնոցը և այլն:

Թթվածնաքաղցի առաջացմանը նպաստում են ֆիզիկական հոգնածությունը, սառեցումը, իոնացած օդը, անդրամանուշակագույն ճառագայթահարումը: Լեռնային հիվանդություն կարող է առաջանալ մեծ բարձրությունները շատ արագ (ոտքով, ավտոմեքենայով, ճոպանուղով և այլն) բարձրանալիս: Աստիճանաբար, դանդաղ բարձրանալու դեպքում (2-3 օր միջանկյալ բարձրություններում մնալով) հիվանդության ախտանշանները թուլանում են հարմարվելու շնորհիվ: Լեռնային հիվանդությունը, որպես կանոն, առաջանում է 4000 մ և ավելի բարձրություններում, սակայն գեր կամ թուլակազմ մարդկանց օրգանիզմում 1-ին ախտանշանները (օրինակ` քնկոտությունը) կարող են ի հայտ գալ նույնիսկ 1000 մ բարձրության պայմաններում: Իսկ 2000 մետրում հաճախ նկատվում է գրգռված վիճակ (էյֆորիա): Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում թթվածնային անբավարարության ազդեցությունը (հևոց, գլխացավ և այլն) նկատվում է արդեն 3000 մ բարձրությունում, 4000 մետրից սկսած կարող են նկատվել խոսքի խանգարումներ, վրիպախոսություն, իսկ 5000 մետրում` կոմային վիճակ, անոթային և սրտային անբավարարության ախտանշաններ, երբեմն` մահ:

Բուժում
Լեռնային հիվանդության բուժման համար պետք է վերացնել կամ թուլացնել օրգանիզմի հյուսվածքների թթվածնային քաղցը: Անհրաժեշտ է տուժածին իջեցնել բարձրությունից, շնչել տալ թթվածին կամ թթվածնի և ածխաթթվի խառնուրդ: Գլխացավի դեպքում խորհուրդ են տրվում ցավամոքիչ դեղանյութեր (ֆենացետին, ամիդոպիրին և այլն), որպես դրդող միջոց` թունդ սուրճ: Շնչառությունը խթանելու համար շնչել տալ ամոնիակի 10 %-անոց լուծույթ (անուշադրի սպիրտ):

Կանխարգելում
Լեռնային հիվանդության կանխարգելման նպատակով պետք է մարզումներ կատարել ճնշախցիկում: Լեռներ բարձրանալիս խորհուրդ է տրվում թթվածին շնչել (կարճատև վերելքների ժամանակ սկսել 4000 մ բարձրությունից, երկարատևի դեպքում` 3000 մետրից), շաքարաջրով կիտրոնաթթու (15 գ կիտրոնաթթուն` 200 գ շաքարաջրում) և վիտամիններ ընդունել: Բարձրլեռնային հարմարվողականության 1-ին օրերին սահմանափակել ֆիզիկական բեռնվածությունը: