Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Արոմաթերապիա

22 / 12 / 2021

 
Եթերային յուղեր
Եթերային յուղը տերպենների, սպիրտների, ալդեհիդների, կետոնների և այլ նյութերի համակցությունն է եթերայուղային բույսերում։ Երկրագնդի վրա գույություն ունեն մոտ 3000 բուսատեսակներ, որոնցից կարելի է ստանալ եթերային յուղեր։ Եթերային յուղ կարող են պարունակել թե՛ ամբողջական բույսը, թե՛ նրա առանձին մասերը` ցողունը, արմատը, ծաղիկները, ասեղնատերևները, կեղևը և այլն։ Եթերային յուղերը ունեն սուր հոտ, ցնդելու հատկություն, յուղային հետք չեն թողնում, թափանցիկ են, թեթև երանգավորված, ջրի մեջ չեն լուծվում, լույսի և թթվածնի ազդեցության տակ օքսիդանում են։ Եթերային յուղերի մեջ օրգանական և ոչ որգանական միացությունների քանակը հասնում է 120-ից մինչև 500-ի։ Օրինակ` խնկայուղը պարունակում է մոտ 300 բաղադրամաս։
Եթերային յուղի որակը, նրա արդյունավետության մակարդակն ու անվտանգությունը, պայմանավորված են բույսերի աշխարհագրական տեղանքով, քաղելու ճիշտ ընտրված ժամանակով, պատրաստման եղանակով և պահպանման ժամկետով։ Որակյալ եթերային յուղը նստվածք չունի և մաշկը չի գրգռում։ Եթե եթերայուղերը պահեն հերմետիկորեն փակ միջավայրում, մթության մեջ, 0˚C-30˚C ջերմաստիճանի պայմաններում, պիտանելիության ժամկետն անսահմանափակ մեծ կլինի։ Ընտիր գինիների պես նրբաբույր յուղերը երկար պահպանումից միայն ազնվանում են։ Ներկայումս եթերային յուղ են անվանում նաև տարբեր սինթետիկ փոխարինողներին։
 
Ուրախության բուրմունքներ
Բուրմունքը մարդու հիշողության վրա ամենավառ տպավորություն թողնող երևույթներից է։ Ձնծաղիկների բույրը գարնանային տրամադրություն է ստեղծում, ասեղնատերևինը` ամանորյա տոների։ Թարմ թխվածքեղենի հոտը մեզ մանկության գիրկն է տանում... Յուրաքանչյուր կին իր կենսափորձից գիտի, թե որքան կարևոր է ճիշտ օծանելիք ընտրելը, քանզի վերջինիս բուրմունքը, միաձուլվելով մաշկի հոտին, կարող է ստեղծել անկրկնելի ներդաշնակություն և կնոջ կերպարին առանձնահատուկ հմայք հաղորդել։ Բուրմունքի ընտրությամբ մարդկանց կարելի է տարբերակել ըստ սեռի, տարիքի, կազմվածքի և խառնվածքի։ Տղամարդիկ նախընտրում են կոճապղպեղի, կիտրոնի, նիվենու, սոճու, պաչուլիի և սուսամբարի հոտերը։ Մանկական են նարնջի, վարդի, մանդարինի, վանիլի և բերգամոտի հոտերը։ Կանացի են վարդենու, սանդալի, խորդենու, հասմիկի և նարդոսի անուշահոտերը։

Խթանիչ. 3 կաթիլ գիհու, 2-ական կաթիլ սոճու և սուսամբարի մզվածք։
Նրբացնող. 3 կաթիլ սանդալի, 2-ական կաթիլ բերգամոտի և անանուխի մզվածք։
Ուժեղացնող. 4 կաթիլ պաչուլիի, 3-ական կաթիլ կոճապղպեղի, բերգամոտի և 2 կաթիլ դարչինի մզվածք։\
Ննջասենյակում առողջ և հանգիստ քուն ապահովելու համար ցանկալի է հետևյալ բաղադրությունը. 5 կաթիլ սանդալի, 4 կաթիլ մրտենու և 3 կաթիլ խնկենու յուղ։
 
Բուրմունքներ հիվանդությունների դեմ
Մարդու հոտառության կենտրոնները գտնվում են ուղեղի կեղևի այն մասում, որը պատասխանատու է հուզական ոլորտի համար։ Այդ իսկ պատճառով բնության մեջ գոյություն ունեցող բոլոր հոտերը "հուզական երանգ" ունեն։ Այս երևույթի հիման վրա էլ ստեղծվել է արոմաթերապիան։ Եթերային յուղերի օգնությամբ կարելի է ոչ միայն հավասարակշռության բերել հույզերը, այլև ձերբազատվել սթրեսից, կարգավորել կենտրոնական նյարդային համակարգի լարվածությունը և արգելակումը։ Եթե ավելացնենք, որ կենտրոնական նյարդային համակարգն է կանոնավորում ներքին օրգանների գործունեությունը, պարզ կդառնա, որ արոմաթերապիան ազդում է օրգանիզմի ողջ համակարգի վրա և, ամենակարևորը, յուղերը օգնում են օրգանիզմին` բացահայտելու իր մեջ ամբարված պաշարները։ Այս է պատճառը, որ վերջին տարիներին յուղահիմքերից բազմաթիվ դեղամիջոցներ են պատրաստվել, որոնք գրանցվել են դեղաբանական ձեռնարկներում։
Գործնականում բոլոր եթերային յուղերն ունեն մանրէասպան, հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ։ Բոլոր յուղերը, առանց բացառության, ներազդում են նյարդային համակարգի վրա և բաժանվում հետևյալ խմբերի՝ խթանիչներ, ադապտոգեններ և հանգստացնողներ։ Բոլոր անուշահոտությունները բարերար են ազդում հուզական ոլորտի և կենսաէներգետիկայի վրա, օժտված են մաշկը " հարդարելու" և բուժելու հատկություններով։ Յուղերը նաև խթանում են օրգանիզմի ինքնակարգավորումը։ Այս ամենով հանդերձ` յուրաքանչյուր յուղ ունի իր ուրույն հատությունը և կիրառման ոլորտը։
 
Ինչպե՞ս կիրառել յուղերը

Դիմահարդարման մեջ օգտագործելու դեպքում եթերային յուղերը կարելի է ավելացնել դիմամածուկին (ընդամենը մի քանի կաթիլ), դիմակին, ջրին (դեմքի, մազերի և լոգանքի համար նախապես պատրաստված թույլ աղաջրին հավելել 5-6 կաթիլ եթերային յուղ)։ Հարդարանքի հեղուկ պատրաստելու համար պետք է պահպանել հետևյալ հարաբերակցությունը. 2-4 կաթիլ եթերային յուղ և 40-50մլ 5% սպիրտային լուծույթ։=
Յուղերն օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման նպատակով։ Տաք և սառը ինհալացիայի դեպքում 3-5 կաթիլ յուղը կաթեցնում են ջրով լցված հախճապակե թեյնիկի մեջ ու շնչում մոտ 10 րոպե։ Ինհալացիան կարելի է կրկնել օրը մի քանի անգամ։
Ներքին օգտագործման համար 1-2 կաթիլ եթերային յուղն ավելացնում են շաքարի վրա, թեյին, ջրին կամ մեղրին։ Չնոսրացրած յուղերը ներքին oգտագործման համար կիրառելի չեն։ Ականջի և քթի մեջ կաթեցնելու համար 1 կաթիլ եթերային յուղը լուծում են 4-5 կաթիլ ձիթապտղի կամ արևածաղկի յուղի մեջ։ Տաքացնող կոմպրեսի համար 10 մլ սպիրտային լուծույթին ավելացնում են 5 կաթիլ յուղ։
 
Արոմաթերապիայի կանոնները

-Մաշկին և լորձաթաղանթին չնոսրացրած յուղ չքսել։
-Եթերային յուղն առաջին անգամ օգտագործելու դեպքում պարզել նրա հանդեպ օրգանիզմի զգայունությունը։ Մեկ կաթիլ եթերային յուղը կաթեցնել թաշկինակին և օրվա մեջ մի քանի անգամ շնչել։ Եթե հարբուխ, արցունքահոսություն կամ գլխացավ չառաջանա, այն կարելի է օգտագործել։
-Յուղը սկզբնական շրջանում օգտագործել նվազագույն չափով, հետո չգերազանցել թույլատրելին։
-Դիմահարդարման նպատակով օգտագործելիս սկզբում մի քանի կաթիլ յուղը խառնել փոքր քանակությամբ մածուկին, մի քանի օր փորձարկել դեմքի վրա` պարզելու. այն համապատսախանում է մաշկին, հետո միայն յուղն ու մածուկն օգտագործել ամբողջությամբ։
-Բուրումնալոգանքի առաջին ընդունումը պետք է տևի 3-5 րոպե, հետագայում լոգանքի տևողությունը կարելի է հասցնել մինչև 20 րոպե։
-Արոմաէրոտիկայի նպատակով յուղ կիրառելիս զուգընկերոջից պարզել` արդյո՞ք ընտրած հոտը նրան դուր է գալիս։
-Եթե անուշահոտությունը ծխեցվում է փակ տարածքում, առաջին երկու սեանսի ժամանակ պետք է սահմանափակվել 20 րոպեով։
-Մտապահեք` արոմաթերապիան հակացուցված է հղիության ընթացքում, հակաէպիլեպտիկ, հակաալերգիկ և հոմեոպաթիկ միջոցների օգտագործման դեպքում։