Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

jpg
Մրսածություն և գրիպ

Մարդիկ հաճախ փոխարինաբար օգտագործում են մրսածություն (ՍՇՎՎ) և գրիպ արտահայտությունները, ինչը ճիշտ չէ:
Իրականում, դրանք վիրուսների տարբեր տեսակներով հարուցված տարբեր հիվանդություններ են:

Մրսածությունը բժշկական փաստաթղթերում նշվում է որպես «սուր շնչառական վիրուսային վարակ» (ՍՇՎՎ, ОРВИ) կամ «սուր շնչառական հիվանդություն» (ОРЗ): Մեր էջերում մենք փոխարինաբար կօգագործենք «մրսածություն», «ընդհանուր մրսածություն» և «ՍՇՎՎ» տերմինները:

ՍՇՎՎ-ն շատ տարածված է. մեկ տարվա մեջ երեխաները այս վարակով կարող են հիվանդանալ 5-10, իսկ չափահասները՝ 2-4 անգամ:

ՍՇՎՎ-ն ընդգրկում է քթի խոռոչը, կոկորդը և վերին շնչուղիները և առաջացնում գանգատներ, որոնք ծանոթ են բոլորին՝ հազ, մարմնի ջերմության բարձրացում, «հիվանդ կոկորդ» (ֆարինգիտ), փռշտոց, փակ կամ «հոսացող» քիթ կամ քթի խոռոչի «լցվածություն» ու «փակվածություն»: ՍՇՎՎ-ն ավելի հաճախ ունենում է մեղմ կամ չափավոր ընթացք:

ՍՇՎՎ-ն կարող է պատճառվել ավելի քան 200 տարբեր վիրուսներով, որոնց դեմ որևէ պատվաստանյութ գոյություն չունի:

Գրիպը (ինֆլուենցա) նույնպես վիրուսային վարակ է, որն ի տարբերություն ՍՇՎՎ-ի, քթի խոռոչից, կոկորդից և վերին շնչուղիներից բացի երբեմն կարող է տարածվել դեպի թոքեր: Գրիպի տիպիկ նշաններն են մարմնի ջերմության բարձրացումը, «հիվանդ կոկորդը» (ֆարինգիտ) և մկանային ցավերը:
Մարդը վարակվում է գրիպի երեք տեսակի վիրուսներով՝ A, B և C, որոնցից միայն առաջին երկուսը կարող են առաջացնել մեծ բռնկումներ և ստանալ ծանր ընթացք:
Գրիպի վիրուսի դեմ ստեղծվել են պատվաստանյութեր, որոնք խորհուրդ է տրվում տարին մեկ նշանակել «ռիսկային» խմբերին, օրինակ՝ մեծ տարիքով կամ քրոնիկ հիվանդություններով մարդկանց:
Ինչպես ՍՇՎՎ-ն, այնպես էլ գրիպը կարող են տալ բարդություններ, օրինակ՝ թոքաբորբ (պնևմոնիա), որը հատկապես մանկահասակ երեխաների մոտ կարող է ընթանալ բավականին ծանր:
Երկու հիվանդությունների դեպքում էլ կիրառվում է կանխարգելման նույն մոտեցումը, որի հիմքում ճիշտ հիգիենան է: Գրիպի դեպքում ձեր բժիշկը կարող է նշանակել նաև որոշ հակավիրուսային դեղեր, որոնք արդյունավետ են, եթե դուք գրիպի վիրուսով կարող էիք վարակվել վերջին 48 ժամվա ընթացքում:
Հակաբիոտիկներ կարող են նշանակվել միայն բակտերիալ վարակների առկայության դեպքում, սակայն վիրուսային ծագում ունեցող ՍՇՎՎ-ի և գրիպի դեպքում այս դեղերը դառնում են լրիվ անօգուտ:

ՍՇՎՎ-ի և գրիպի մասին օգտակար տեղեկություններ ձեզ կարող է տրամադրել նաև ձեր բժիշկը: