Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Հիրուդոթերապիա (տզրուկաբուժություն)

16 / 12 / 2021



Տզրուկների խնամքը

Տզրուկներին կարելի է պահել հասարակ երեք լիտր տարողությամբ անոթի մեջ։ Ջուրն անոթում պետք է լինի վճիտ։ Պետք չէ ջուրը լցնել անմիջապես ծորակից, քանի որ քլորամշակում անցած և "կոշտ" ջուրը վնասակար է տզրուկների համար։ Տզրուկների համար նախատեսված անոթը չարժե լվանալ հոտավետ օճառով կամ ցանկացած այլ սինթետիկ փոշիներով և միջոցներով։ Լավ կլինի այն պարզապես պարզաջրել ջրի շիթի տակ և չորացնել։ Անոթի վրա անհրաժեշտ է հագցնել պոլիէթիլենե կափարիչ` օդափոխության համար նախատեսված բազմաթիվ փոքրիկ անցքերով։ Խորհուրդ չի տրվում անոթի կափարիչը փակել թանզիվի մեկ շերտով. ասում են` քաղցած տզրուկներն ի վիճակի են "խժռել" այն։ Դժվար թե դուք երջանիկ լինեք, երբ առավոտյան, դեղատուն մտնելով, բացահայտեք, որ ձեր "օգնականները" փախուստի են դիմել։ Ամբողջ դեղատան տարածքով փախած տզրուկներին փնտրելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս թանզիվը ծալել մի քանի շերտերով և անոթի բերանը կապել ամուր ռետինե թելով։ Ջուրն անոթում պետք է լինի մաքուր։ Հենց որ ջուրը պղտորվում է, անհրաժեշտ է այն փոխել։ Խորհուրդ է տրվում անոթը փաթաթել մուգ կամ սև թղթով, քանի որ տզրուկները չեն սիրում արևի պայծառ լույսը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեր "խնամարկյալներից" մեկն իր մահկանացուն է կնքել և անշարժ "պառկած է" անոթի հատակին, ապա նրան պետք է անմիջապես հեռացնել անոթից։

Եթե տզրուկներով անոթը պահվում է սենյակային ջերմաստիճանում, խորհուրդ է տրվում ջուրը փոխել շաբաթական երկու անգամ։ Տզրուկներով անոթը կարելի է համարձակորեն դնել սառնարանի մեջ, եթե ջերմաստիճանը նրանում 0˚C-ից բարձր է։ Այս դեպքում անոթի ջուրը կարելի է փոխել շաբաթը մեկ անգամ։ Այս պարագայում "սառը" տզրուկներին օգտագործելուց առաջ անհրաժեշտ է նրանց տաքացնել. ընտրված տզրուկներով անոթը անհրաժեշտ է մի քանի ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում։ Խորհուրդ չի տրվում սառը ջրից հանված տզրուկին անմիջապես տեղափոխել տաք ջրի մեջ և հակառակը։ Նրանք կենդանի էակներ են, և ցանկացած տեսակի սթրեսները նրանց համար վնասակար են։
Վերջին ժամանակներում բժիշկներն առավել հաճախ են դիմում նատուրոթերապիայից բխող փորձերին, այդ թվում` հիրուդոթերապիային։ Բժշկական տզրուկները հաջողությամբ օգտագործվում են բժշկության զանազան բնագավառներում` սրտաբանություն, ակնաբուժություն, վիրաբուժություն, գինեկոլոգիա, ուրոլոգիա, նյարդաբանություն և այլն։

Տզրուկներին միշտ գնահատել են, քանի որ նրանք օժտված են "վատ արյունը ծծելու" հատկությամբ։ Արյունառությունը համարվել է բազմապիսի հիվանդություններ բուժելու ամենատարածված մեթոդներից մեկը (բրոնխային ասթմա, սրտի հիվանդություններհիպերտոնիկ հիվանդությունկոլիտ (հաստ աղիքի բորբոքում), որքին (էկզեմա), թրոմբոֆլեբիտ և այլն)։ Արյունառությունը կիրառվել է նույնսիկ "հետմախմուրային ախտանիշի" ժամանակ։ Սակայն "արյուն թողնել" կարելի է նաև վիրահատական ճանապարհով։ Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞վ է պայմանավորված տզրուկների նման "հանրաճանաչությունը"։ Գիտնականները փաստել են, որ տզրուկների միջոցով արյունառությունից հետո հիվանդներն իրենց ավելի լավ են զգում, քան հասարակ արյունառության ժամանակ։
 
Բանն այն է, որ տզրուկների թքի միջոցով մարդու օրգանիզմ են մտնում ավելի քան 100 կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք խոչնդոտում են թրոմբերի (արենախիցք) առաջացմանը, նպաստում արյան մեջ խոլեսթերինի մակարդակի իջեցմանը, նվազեցնում բորբոքումը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։ Օղակավոր որդերի այս ներկայացուցչի թուքը պարունակում է հիրուդին սպիտակուցը, որից և առաջացել է հիրուդոլոգիա գիտության անվանումը։ Հիրուդինը թունավոր չէ, և սպիտակուցի անգամ բարձր քանակությունը կողմնակի ազդեցություններ չի առաջացնում։ Փորձակենդանու միջոցով բարձր դոզայով հիրուդինի ներմուծման ժամանակ նկատվում էին շնչառության և սրտի կծկումների հաճախության գրեթե աննշան փոփոխություներ։ Մեկ ժամվա ընթացքում այդ ախտանիշները վերանում էին, իսկ սպիտակուցի ավելցուկն օրգանիզմից դուրս էր գալիս մեզի միջոցով։
 
Հիրուդինից բացի` տզրուկի թքի մեջ պարունակվում է հիալուրոնիդազ` ֆերմենտ, որը քայքայում է պոլիսախարիդներից կազմված հաստ թաղանթը։ Պոլիսախարիդները ծածկում են գրեթե բոլոր բջիջները` դրանով իսկ հեշտացնելով զանազան դեղերի և կենսաբանորեն ակտիվ նյութերի ներթափանցումը բջիջների մեջ։ Հիալուրոնիդազը բարձրացնում է հյուսվածքների թափանցելիությունը, մասնավորապես` մազանոթների պատերինը։ Ավելի պատկերավոր ասած` հիալուրոնիդազը բացում է այն "դարպասները", որոնցով բջիջներին են հասնում արտաքինից ներմուծվող նյութերը։ Պատահական չէ, որ հիալուրոնիդազը պարունակվում է օձի թույնի և մարդու սերմնահեղուկի մեջ. իրենց ճանապարհին սպերմատոզոիդները պետք է "հաղթահարեն" բազմաթիվ բջջային արգելքներ։
 
Տզրուկների թքի մեջ հայտնաբերվել է ևս մեկ նյութ` կոլլագենազա ֆերմենտը, որն օժտված է կոլլագենի սպիտակուցի երկար թելերը քանդելու հատկությամբ։ Վերջիններս սովորաբար տարածվում են մեծ վերքերում, դրանց բուժման ժամանակ։ Հենց կոլլագենից են բաղկացած լուրջ այրվածքներից և խորը կտրվածքներից հետո մաշկի վրա առաջացող կելոյիդային սպիները։ Կոլլագենազան քայքայում է կոլլագենը` դրանով իսկ նպաստելով կելոյիդային սպիների ներծծմանը։ Այլ աղբյուրներից ստացվող կոլլագենազան հաճախ օգտագործում են ժամանակակից կոսմետոլոգիայի մեջ։ Զարմանալի չէ, որ տզրուկների թուքը մասնավորապես կարող է նպաստել կպումների ներծծմանը, որոնց առկայության պատճառով հաճախ կանանց մոտ արգանդափողերի անանցանելիություն է առաջանում։
 
Տզրուկների ֆիբրինոլիտիկ ֆերմենտներն օգնում են արդեն իսկ գոյություն ունեցող թրոմբերի ներծծմանը։ Այս պարագայում վերջիններս գործում են զգալիորեն ավելի լավ, քան քիմիական պատրաստուկները։ Թրոմբի կառուցվածքի ամենաթույլ կողմը արյունատար անոթի հետ միացման տեղն է։ Եթե թրոմբը բացվում է, ապա սկսում է "թափառել" անոթային համակարգով, ինչը խիստ վտանգավոր է, քանզի "թափառող թրոմբը" կարող է ցանկացած պահի խցանել անոթային համակարգը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ միայն ԱՄՆ-ում ամեն տարի թրոմբոզից մահանում է մոտավորապես 500 հազար մարդ։ Ֆիբրինոլիտիկ ֆերմենտներին քայքայում է հենց ինքը` թրոմբը։ Այդ պատճառով, հիրուդոթերապիան ոչ միայն կանխում է թրոմբոգենեզը, այլ նաև նախազգուշացնում է վերջինիս հետևանքների մասին։
 
Խոլեսթերինեսթերազա ֆերմենտը կարգավորում է մարդու օրգանիզմում ճարպերի փոխանակումը, և այդ նյութը նույնպես հայտնաբերված է տզրուկների թքի մեջ։
 
Ի դեպ, տզրուկների օգնությամբ բուժումն անցավ է և մարդուն ոչ մի անհարմարություն չի պատճառում։ Ավելին, տզրուկների կողմից մարդու մաշկի տակ "ներարկված" նյութերը օրգանիզմում որևէ դիմադրության չեն հանդիպում և մարդու օրգանիզմի կողմից ընկալվում են "յուրայինի" պես։ Բնականաբար, հիրուդոթերապիան հակացուցումներ չունի։
Բնության մեջ հանդիպում են տզրուկների ավելի քան երկու հարյուր տեսակներ։ Բժշկական նպատակներով օգտագործվում է միայն մեկը` HIRUDO MEDICINALIS (ԲԺՇԿԱԿԱՆ ՏԶՐՈՒԿ)։ Մեր տարածաշրջանի ջրամբարներում այս տեսակը չի հանդիպում և կենտրոնի համար տզրուկները ներկրվում են մոսկովյան լաբորատորիայից` բիոֆաբրիկայից, որի հետ ունենք համագործակցության պայմանագիր։ Ցավոք, շատերը չեն գիտակցում բնության մեջ հանդիպող տզրուկների վնասակարության մասին, ամրացնում են իրենց մարմիններին, ինչը բնականաբար հաճախ բերում է անցանկալի հետևանքների։

-Ժամանակակից դեղաբանությունը, որը, անշուշտ, շոշափելի ձեռքբերումներ է արձանագրել, մի շարք հիվանդությունների բուժման պարագայում դեռևս անզոր է։ Ավելին, հայտնվել է հիվանդությունների մի ամբողջ շարք, որոնց անվանում են "դեղորայքային"։ ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերության) համաժողովներից մեկում (Ժնև, 1991թ.), գիտնականները եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է հետազոտել ժողովրդական բժշկությունը և դա օգտագործել այն դեպքերում, երբ դրա օգտագործման մեթոդների ազդեցությունները հաստատվում են գիտական տվյալներով։ Այդ պատճառով վերջին տարիներին տեղի ունեցավ տզրուկների` տարաբնույթ հիվանդությունների վաղեմի "բուժակների" հետազոտության կտրուկ աճ, որի արդյունքը դարձան մի քանի կարևոր բացահայտումներ, որոնք թույլ տվեցին բացատրել "կենդանի ասեղի" բուժիչ հատկությունները։
 
Բժիշկ-գիտնականները բժշկական տզրուկներից առանձնացրին թրոմբերը սպանելու հատկությամբ օժտված նյութերի խառնուրդ։ Այս ամբողջությունը ստացավ "հակապրոկոագուլյանտային" անվանումը։ Առնետների վրա անցկացված փորձարկումներում այն արդյունավետորեն ''քանդում'' էր արհեստականորեն առաջացրած թրոմբները։ Կլինիկական փորձարկումներից հետո նոր սերնդի պատրաստուկները կհայտնվեն բժիշկների ''զինանոցում''։ Հաջորդ քայլը պետք է լինի կենսաբանորեն մաքուր հիրուդինի ստացումը, իսկ այնուհետև` նրա արտադրության կարգավորումը գենային ինժեներիայի միջոցով։
 
Վերջին տարիներին բժիշկներները լրջորեն հետաքրքրված են նաև տզրուկների ևս մեկ արժեքավոր հատկությամբ. տզրուկների ֆերմենտները դրական ազդեցություն են գործում կենտրոնական նյարդային համակարգի վրա, առաջացնում են նյարդային բջիջների աճ և նպաստում դրանցում լրացուցիչ ելունդների հայտնվելուն։ Սա նշանակում է, որ, ի տաnբերություն տարածված կարծիքի, նյարդային բջիջները խթանիչների (ինչպիսիք են տզրուկային ֆերմենտները) ազդեցությամբ ընդունակ են վերականգնվել և անգամ աճել։