Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Հիպովիտամինոզ

12 / 01 / 2022

Հիվանդություններ են, որոնք զարգանում են մեկ կամ մի քանի վիտամինների անբավարար ներմուծման հետևանքով։
Տարբերում են գործոնների երկու հիմնական խումբ, որոնցով պայմանավորվում են վիտամինային անբավարարության կամ հիպովիտամինոզների զարգացումը.

1. էկզոգեն (ալիմենտար)
2. էնդոգեն (ներքին)


Էկզոգեն (ալիմենտար) հիպովիտամինոզները զարգանում են սննդի հետ վիտամինների անբավարար ներմուծումից (ոչ ճիշտ սնուցում, բանջարեղենային հավելյալ սնուցման, հյութերի ուշ օգտագործում և այլն):

Էնդոգեն հիպովիտամինոզները սովորաբար կապված են ստամոքսաաղիքային համակարգում վիտամինների ներծծման խանգարումների հետ, ինչպես նաև որոշ հիվանդությունների կամ դեղամիջոցների ընդունման ժամանակ վիտամինների բարձր պահանջարկի հետ։ Ստամոքսաաղիքային համակարգի շատ հիվանդություններ ուղեկցվում են մարսողության և ներծծման անբավարարության համախտանիշով։ Այդ առումով մանկական տարիքում հատուկ նշանակություն ունեն աղիքային վարակները (աղիքների սուր և քրոնիկական հիվանդություններ), հակաբիոտիկների երկարատև կիրառումը, որը հանգեցնում է դիսբակտերիոզի։ Մանկական տարիքում հաճախ է հանդիպում վիտամինային անբավարարություն, որովհետև այդ տարիքում աճող օրգանիզմը բարձրացած պահանջարկ ունի վիտամինների նկատմամբ։ Հաճախ հիվանդության պատճառ կարող է լինել էկզոգեն և էնդոգեն գործոնների համակցությունը։

Կլինիկան։ Վիտամինային անբավարարության երևույթները սկսվում են աստիճանաբար։ Տարբերում են հիպովիտամինոզների զարգացման երեք շրջան.

1. Առաջին շրջանը՝ նախահիպովիտամինոզային, արտահայտվում է քիչ յուրահատուկ ախտանիշներով։ Այս շրջանում վիտամինային անբավարարություն կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատոր հետազոտություններով։

2. Երկրորդ շրջանը զարգանում է վիտամինային զգալի պակասության դեպքում, բնորոշվում է հիվանդության ակնհայտ կլինիկական նշաններով։

3. Երրորդ շրջանը այս կամ այն վիտամինային անբավարարության ծայրահեղ աստիճանն է։ Անհրաժեշտ է նշել, որ կլինիկայում նկատվում են ոչ միայն մոնո, այլև պոլիհիպովիտամինոզներ, որոնք օրգանիզմում զարգանում են ոչ միայն մեկ, այլև մի քանի վիտամինների անբավարարությունից։

C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (C ԱՎԻՏԱՄԻՆՈԶ, ՍԿՈՐԲՈՒՏ, ՑԻՆԳԱ)։ Բնորոշ է լնդերի փափկեցումը և արյունահոսականությունը, ենթամաշկային արյունազեղումները (էկխիմոզ): Մաշկը գունատ է` հիպերկերատոզի երևույթներով։ Նկատվում է ոտքերի թաթերի աննշան այտուց, ցավեր` հատկապես ներբաններում։ Կարող են լինել էպիֆիզների ցավոտ մեծացումներ։ Որոշ հիվանդների մոտ նկատվում են շրթունքների, քթի, ականջների, եղունգների կապտուկ։ Հիպովիտամինոզների թեթև ձևերի դեպքում նշվում է բարձր զգայնություն ցրտի նկատմամբ։ Հիվանդների մոտ լինում է նաև ընդհանուր թուլություն, հոգնածություն։ Վաղ տարիքի երեխաների մոտ կարող են հայտնվել ներմկանային և ենթավերնոսկրային հեմատոմաներ, ստոմատիտներ, ենթատենդային ջերմություն։

Բուժումը։ Նշանակվում են թարմ բանջարեղեն, մրգեր, մասուրի, ցիտրուսների, հատապտղի (սև հաղարջ, լոռամիրգ) թուրմեր և օշարակներ, ասկորբինաթթու՝ օրը 300-600 մգ։

