Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ի՞նչ անել, եթե մաշկի վրա տիզ եք հայտնաբերել

11 / 12 / 2021

Ի՞նչ անել, եթե  մաշկի վրա տիզ եք հայտնաբերել 

Նախապատրասական գործողություններ

  1. Նախ և առաջ խուճապի մի՛ մատնվեք. ցայտնոտը դեռ ոչ ոքի չի օգնել։
  2. Մի՛ փորձեք համացանցում ստանալ Ձեր հարցերի պատասխաննեը, տեղեկատվական աղբի մեջ դժվար է կողմնորոշվել։
  3. Մոռացեք քիչ առաջ  համացանցում Ձեր կարդացածները:-) հուսամ մյուս կետերին կլինեք առավել հետևողական։

Քայլ 1. Համոզվեք, որ դա տիզ է:

ՀՀ ում առավել հաճախ տարածված են Ixodidae- ի ընտանիքի տզերը: Մաշկի մեջ խրված տիզը հաճախ ունի սև շագանակագույն գունավորում և 8 ոտք: Խայթոցի տարածքը կարող է դառնալ կարմրավուն։
Ամենայն հավանականությամբ, Դուք չեք էլ զգացել տզի խայթոցի որևէ ախտանիշ: Ինչպես արյունածուծ այլ մակաբույծների, տզերի խայթոցը ևս անցավ է։
Հաճախ, տզերը հայտնաբերվում են մարմնի բաց տեղամասերում՝ մազերի աճի սահմաններում, ականջների ետևում կամ մաշկի ծալքերում: Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ հեշտ է հասկանալ, դա տիզ է թե ոչ, կարող եք շփոթել խալի կամ չորացած արյան հետ: Ուշադիր եղեք, տզի ոտքերը հստակ տեսանելի են:

Քայլ 2. Հեռացրե՛ք տզին և մշակեք մաշկը:

Հեռացրեք տիզը այն հայտնաբերելուց անմիջապես հետո: Որքան քիչ ժամանակ է տիզը եղել մաշկում, այնքան քիչ է հիվանդանալու հավանականությունը:

Ինչպե՞ս ճիշտ հեռացնել

Բռնեք տզին մաշկի մակերեսին հնարավորինս մոտ: Արտասահմանյան հանձնարարականներում խորհուրդ է տրվում օգտագործել փոքր ունելիով, բայց կարող եք վերցնել թել կամ տիզ հեռացնող հատուկ հարմարանք, նույնիսկ կարող եք ուղղակի բռնել մատներով՝ ձեռնոցով կամ մատներին բինտ փաթատած: Դանդաղ և սահուն կերպով քաշեք տիզը: Պետք չէ սեղմել ամբողջ ուժով, պտտել և կտրուկ շարժումներ անել, այդ կերպ կճզմեք տզին կամ կհեռացնեք ոչ ամբողջությամբ։ Եթե ​​գլխիկը պոկվեց, ապա վարվեք ինչպես սովորական փշի հետ՝ հեռացրեք մաշկից ստերիլ ասեղի օգնությամբ։
Լվացեք խայթոցի տեղը օճառով և  ջրով: Հնարավորության դեպքում լրացուցիչ ախտահանեք սպիրտով:

Քայլ 3. Հետևեք Ձեր ինքնազգացողությանը

Տզերի խայթոցները մեծամասամբ անցնում են առանց հետևանքների: Հիվանդություն ձեռք բերելու ռիսկը կախված է նրանից, թե որքան ժամանակ է անցել խայթելուց հետո: Դուք կարող եք կողմնորոշվել տզի չափից և ձևից:
Չսնված տզերի չափը կախված է նրանց տարիքից, իսկ խայթում են թե սեռահասուն առանձնյակները, թե նիմֆանեը, որոնց երկարությունը մոտ 1,5 մմ է։ Սեռահասուն առանձնյակների երկարությունը 6 մմ է։ Չսնված տզերի փորիկը հարթ է, չոր և պինդ, դժվար է ճզմել: Օրվա ընթացքում սնված նիմֆայի չափը շատ չի փոխվում: Սեռահասուն առանձնյակները կարող են աճել մինչեւ 15 մմ: Սնված տզի փորիկի ձեւը փոխվում է, դառնում է կլոր եւ փափուկ, հեշտ է ճզմվում: Եթե ​​տիզը գտնվել է մաշկում մեկ օրից քիչ՝ ապա հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը փոքր է, և անիմաստ է շտապ կարգով դիմել բժշկի: Խայթոցից անմիջապես հետո փոխանցվում է միայն մեկ հիվանդություն` տզային էնցեֆալիտ: Եթե ​​խայթել է էնցեֆալիտային տիզը, ապա կանխարգելել հիվանդության զարգացումն անհնար է, եթե իհարկե նախօրոք պատվասռտված չեք եղել։ Բարեբախտաբար ՀՀ -ում դրանք չեն հանդիպում։ 

Վարակումը կանխելու հավանականություն կա միայն Լայմի հիվանդության համար, բժիշկը կարող է նշանակել դոքսիցիկլին: Առանց բժշկի հետ խորհրդակցելու, ինքնուրույն հակաբիոտիկներ օգտագործել չի կարելի։

Այսպիսով, խայթոցից հետո մնում է միայն սպասել և հսկել: 30 օր ուշադիր հետևեք ինքնազգացողությանը և որքան հնարավոր է շուտ, դիմեք բժշկի, եթե այդ ընթացքում առկա է.

  1. ջերմաստիճանի բարձրացում 38 ° C-ից բարձր
  2. գլխացավ,
  3. մկանների կամ հոդերի շրջանում այտուց և ցավ,
  4. մաշկի վրա առկա է ցանավորում կամ օղակաձև էրիթեմա, քոր։

Այս դեպքերում նոր միայն անհրաժեշտություն կա համապատասխան լաբորատոր հետազոտությունների և ըստ այդմ՝ բուժման։

Իսկ ի՞նչ անել տզին

Մեծ ցանկության դեպքում տիզը կարող եք տանել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Ռեֆերենս լաբորատոր կենտրոն։ Սակայն տզի լաբորատոր հետազոտությունների արդյունքները, որևէ կերպ չեն ազդում ախտորոշման հստակեցման կամ առավել նպատակային բուժման համար։