Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Սեւ բողկը՝ օրգանիզմի սանիտար

19 / 01 / 2022

Ապոլոն աստծո մեծարման ժամանակ սեւ բողկը լվացել են ոսկու մեջ եւ տաճարում մատուցել են ոսկյա սկուտեղի վրա: Հույն բժիշկ Դիոսկորիդը սեւ բողկը խորհուրդ էր տալիս օգտագործել մարսողականության կարգավորման, տեսողության եւ հազի համար: Իսկ հռոմեացիները սեւ բողկն օգտագործել են որպես հակազդող միջոց սնկային թունավորումների դեմ: Բողկի հյութը` լիզոցիմի պարունակությամբ, հակաբակտերիալ հատկությամբ է օժտված, որն օրգանիզմում կանխում է բացիլների, սնկային հիվանդությունների ներթափանցումը եւ զարգացումը: Բողկի մեջ մեծ քանակությամբ հանքային եւ կալիումային աղեր կան, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Բողկի մեջ միջինը` 1,8% շաքար եւ 1,9% սպիտակուցներ են պարունակվում, հարուստ բջջանյութ ունի, վիտամիններ C, B, B1, PP, եթերայուղեր, կալիում, յոդ, կալցիում, մագնիում, երկաթ, ֆոսֆոր, ֆտոր, կարոտին եւ ֆիտոցիդներ, եւ այլն: Հատկապես հարուստ է սեւ բողկը:

Կալիումի եւ հանքային աղերի պարունակությամբ բանջարեղենի մեջ առաջին տեղում սեւ բողկն է, որը բնական դեղատուն է նաեւ իր մեջ եղած յոդի, բրոմի, յուղերի քանակությամբ: Բողկը միզամուղ հատկություն ունի եւ օրգանիզմից հեռացնում է նաեւ կուտակված լեղին, մաղձը: Բողկի հյութը նաեւ խորհուրդ է տրվում նյարդային հիվանդություններով, ռեւմատիզմով, իշիասով, ռադիկուլիտով, հոդատապով տառապող մարդկանց: Բողկը խորհուրդ է տրվում նաեւ ցածր արտազատումներով սուր եւ քրոնիկ գաստրիտի, քրոնիկ հեպատիտի եւ լյարդի ցիռոզի, աղիքային հիվանդությունների դեպքում: Նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը: Բողկի արմատը անփոխարինելի պրոֆիլակտիկ միջոց է սրտանոթների եւ գլխուղեղի աթերոսկլերոզի համար: Կալիումային աղերի շնորհիվ այն օգտագործում են սիրտ-անոթային անբավարարության դեպքում: Բողկը հարուստ է յոդով, որը մասնակցում է վահանագեղձի հորմոնի առաջացմանը: Ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ են տալիս սեւ բողկի հյութը խմել գազարի եւ բազուկի հյութերի հետ միասին, քանի որ բողկի հյութը սուր ազդեցություն ունի: Սեւ բողկի եւ մեղրի օգտագործումը երիկամներում եւ միզապարկում քարերի դեմ պրոֆիլակտիկ միջոց է համարվում, ավելին, նպաստում է քարերի քայքայմանը: Վիտամին B1-ի շնորհիվ , որը, բացի բողկից, պարունակվում է նաեւ բրնձի, վարսակաձավարի (օվսյանկա), հնդկաձավարի (գրեչկա), սիսեռի, արախիսի մեջ, հրաշալի միջոց է աճող օրգանիզմի ամրացման համար: B1-ը օգտակար է ճարպերի փոխանակմանը, նյարդային համակարգին, սիրտ-անոթային համակարգի աշխատանքին: Այդ իսկ պատճառով հաճախ պետք է օգտագործել բողկը սննդակարգում, հատկապես այն մարդկանց, ովքեր ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում, շինարարության մեջ են ընդգրկված: Հատկապես շոգ եղանակին ծանր ֆիզիկական աշխատանք կատարելիս վիտամին B1-ի անհրաժշտությունն օրգանիզմում մեծանում է: Իհարկե, պետք է նաեւ չմոռանալ բողկի հակացուցումների մասին. այն խորհուրդ չի տրվում շատ եւ հաճախակի օգտագործել սիրտ-անոթային ծանր հիվանդությունների, խոցային հիվանդությունների, լյարդի, աղեստամոքսային տրակտի, տասներկումատնյա աղիի այնպիսի հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են լորձաթաղանթի բորբոքային սուր պրոցեսներով:
 Այն հրաշալի միջոց է նաեւ նյութափոխանակության եւ մարսողական համակարգի կարգավորման համար: Եթերայուղերի շնորհիվ այն խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը` ոչնչացնելով ստամոքսի պատերին գոյացած արգելակող տարրերը: Շատ օգտակար է նաեւ փորկապության դեպքում: Սակայն, քանի որ փորկապությունը կարող է պայմանավորված լինել խոցային հիվանդությամբ, մինչ բողկով բուժումը պետք է ճշտել, թե որն է փորկապության առաջացման բուն պատճառը:Հին ժամանակներում սեւ բողկի հյութը նախքան օգտագործելը փոքր-ինչ տաքացրել են եւ օրը 4-5 անգամ 1 ճ/գ չափով օգտագործել են: Կարող եք խմել նաեւ կաղամբի հյութի հետ միասին:Սեւ բողկից, օղուց կամ աղից պատրաստված զանգվածը օգտագործում են մկանային ցավերի դեպքում: Բողկի ճզմած սերմերը քիչ քանակությամբ օղու կամ պարզապես ջրի հետ խառնած վիճակում լավ միջոց է թարախակալված պզուկների, վերքերի, մաշկի բորբոքումների, պեպենների համար:
Սեւ բողկը խորհուրդ է տրվում նաեւ սակավարյունության, մաշկի քորի, իշիասի, չոր հազի, ջղաձգումների, ալերգիայի, դեղնախտի, ասթմայի, կարիեսի պրոֆիլակտիկայի, ոսկրերի ամրացման դեպքերում: Նույնիսկ խորհուրդ է տրվում դեղնախտի ժամանակ առավոտյան, քաղցած ստամոքսին բողկ ուտել: Սեւ բողկը մեծ քանակությամբ ինսուլին է պարունակում, այդ պատճառով բժիշկները շաքարախտով հիվանդներին խորհուրդ են տալիս օգտագործել այն` արյան մեջ շաքարի քանակությունը նվազեցնելու համար: Երեխաների մոտ հաճախ հանդիպող դիաթեզից ազատվելու համար կերակրելուց 20 րոպե առաջ կարող եք որեւէ հյութի կամ ջրի մեջ 1 կաթիլ (հետզհետե ավելացնելով կաթիլների քանակը) բողկի հյութ ավելացնել եւ խմեցնել երեխային: Սեւ բողկի եւ սերմերի հյութից արված թրջոցները նաեւ օգտագործել են կարիճի, օձի, թունավոր միջատների խայթոցների դեմ:

Բրոնխիտի դեպքում բողկի 250 գրամ հյութի վրա ավելացրեք 100 գրամ մեղր, եւ ամեն օր ճաշելուց առաջ (նաեւ քնելուց առաջ) 2 ճ/գ խմեք այն: Երեխաներին հազի համար կարելի է տալ օրը 3-5 անգամ` 1-2 թ/գ չափով:

Հայմորիտի դեպքում լավ լվացված եւ չկլպված, մարմնի ջերմաստիճանի տաքությամբ սեւ բողկը քերիչով անցկացրեք, 1-2 ճ/գ չափով լցրեք կտորի մեջ, փաթաթեք եւ դրեք ցավող հատվածին` նախապես այդ մասերը բուսական յուղով մաքրելով: Այնուհետեւ փաթաթեք տաք կտորով: Նման պրոցեդուրան կատարում են քնելուց առաջ` 15 րոպեով: Սկզբում կարող է տհաճ թվալ, սակայն 4-5 անգամ կրկնելուց հետո հայմորիտն ամբողջությամբ կանցնի: Բազմիցս փորձված միջոց է:

Ռադիկուլիտի համար խորհուրդ է տրվում 1 ճ/գ սեւ բողկի քամած հյութի վրա ավելացնել 1-2 կաթիլ լավանդայի յուղ, հիվանդ հատվածների վրա հաստ շերտով քսել, ապա կապել տաք բրդյա կտորով: 5-6 անգամ կրկնելուց հետո ցավը կանցնի, ձեր շարժունակությունը կվերականգնվի: Փորձված միջոց է:

Սեւ բողկի միջուկը որոշ չափով հեռացնում եք, բուսական յուղ եք ավելացնում, քափքաշի միջոցով տաքացնում եք դանդաղ կրակի վրա, որպեսզի յուղը եռա: Սառեցնելուց հետո ստացված կաթիլներն օգտագործում եք ականջացավի համար: Որպես միզամուղ, մաղձը եւ լեղին հեռացնող, օրգանիզմը ամրացնող միջոց՝ թարմ բողկի հյութը պետք է խմել օրը 3 անգամ` կես թեյի բաժակի չափով: Այն նաեւ ամրացնում է լնդերը, իսկ քլորոֆիլի պարունակությունը մաքրում է արյունը: Օրգանիզմն անպետք աղերից մաքրելու համար անպայման օգտագործեք նաեւ այս դեղատոմսը. 10 կգ սեւ բողկը լավ լվացեք տաք ջրով եւ հատուկ խոզանակով: Կեղեւը չկլպեք: Դրանից քամեք մոտ 3 լիտր հյութ, լցրեք լավ փակված ապակե տարայի մեջ, պահեք սառնարանում եւ օրը 1 թ/գ խմեք ճաշից 1 ժամ հետո: Եթե լյարդը չցավի, ապա ավելացրեք չափը` 1-2 ճ/գ հասցնելով: Հրաշալի մաքրում է օրգանիզմը:

Սեւ բողկը, եւ առհասարակ բողկը մեր կողքին է, սակայն մենք ծանոթ չենք նրա հրաշագործ հատկանիշներին: Եվ, ամենակարեւորը, այն մատչելի է բոլորիս համար: Առողջ եղեք: