Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ասկարիդոզ

04 / 01 / 2022

Հարուցիչն ասկարիդն է, որը դասվում է ամենախոշոր նեմատոդների (կլոր որդերի) դասին։ Ասկարիդները բարակ աղիքներում ապրող պարազիտներ են։ Նրանց թիվը կարող է լինել եզակի, բայց առանձին դեպքերում կարող է հասնել նույնիսկ հարյուրների։ Ասկարիդները սնվում են աղիքների պարունակությամբ և կլանում են բարակ աղիքների լորձաթաղանթի մակերեսային շերտերը։ Աղիքներում էգ ասկարիդը բեղմնավորված ձվեր է դնում, որոնք կղանքի հետ արտաթորվում են։ Արտաքին միջավայրում, սովորաբար հողում, սաղմը ձվի մեջ հասունանում է և դառնում ինվազիոն հարսնյակ։ Որպեսզի ասկարիդի ձվերը զարգանան մինչև ինվազիոն փուլը, անհրաժեշտ են արտաքին միջավայրի բարենպԱաստ պայմաններ՝ ջերմաստիճանը 12-36° (լավագույնը՝ 24-26°), բավարար խոնավություն և թթվածին։ Ասկարիդի ձվի զարգացումը տևում է 10-12 օր։ Հասուն ձվերից հարսնյակների դուրս գալը կատարվում է մարդու բարակ աղիքում։

Ասկարիդների ինվազիայի hիմնական գործոններն են հողը, բանջարեղենը, ջուրը և ճանճերը։ Ասկարիդի ձվերով խիստ կեղտոտված են զուգարանների շրջապատի hոդը, բանջարանոցները, և ընդհանրապես անբավարար սանիտարական վիճակում գտնվող տեղանքը։ Այդպիսի վայրերում երեխաները խաղալով hեշտությամբ են կեղտոտում ձեռքերը ասկարիդների ձվերով և վարակվում։ Ասկարիդոզի փոխանցման գործոններ կարող են լինել նաև ասկարիդի ձվերով պատաhականորեն վարակված տնային գործածության իրերը և սննդամթերքը։ Ձվերը կարող են անցնել սենյակի փոշիով, կոշիկների ներբաններով։ Ասկարիդի ձվերը սննդամթերքի վրա են փոխադրում ճանճերը։ Այսպիսով, ասկարիդոզի տարածումը սերտորեն կապված է տարվա եղանակից և կենցաղային սանիտարահիգիենիկ պայմաններից։ Հասուն ձվերից դուրս եկած հարսնյակները աղիքների պատից ներթափանցում են արյունատար անոթների մեջ, ապա երակային մազանոթներով անցնում դռներակ, այնտեղից էլ լյարդ և ստորին սիներակով մտնում աջ նախասիրտ։ Սրտից թոքային զարկերակով հարսնյակներն անցնում են թոքերի մազանոթները, ակտիվորեն թափանցում ալվեոլների լուսանցքը, միգրացիայի են ենթարկվում բրոնխիոլներով և բրոնխներով, հայտնվում են շնչափողում, որտեղից թարթչավոր էպիթելի օգնությամբ շարժվում են դեպի բերանի խոռոչ և այնտեղ էլ` խառնվելով թքի հետ, կուլ են տրվում ու անցնում աղիքները։ Ասկարիդների հարսնյակների միգրացիան տևում է 10-12 օր, իսկ ձվերը կուլ տալուց հետո աղիքներում ասկարիդների զարգացումը՝ 75-90 օր։ Մարդու աղիքներում ասկարիդն ապրում է մոտավորապես մեկ տարի, որից հետո ոչնչանում է և օրգանիզմից հեռացվում կղանքով։ Ասկարիդի (ինչպես նաև մյուս հելմինթների) ախտաբանական ազդեցությունը մանկան օրգանիզմի վրա արտահայտվում է թունավոր և մեխանիկական ազդեցությամբ։

Ասկարիդոզի կլինիկական պատկերում տարբերում են երկու փուլ.
1. միգրացիայի
2. աղիքային։
Առաջին փուլը բնորոշվում է ալերգիկ բնույթի ախտանիշների երևան գալով, որպիսիք են մաշկի ցանավորումը և քորը, էոզինոֆիլիան, թոքերում էոզինոֆիլային ինֆիլտրատները և այլն։ Երկրորդ փուլի արտահայտությունները չափազանց բազմազան են։ Որոշ դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց բացահայտ ախտանիշների։

Երեխաների մոտ տարբեր ուժգնության փորացավեր էն լինում, հատկապես պորտի շրջանում։ Հաճախ առաջանում են դիսպեպտիկ երևույթներ, առատ թքահոսություն, հատկապես առավոտյան ժամերին՝ սրտխառնություն, փսխում։ Ասկարիդոզի գրեթե բոլոր դեպքերում լինում են նյարդային համակարգի ախտահարման երևույթներ՝ գրգռվածություն, ցրվածություն, անհանգիստ քուն, ատամների կրճտացում և այլն։ Ծայրամասային արյան քննությամբ երբեմն նկատվում են հեմոգլոբինի և էրիթրոցիտների քանակի պակասում, լեյկոպենիա, էոզինոֆիլիա, ԷՆԱ-ի բարձրացում։ Ասկարիդոզի հետևանքով կարող են առաջանալ հետևյալ բարդությունները՝ աղիքների անանցանելիություն, թափածակող պերիտոնիտ, լեղուղիների և շնչական ուղիների խցանում և այլ ավելի հազվակի երևույթներ։ Ախտորոշումը կատարվում է ինչպես կլինիկական տվյալների, այնպես էլ կղանքում ասկարիդի ձվերի հայտնաբերման հիման վրա։ Հիվանդությունը կասկած չի հարուցում, եթե երեխայի կղանքում ասկարիդներ են նկատվում։ Գրականության մեջ նկարագրվող շճաբանական և ռենտգենաբանական մեթոդները գործնական մեծ նշանակություն չունեն։

Բուժումը։ Ասկարիդոզի բուժման նպատակով օգտագործվում են պիպերազին, լևամիզոլ, կոմբանտրին։ Պիպերազինը նշանակում են հետևյալ դեղաչափերով. մինչև մեկ տարեկան երեխաներին՝ 0,4 գ, 2-3 տարեկան` 0,6 գ, 4-5 տարեկան` 1 գ, 6-8 տարեկան` 1,5 գ, 9-12 տարեկան` 2 գ, 13-15 տարեկան` 2,5-3գ, օրվա ընթացքում։ Օրվա դեղաչափը տրվում է 2 նվագով և 2 ժամյա ընդմիջումով, ուտելուց 1/2-1 ժամ անց։ Բուժման տևողությունը 2-3 օր է։ Առանձին դեպքերում բուժման կուրսը կարելի է շարունակել մինչև 5 օր։ Լևամիզոլը (դեկարիս) նշանակում են 2,5 մգ/կգ միանվագ, ուտելուց հետո։ Կոմբանտրինը (պիրանտել) տալիս են միանվագ, ուտելուց հետո 10 մգ/կգ դեղաչափով։ Որոշ հեղինակների տվյալներով բավական արդյունավետ է թթվածնային բուժումը (Ն. Կրավեց և ուրիշներ)։ Առավոտյան քաղցած ժամանակ երեխայի պառկած վիճակում ստամոքսի մեջ քթով կամ բերանով անց են կացնում բարակ զոնդ (№12)։ Այդ զոնդով թթվածնի ներմղման համար օգտագործում են Բոբրովի ապարատը։ Ներմուծվող թթվածնի քանակը կախված է երեխայի տարիքից։ Կյանքի յուրաքանչյուր մեկ տարվա հաշվով նշանակվում է 100-150 մլ թթվածին։ Այն ներմուծվում է դանդաղ, 150- 200-ական մլ՝ 2-3 րոպե ընդմիջումներով, որից հետո զոնդը արագությամբ հանվում է։ 1,5-2 ժամվա ընթացքում հիվանդը պետք է գտնվի հորիզոնական դիրքում։ Թթվածնային բուժումը նպատակահարմար է անցկացնել 2 օր։ Դրանից հետո ասկարիդները թափվում են 2-3-րդ օրը, հազվադեպ՝ մինչև 10-11-րդ օրը։ Այս բուժումը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության սրացման փուլում, ինչպես նաև ստամոքսաաղիքային համակարգի սուր հիվանդությունների դեպքում։ Ասկարիդոզի միգրացիայի փուլում օգտագործվում են հակաալերգիկ դեղամիջոցներ (դիմեդրոլ, կալցիումի քլորիդ, կալցիումի գլյուկոնատ):