A վիտամինի (ռետինոլ, աքսերոֆտոլ) անբավարարություն։ Բնորոշ են քսերոֆթալմիան, կեռատոմալյացիան։ Մաշկը գունատ է, թարախային ախտահարումների հակումով, պզուկների հայտնվելով։ Մազերը չոր են, դյուրաբեկ։ Լինում է լուսավախություն, գիշերային կուրություն (հավկուրություն): Երեխաների մոտ նկատվում է ֆիզիկական թերզարգացում։ Մաշկի չորությունից և թարախակույտերից բացի, վաղ տարիքի երեխաների մոտ կարող են նկատվել նաև այլ վարակներ՝ հաճախակի սուր ռեսպիրատոր հիվանդություններ, թոքաբորբեր, թարախամիզություն (պիուրիա), կրկնվող թարախային ականջաբորբ։ Արյան շիճուկի կենսաքիմիական հետազոտմամբ հայտնաբերվում է ռետինոլի և կարոտինի ցածր պարունակություն։

Բուժումը։ Լիարժեք սնունդ՝ կարագ, կովի կաթ, ձկան յուղ։ Պրովիտամին A-ով հարուստ են մասուրը, գազարը, սիսեռը։ Ներքին ընդունման ձևով տրվում է վիտամին A` 5000-10000 ՄՄ, օրը երկու անգամ։ Ծանր ձևերի դեպքում դեղաչափը հասցնում են մինչև օրը 25.000-50.000 ՄՄ։

B1 վիտամինի (թիամին) անբավարարություն։ Հիպովիտամինոզ B1 (բերի-բերի) արտահայտվում է պոլինևրիտներով՝ ներբանային և ծնկային ռեֆլեքսների վերացում, ձեռքերի մատների ու ոտքերի թաթերի տարածիչների պարալիզներ, մկանային թուլություն և ցնցումներ, պարեսթեզիաներ, զգացողության կորուստ։ Ֆիզիկական ծանրաբեռնման ժամանակ նկատվում է ընդհանուր թուլություն, արագ հոգնածություն, գլխացավեր, հևոց ու հաճախասրտություն։ Շատ բնորոշ է հիվանդների քայլքը՝ հենվում են կրունկի, այնուհետև կրունկի արտաքին եզրի վրա` խնայելով ոտքի մատները։ Նկատվում են սնուցման խանգարման փոփոխություններ սրտամկանում, արյան ճնշումը իջած է։ Վաղ տարիքի երեխաների մոտ B1 վիտամինի արտահայտված պակասի դեպքում նկատվում է բերանի լորձաթաղանթի վառ գունավորում, կաթնուկ, «մարմարե» մաշկ, մկանային հիպոտոնիա։ Նշվում է «ճոճվող» գլխի ախտանիշ, փսխման հակում, անհանգստություն, գրգռվածություն, երբեմն՝ ցնցումներ։ Հետ է մնում նաև մարմնի աճը։ Ախտորոշիչ նշանակություն ունի թիամինի պարունակությունը մեզում, կոկարբոքսիլազան՝ էրիթրոցիտներում։ Բնորոշ է պլազմայում պիրոխաղողաթթվի պարունակության բարձրացումը և մեզի հետ նրա բարձրացած արտազատումը։

Բուժումը։ Մանր և միջին ծանրության դեպքերում ցուցված է անկողնային ռեժիմը։ Նշանակվում է կաթ, լյարդ, երիկամներ, ձվի դեղնուց, ընկույզ։ B1 վիտամինը տրվում է օրը 2-3 անգամ` 5-10 մգ դեղաչափով, իսկ արտահայտված պակասի դեպքում կատարվում են միջմկանային կամ ենթամաշկային ներարկումներ՝ օրը 50 մգ։ Միաժամանակ տրվում են նիկոտինաթթու, ռիբոֆլավին, B6 վիտամին։

B2 վիտամինի (ռիբոֆլավին) անբավարարություն։ Հիվանդի մոտ նկատվում է թուլություն, գլխացավեր, սկսում է նիհարել։ Բնորոշ են բերանի անկյունների ճեղքվածքները և կեղևիկները (անգուլյար ստոմատիտ), գլոսիտը (լեզվաբորբ), շրթունքների կարմիր երիզը, դերմատիտը։ Վերջինս հատկապես արտահայտված է քիթշրթունքային ծալքերում, ականջների, ձեռքերի վրա։ Նկատվում են նաև կոնյունկտիվիտ, բլեֆարիտ, լուսավախություն, տեսողության մթնաշաղային խանգարում։ Վաղ տարիքի երեխաների մոտ կլինիկական պատկերը ջնջված է։ Որպես կանոն B2 հիպովիտամինոզը մեկուսի չի լինում։ Հաճախ նկատվում է B պոլիհիպովիտամինոզներ։ Ախտորոշումը հաստատվում է կենսաքիմիական հետազոտությունների տվյալներով (օրվա մեզում, արյան մեջ և էրիթրոցիտներում ռիբոֆլավինի պարունակության որոշումով)։

Բուժումը։ Տրվում է լիարժեք սնունդ՝ խմորասնկեր, լյարդ, երիկամներ, ձվի դեղնուց, արախիս, պանիր։ Ներքին ընդունման ձևով 0,003-0,005 գ օրը 3 անգամ նշանակվում է ռիբոֆլավին, իսկ ծանր ձևերի դեպքում՝ օրը մինչև 0,05-0,07 գ: Միաժամանակ տրվում են B խմբի այլ վիտամիններ։

B6 (պիրիդոքսին) վիտամինի անբավարարություն: Բնորոշ են ախորժակի վատացումը, սրտխառնոցը, գոգռվածությունը, անքնությունը, մարսողության խանգարման երևույթները, սակավարյունությունը, լիմֆոպենիան։ Հիպովիտմինոզի այս ձևի դեպքում նկատվում են փոփոխություններ նաև, նյարդային համակարգի կոդմից՝ պարեզներ ատաքսիա, էպիլեպտաձև ցնցումներ։ Վաղ տարիքի երեխաների մոտ նկատվում է մաշկի չորություն, թեփոտում, ֆոտոդերմատոզներ, էկզեմա, նյարդային խանգարումներ, ալերգոզներ, հիպոքրոմ մակրոցիտային անեմիա։ Երկարատև հիպովիտամինոզի դեպքում՝ հիպոտրոֆիա, աճի ընկճում։ Կենսաքիմիական հետազոտութսունների ժամանակ օրվա մեզում հայտնաբերվում է պիրիդոքսինաթթվի պարունակության նվազում, արյան մեջ՝ պիրիդօքսինի քանակի պակասում, տրիպտոֆանի ծանրաբեռնման դրական փորձանմուշներ (տրիպոֆանի ընդունումից հետո ավելանում է քսանտուրենաթթվի արտազատումը):

Բուժումը։ Սնունդը լրացվում է խմորասնկերով, լյարդով, մսով, ձկով; Նշանակվում է պիրիդոքսին 2-3 շաբաթ տևողությամբ, օրը 10-15 մգ դեղաչափով։

PP (նիկատինաթթու) վիտամինի անբավարարություն։ Արտահայտվում է հայտնի տրիադայով (3 դ).

1. դերմատիտ (մաշկաբորբ)
2. դիառեա (փորլուծություն)
3. դեմենցիա (թուլամտություն)


Նկատվում է ախորժակի կորուստ, բերանի չորություն և այրոցքի զգացում, լուծ, որը փոխարինվում է փորկապությամբ։ Լեզուն վառ կարմիր է, այտուցված, ցավոտ խոցերով։ Ատրոֆիկ և էռոզիվ փոփոխություններ են հայտնաբերվում մարսողական համակարգի այլ բաժիններում։ Ձեոքերի ափերում և պարանոցի վրա գոյանում են ժամաչափ էրիթեմաներ (պելագրիկ ձեռնոցներ, գուլպաներ, օձիք)։ Հիպերկեռատոզի հետևանքով մաշկը թեփոտում է։ Այտերին և ճակատի վրա նկատվում է գորշաշագանակագույն պիգմենտացիա: Ծանր դեպքերում լինում են պոլինևրիտի ախտանիշներ, ատաքսիա։ Խանգարվում է ներզատական համակարգի գործառությունը, զարգանում է թուլամտություն։ Վաղ տարիքի երեխաների մոտ զարգանում է «պելագրա առանց պելագրայի»։ Վերջինս արտահայտվում է աֆթոզ և խոցային ստոմատիտով։ Լեզուն «լաքածածկ» է, հարթված պտկիկներով։ Նկատ-ում է ստամոքսի և աղիքների ատոնիկ վիճակների հակում, մարսողության խանգարման երևույթներ։ Ախտորոշումը հաստատվում է կենսաքիմիական հետազոտություններով, որոնք հայտնաբերում են մեթիլնիկոտինամիդի պարունակության նվազում օրվա մեզում և նիկոտինաթթվի նվազում արյան մեջ։

Բուժումը։ Տրվում է լիարժեք սնունդ, խմորասնկեր, լյարդ, ձվի դեղնուց, ընկույզ։ Նշանակվում է նիկոտինաթթու կամ նիկոտինամիդ՝ 0,003-0,01 գ, օրը 2 անգամ, իսկ արտահայտված հիպովիտամինոզի դեպքում՝ օրվա մեջ մինչև 100 մգ, զուգակցելով այլ վիտամինների հետ։