Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Միազներ

12 / 01 / 2022

Միազները մարդու և կենդանիների հիվանդություններ են, որոնք առաջացնում են ճանճերի թրթուրները:
Ըստ ճանճերի մակաբուծման բնույթի` տարբերում են.
- պատահական միազներ,
- ֆակուլտատիվ միազներ,
- օբլիգատ միազներ:


Պատճառներ
Պատահական միազներն առաջանում են, երբ քայքայվող օրգանական նյութերում զարգացող ճանճերի թրթուրները թափանցում են մարդու օրգանիզմ: Պատահական միազները լինում են.
- աղիքային,
- միզարտադրության օրգանների:
Պատահական աղիքային միազներն առաջանում են սենյակային և տնային, կապույտ, մոխրագույն, ինչպես նաև կանաչ ճանճերի, պտղաճանճերի և այլ մանրադիտակային թրթուրները սննդի հետ կուլ տալու ժամանակ: Միզարտադրության օրգանների պատահական միազներն առաջանում են, երբ սպիտակեղենով կամ մարդու արտաթորանքով աղտոտված սպիտակեղենի վրա սենյակային ճանճերի դրած ձվերից զարգացող թրթուրները թափանցում են միզուկի մեջ:

Ֆակուլտատիվ միազներն առաջանում են մարդու օրգանիզմում կապույտ և կանաչ մսային ճանճերի մակաբուծումից:
Օբլիգատ միազներն առաջանում են վոլֆարտյան ճանճերի և բոռերի թրթուրների մակաբուծումից: Վերջիններս հազվադեպ են մակաբուծում մարդու օրգանիզմում, քանզի նրանք կենդանիների օբլիգատ մակաբույծներ են: Մարդը վարակվում է ախտահարված կենդանիների բրդիհետ շփվելիս:

Պաթոգենեզ
Պատահական միազներ: Ստամոքսահյութի բնականոն և բարձր թթվայնությամբ մարդկանց օրգանիզմում թրթուրներն արագ ոչնչանում են, իսկ ցածր թթվայնության դեպքում թափանցում են աղիքների մեջ, պահպանում կենսունակությունը և նույնիսկ ունակ են բազմանալու: Թրթուրների մակաբուծումն ուղեկցվում է որովայնի ցավերով և փսխումով:
Ֆակուլտատիվ միազներ: Քանի որ թրթուրները սնվում են մեռուկացված հյուսվածքներով, այս միազները հաճախ ընթանում են առանց ցավերի: Սակայն, թափանցելով ականջների, քթի, ինչպես նաև աչքերի խոռոչների մեջ, թրթուրները բարդացնում են թարախային գործընթացը:
Օբլիգատ միազներ: Վոլֆարտյան ճանճի թրթուրները մաշկի քերծվածքների և վերքերի միջոցով ամրանում են մաշկի վրա կամ էլ լորձաթաղանթներով անցնում են ենթամաշկային բջջանքի մեջ, որտեղ 3-5 օրվա ընթացքում բազմանում են` առաջացնելով հյուսվածքների, իսկ անուշադրության մատնելու դեպքում` շրջոսկրի լուրջ վնասվածքներ:
Նշված միազները կարող են առաջանալ նաև խոռոչային բոռի թրթուրներով, որոնք արոտավայրերում հարձակվում են մարդկանց վրա և թրթուրները նետում մարդու աչքի կամ քթի մեջ: Մարդու համար խիստ վտանգավոր է թրթուրների թափանցումն աչքի մեջ: Դա կարող է հանգեցնել տեսողության օրգանների ծանր ախտահարման:

Բուժում
Որպես կանոն, մակաբույծ թրթուրները հեռացվում են վիրահատական եղանակով:

Կանխարգելում
Միազների առաջացման կանխարգելումը ենթադրում է պայքար ճանճերի դեմ, վերքերի պաշտպանում ճանճերի թրթուրներով վարակումից, ինչպես նաև սննդի պատրաստման և պահպանման սանհիգիենային կանոնների պահպանում: