Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Առիթմիա (շողացող)

04 / 01 / 2022

Շողացող առիթմիան ինսուլտների հիմնական պատճառներից է, հատկապես տարեցների շրջանում։ Տարիքի հետ զգալիորեն աճում է շողացող առիթմիայի հաճախականությունը։ Նախասրտերի ֆիբրիլյացիան պայմանավորված է մկանաթելերի անկանոն կծկումներով, որոնք առաջանում են կրկնակի դրդման մեխանիզմով։

Տարբերում են առաջնային (իդիոպաթիկև երկրորդային շողացող առիթմիա։


Երկրորդային շողացող առիթմիայի կարող են հանգեցնել.
- սրտի փականների ռևմատիկ ախտահարումը (հաճախ),
- սրտի իշեմիկ հիվանդությունը (հաճախ),
- հիպերթիրեոզը (հաճախ),
- հիպերտրոֆիկ և դիլատացիոն կարդիոմիոպաթիաները,
- հիպերտոնիկ սիրտը,
- երկփեղկ փականի պրոլապսը,
- պերիկարդիտը,
- հիպօքսեմիայով և (կամ) սրտի աջ հատվածների գերբեռնվածությամբ ուղեկցվող թոքերի հիվանդությունները,
- թոքային զարկերակի թրոմբէմբոլիան,
- շաքարային դիաբետը,
- սինուսային հանգույցի թուլության համախտանիշը («տախիկարդիա-բրադիկարդիա» համախտանիշը՝ որպես դրա հաճախ հանդիպող տարբերակ),
- ալկոհոլային թունավորումը,
- հիպոկալիեմիան,
- վագուսի տոնուսի աճը (շողացում՝ ուտելուց հետո, հանգստի պայմաններում, գիշերային ժամերին, ալկոհոլ ընդունելուց հետո և սինուսային բրադիկարդիայի հակման դեպքում),
- սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի աճը (շողացում՝ ֆիզիկական կամ հոգեհուզական լարումից հետո, ցերեկային ժամերին և սինուսային տախիկարդիայի հակման դեպքում),
- խոլինոլիտիկներ կիրառելը։

Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ շողացող առիթմիան կարող է զարգանալ նաև ախտաբանության բացակայության պարագայում։ Հիվանդին հետազոտելիս կարևոր է հաշվի առնել՝ շողացումը պարոքսիզմայի՞ն է, խրոնիկակա՞ն, թե՞ վերջերս ծագած (2 օրվա ընթացքում, թե՞ ավելի շուտ), նախկինում զարգացե՞լ է և ի՞նչ հաճախականությամբ, ինչի՞ց հետո, սրտի կծկումների հաճախականությունը, պարոքսիզմի բուժման արդյունավետությունը։ ԷՍԳ-ն գնահատելիս հատուկ ուշադրություն են դարձնում ձախ փորոքի գերաճի նշանների, P ատամիկի առկայությանը, դրա ձևին և տևողությանը, ST հատվածի փոփոխություններին, Հիսի խրձի ոտիկների պաշարումներին, տարած ինֆարկտի նշաններին։

Շողացող առիթմիայի պարոքսիզմ
Շողացման պարոքսիզմները հաճախ հեմոդինամիկայի արտահայտված խանգարումներ չեն առաջացնում, և հիվանդը դրանք կարող է նույնիսկ չզգալ։ Նման դեպքերում անհապաղ հակաառիթմիկ բուժում ցուցված չէ և այն կարող է նույնիսկ վատթարացնել հեմոդինամիկան։ Նպատակահարմար է նշանակել ներքին ընդունման խինիդին կամ պրոպրանոլոլ։  Անհապաղ հակաառիթմիկ բուժում ցուցված է, երբ հիվանդի վիճակը զգալիորեն վատթարանում է։ Այդ դեպքում առավել արդյունավետ է ամիոդարոնը։ Ներերակային, կաթիլային դանդաղ (20 րոպեից մինչև 2 ժամ) ներարկում են 250 մլ 5%-անոց գլյուկոզայի լուծույթի մեջ՝ 5 մգ/կգ դեղաչափով։ Անհրաժեշտության դեպքում ամիոդարոնը կարելի է կրկնակի նշանակել 24 ժամ անց։ Ներքին ընդունման ամիոդարոնը կիրառվում է սկզբում 200 մգ՝ օրը 3 անգամ առաջին շաբաթվա ընթացքում, հետագայում՝ 200 մգ օրը 2 անգամ երկրորդ շաբաթվա ընթացքում և անցում պահպանողական դեղաչափի (200 մգ կամ ավելի քիչ) ։ Սակայն պետք է հիշել, որ ամիոդարոնը չափազանց տոքսիկ է, երկարատև օգտագործման դեպքում առաջացնում է թոքերի ֆիբրոզ, լյարդի ֆունկցիաների խանգարում, ծայրամասային նեյրոպաթիաներ, հիպո- կամ հիպերթիրեոզ, մաշկի պիգմենտացիայի խանգարում։ Սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի աճի հետևանքով առաջացած շողացման բուժումն իրականացվում է β-ադրենապաշարիչներով. 5-10 մգ պրոպրանոլոլ՝ ներերակային դանդաղ (1 մգ րոպեում)։

Թափառող նյարդի տոնուսի աճի հետևանքով առաջացած շողացման բուժումն իրականացվում է դիզոպիրամիդով (օրը 100- 200 մգ՝ 3-4 անգամ ներքին ընդունման)։ Շողացման պարոքսիզմի ժամանակ կարող են օգտագործվել նաև վերապամիլը և դիգոքսինը։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ դիգոքսինի ազդեցությունն ի հայտ է գալիս ուշացումով, իսկ ռիթմը դանդաղում է աննշան։ Վոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշով ուղեկցվող շողացման պարոքսիզմի դեպքում սրտային գլիկոզիդները, β-ադրենոպաշարիչները և կալցիումի ներհակորդները հակացուցված են: Դրանք կարող են ավելի հաճախականացնել փորոքների կծկումները' հանգեցնելով փորոքների ֆիբրիլյացիայի: Նպատակահարմար է կիրառել էլեկտրական կարդիովերսիա, ինչպես նաև IC խմբի դեղեր և պրոկաինամիդ:

Մշտական շողացող առիթմիայի բուժման նպատակները.
- հիմնական ախտաբանության բուժում,
- փորոքների կծկումների հաճախականության կարգավորում,
- սինուսային ռիթմի վերականգնում (անհրաժեշտության դեպքում),
- սրտային անբավարարության նշանների վերացում,
- թրոմբէմբոլիաների կանխում։


Տախիսիստոլիայից նորմոսիստոլիային անցնելու և փորոքների կծկումների հաճախականությունը նվազեցնելու համար նշանակում են β-ադրենապաշարիչներ (պրոպրանոլոլ կամ ատենոլոլ) կամ վերապամիլ։ Որոշ դեպքերում սինուսային ռիթմը վերականգնելու համար հաջողությամբ կարող են կիրառվել IA, IC խմբերի դեղերը և ամիոդարոնը։ Եթե շողացող առիթմիան տևում է 48 ժամից ավելի, սինուսային ռիթմը վերականգնելու համար նախքան էլեկտրական կարդիովերսիա կատարելը նշանակում են հակակոագուլյանտային բուժում (առնվազն 3 շաբաթվա ընթացքում)։ Հետագայում սինուսային ռիթմը պահպանելու և շողացման կրկնակի զարգացումը կանխելու նպատակով նշանակում են IC խմբի դեղեր կամ ամիոդարոն։