Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

jpg
Բեղմնականխում

Բեղմնականխում, ներառում է այն մեթոդներն ու միջոցները, որոնք ուղղված են անցանկալի հղիությունը կանխելուն։ Բեղմնականխումն, ըստ էության, առնչվում է ծնելիության կարգավորման և ընտանիքի պլանավորման խնդիրներին։ Բեղմնականխման մեթոդներ կիրառվում են դեռ հնուց, սակայն արդյունավետ և ապահով մեթոդներն ի հայտ են եկել 20-րդ դարում։ Որոշ մշակույթներում բեղմնականխումը համարվում է անընդունելի՝ անբարոյականություն, կրոնական և քաղաքական առումով անարգանքի արժանի գործողություն։
Բեղմնականխման առավել արդյունավետ մեթոդներից են՝ ամլացումը, բեղմնականխման ներարգանդային միջոցները, իմպլանտային բեղմնականխումը, այդ թվում՝ հորմոնային բեղմնականխիչ հաբերը։ Նվազ արդյունավետ մեթոդներ են համարվում բեղմնականխման պատնեշային մեթոդները՝ պահպանակները, խտրոցը (դիաֆրագման), արգանդի պարանոցակալը, բեղմնականխիչ սպունգերը, ինչպես նաև բեղմնականխման օրացուցային մեթոդները։ Իսկ առավել ցածր արդյունավետություն ունեցող մեթոդներից են՝ սերմնասպաններն ու ընդհատված սեռական հարաբերությունը։ Ամլացումից բացի, բեղմնականխման բոլոր մյուս մեթոդները դարձելի են․ բեղմանվորման ունակությունը վերականգնվում է մեթոդի կիրառումը դադարեցնելուց հետո։ Մինչդեռ ամլացումը միշտ չէ, որ դարձելի է։
Բեղմնականխման մի շարք միջոցների օգտագործումը, այդ թվում տղամարդու և կանացի պահպանակների օգտագործումն իր հերթին կարող է կանխել սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) փոխանցումը սեռական հարաբերության ընթացքում։ Անհետաձգելի բեղմնականխումը կարող կանխել հղիությունը չպաշտպանված սեռական հարաբերություններից հետո մի քանի օրվա ընթացքում։
Համակողմանի սեռական դաստիարակությունը և բեղմնականխման միջոցների հասանելիությունը զգալիորեն նվազեցնում են անցանկալի հղիության ցուցանիշը դեռահասների շրջանում։ Թեպետ երիտասարդները կարող են օգտագործել բեղմնականխման բոլոր մեթոդներն, այնուամենայնիվ, երկարատև ազդեցության և դարձելի այնպիսի մեթոդները, ինչպիսիք են, օրինակ, ներարգանդային պարույրը և բեղմնականխիչ հաբերը, առավել արդյունավետ են դեռահասների շրջանում անցանկալի հղիության ցուցանիշը նվազեցնելու առումով։
Մանկանը բացառապես կրծքով չկերակրող կինը ծննդաբերությունից չորսից վեց շաբաթ հետո կարող է կրկին հղիանալ։ Որոշ մեթոդների կիրառումը կարելի է սկսել ծննդաբերությունից անմիջապես հետո, մինչդեռ որոշ մեթոդներին հնարավոր է վեց ամիս անց։ Մանկանը բացառապես կրծքով կերակրող կանանց համար ավելի նախընտրելի է միայն պրոգեստոգեն պարունակող մինի հաբերի օգտագործումը, քան համակցված բեղմնականխիչ հաբերինը։ Զարգացող երկրներում անցանկալի հղիությունից խուսափել ցանկացող շուրջ 222 միլիոն կին չի օգտվում բեղմնականխման ժամանակակից որևէ մեթոդից։ Բեղմնականխման մեթոդների կիրառումը զարգացող երկրներում կրճատել է մայրական մահացությունը 40%-ով (2008 թվականին կանխվել է շուրջ 270,000 մահ) և դեռևս կարող է կրճատել ընդհուպ մինչև 70%-ով, եթե բեղմնականխման համար անհրաժեշտ բոլոր պայմանները պահպանվեն։ Հղիությունների միջև ընկած ժամանակահատվածը երկարացնելով՝ բեղմնականխումը կարող է բարելավել վերարտադրողական տարիքի կանանց պտղաբերությունը և երեխայի առողջական վիճակը։ Զարգացող աշխարհում կանանց եկամուտների, ունեցվածքի, վաստակի և երեխայի դաստիարակության ու առողջության վրա ազդող հիմնական գործոններից մեկը հենց բեղմնականխումն է։ Բեղմնականխումը ազդում է նաև տնտեսական աճի վրա, քանի որ նվազում է խնամքի տակ գտնվող երեխաների թվաքանակը, ինչը հնարավորություն է տալիս մայրերին իրացնել իրենց կարողությունները և հմտությունները և ավելի արդյունավետ օգտագործել սակավ ռեսուրսները։

Մեթոդներ

Բեղմնականխման մեթոդները ներառում են պատնեշային բեղմնականխումը, ծնելիության հորմոնալ կարգավորումը, կամավոր ամլացումը, ներարգանդային միջոցները և վարքագծային մեթոդները։ Դրանք օգտագործվում են սեռական հարաբերությունից առաջ կամ դրանց ընթացքում, իսկ անհետաձգելի բեղմնականխումն արդյունավետ է սեռական հարաբերությունից հետո մի քանի օրվա ընթացքում։ Բեղմնականխման մեթոդի արդյունավետությունը սահմանվում է որպես մեթոդը կիրառող այն կանանց տոկոսը, ովքեր կիրառման առաջին տարվա ընթացքում ունեցել են հղիության դեպք, իսկ բարձրարդյունավետ մեթոդների դեպքում, ինչպիսին արգանդափողերի կապումն է, արդյունավետությունը գնահատվում է մեթոդի կիրառումից հետո կյանքի ընթացքում հղիացած կանանց տոկոսով։
Առավել արդյունավետ մեթոդների ազդեցությունը երկարատև է, դրանք բժշկական հետագա միջամտություն չեն պահանջում։ Վիրաբուժական ամլացման, հորմոնային հաբերի և ներարգանդային պարույրի ձախողման ցուցանիշը 1%-ից ցածր է։ Հորմոնալ բեղմնականխիչ հաբերի, պատչերի, հեշտոցային օղերի և լակտացիոն ամենորեաի մեթոդի ձախողման ցուցանիշը ճիշտ կիրառման դեպքում նույնպես 1%-ից ցածր է։ Դրանց անհետևողական օգտագործման դեպքում ձախողման ցուցանիշը հասնում է մինչև 9%-ի։ Որոշ միջոցներ, այդ թվում՝ պահպանակները, դիաֆրագմաները և սերմնասպանները, անգամ ճիշտ կիրառման դեպքում ունեն ձախողման ավելի մեծ ցուցանիշներ։
Թեև բեղմնականխման բոլոր մեթոդներն ունեն կողմնակի ազդեցություններ, սակայն կողմնակաի ազդոցությունների դրսևորման հավանականությունն ավելի ցած է, քան ձախողման հավանականությունը։ Մեթոդների կիրառումը դադարեցնելուց հետո հղիության հավանականությունը հետագա տարիների ընթացքում նույն է, ինչ որևէ մեթոդից չօգտվողների դեպքում։ Առողջական խնդիրներ ունեցողների համար որոշ մեթոդներից օգտվելու նպատակով հնարավոր է բժշկական համապատասխան հետազոտություն անցնելու անհրաժեշտություն լինի։ Առողջական խնդիրներ չունեցող կանանց պարագայում բեղմնականխիչ մեթոդների կամ միջոցների (ներարկվող միջոցներ, բեղմնականխիչ հաբեր, պահպանակներ և այլն) օգտագործումը բժշկական հետազոտություն չի պահանջում։

Հորմոնային բեղմնականխում

Հորմոնային բեղմնականխումը հասանելի է բազմաթիվ տարբերակներով, այդ թվում՝ ներքին ընդունման հաբեր, իմպլանտներ՝ ենթամաշկային, նորպլանտներ, ներարկվող միջոցներ, ներարգանդային պարույրներ և հեշտոցային օղեր։ Սրանք նախատեսված են բացառապես կնոջ կողմից օգտագործելու համար, սակայն առկա են նաև տղամարդկանց համար նախատեսված հորմոնային հակաբեղմնավորիչներ, որոնք ներկայում փորձարկման փուլում են։ Գոյություն ունեն երկու տեսակի հորմոնային բեղմնականխիչ հաբեր՝ համակցված հորմոնային հաբեր, որոնք պարունակում են էստրոգեն և պրոգեստերոն հորմոններ, և հաբեր, որոնք պարունակում են միայն պրոգեստերոն, (այսպես կոչված՝ մինի-հաբեր)։ Հղիության ընթացքում օգտագործվելու դեպքում, դրանք որևէ կերպ չեն մեծացնում վիժելու կամ պտղի մոտ արատների առաջացման վտանգը։ Երկու հաբերն էլ կանխում են բեղմնավորումը՝ խոչընդոտելով ձվազատմանը (օվուլյացիա) և դարձնելով արգանդի վզիկի լորձը մածուցիկ։ Մածուցիկ լորձը խոչընդոտում է սպերմատոզոիդների տեղաշարժին։ Դրանց արդյունավետությունը կախված է, նրանից, թե որքան հետևողականորեն են ընդունվում հաբերը։
Համակցված հորմոնային հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը կարող է բերել զարկերակային և երակային արյան մակարդուկների առաջացման վտանգի թեթևակի բարձրացման։ Երակային մակարդուկներն ավելանում են տարվա ընթացքում 10,000 կանանցից միջինում 2.8-ից մինչև 9.8-ի մոտ, ինչն այնուամենայնիվ, ավելի փոքր է, քան մեթոդի ձախողման ցուցանիշը։ Վերոհիշյալն հաշվի առնելով՝ 35-ն անց կանանց, ովքեր շարունակում են ծխել, խորհուրդ չի տրվում ընդունել հակաբեղմնավորման հորմոնային հաբեր։ Հաբերի ազդեցությունը կնոջ սեռական ցանկության վրա աննշան է. որոշ կանանց մոտ այն կարող է ավելանալ կամ նվազել, սակայն կանանց ճնշող մեծամասնության մոտ որևէ փոփոխություն չի նկատվում։ Համակցված hորմոնային հակաբեղմնավորիչ հաբերը նվազեցնում են ձվարանի և էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման վտանգը, սակայն կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգի վրա որևէ ազդեցություն չեն ունենում։ Դրանք հաճախ նվազեցնում են դաշտանային արնահոսությունն ու ցավերը։ Քիչ չափափաբաժնով էստրոգենը, որն արտազատվում է տեղադրված հեշտոցային օղից, կարող է նվազեցնել մեծ քանակությամբ էստրոգեն օգտագործելու հետ կապվող կրծքի զգայունության, ինչպես նաև սրտխառնոցի և գլխացավերի առաջացման հավանականությունը։
Համարվում, որ միայն պրոգեստին պարունակող բեղմնականխիչ հաբերը, ներարկման համար նախատեսված միջոցները և ՆԱՊ-երն չեն ավելացնում արյան մակարդուկների առաջացման վտանգը, հետևաբար դրանք կարող են օգտագործվել այն կանանց կողմից, ովքեր ունեն արյան մակարդուկներ: Այն կանայք, ովքեր ունեցել են զարկերակային արյան մակարդուկների պատմություն, պետք է կիրառեն միայն ոչ-հորմոնային բեղմնականխման միջոցներ և մեթոդներ, կամ նաև միայն պրոգեստին պարունակող միջոցները՝ բացառությամբ ներարկման տարբերակները։։ Միայն պրոգեստին պարունակող հաբերը կարող են մեղմել դաշտանի ախտանիշները և կարող են կիրառվել կրծքով կերակրմանը զուգընթաց, քան որ չեն ազդում կաթնարտադրության վրա։ Դեզոգեստրել և դրոսպիրենոն տեսակի պրոգեստինները նվազեցնում են ստերոիդ հորմոնների հետ կապված կողմնակի ազդեցությունները, սակայն միևնույն ժամանակ մեծացնում են արյան մակարդուկների վտանգը։ Միայն պրոգեստին պարունակող ներարկման համար նախատեսված հակաբեղմնավորիչի (Դեպո պրովերա) ճիշտ կիրառման դեպքում առաջին տարվա ձախողման ցուցանիշը կազմում է 0.2%, տիպական կիրառման դեպքում առաջին տարվա ձախողման ցուցանիշը կազմում է 6%։

Պատնեշային բեղմնականխում

Պահպանակ

Պատնեշային են կոչվում բեղմնականխման այն միջոցները, որոնք ֆիզիկապես կանխում են սպերմայի ներթափանցումն արգանդի խոռոչ։ Այս միջոցները ներառում են տղամարդու պահպանակը, կանացի պահպանակը, արգանդի պարանոցակալը, դիաֆրագման, սերմնասպաններով բեղմնականխիչ սպունգը։ Ընդհանուր առմամբ, պահպանակը բեղմնականխման չորս հիմնական միջոցներից մեկն է։ Այն համարվում է բեղմնականխման ամենատարածված պատնեշային միջոցը: Տղամարդու պահպանակն անցկացվում է էրեկցիայի վիճակում գտնվող (պնդացած) առնանդամի վրա նախքան սեռական հարաբերությունը և ֆիզիկապես արգելափակում է արտաժայթած սերմնահեղուկի ներթափանցումը զուգընկերոջ սեռական օրգանների մեջ։
Ժամանակակից պահպանակերը պատրաստվում են հիմնականում լատեքսից, թեև որոշները պատրաստվում են նաև այլ նյութերից, օրինակ՝ պոլիուրետանից կամ գառան աղիներից։ Գոյություն ունեն նաև կանանց պահպանակներ, որոնք մեծապես պատրաստվում են նիտրիլային ռետինից, լատեքսից կամ պոլիուրետանից։
Տղամարդու պահպանակները ունեն մի քանի առավելություններ. թանկ չեն, հեշտ են օգտագործման համար, կողմնակի ազդեցությունները շատ չեն։ Պատանիների համար պահպանակների հասանելի դառնալը, հավանաբար, չի ազդում նրանց սեռական կյանքի մեկնարկի տարիքի կամ սեռական հարաբերություններ ունենալու հաճախականության վրա։ Ճապոնիայում բեղմնականխման որևէ մեթոդից օգտվող զույգերի 80%-ն օգնագործում են պահպանակ, մինչդեռ Գերմանիայում օգտվում են 25%-ը, ԱՄՆ-ում՝ 18%-ը և Հայաստանում՝ 28%-ը։
Տղամարդու պահպանակների և սերմնասպանների հետ համակցված օգտագործվող դիաֆրագմայի (խտրոց) տիպական կիրառման առաջին տարվա ձախողումների ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 18% և 12%։ Մինչդեռ պահպանակները, ճիշտ կիրառման դեպքում, ավելի արդյունավետ են և ունեն առաջին տարվա օգտագործման 2% ձախողումների ցուցանիշ, այն դեպքում, երբ դիաֆրագմայի առաջին տարվա օգտագործման ձախողումների ցուցանիշը 6% է։ Պահպանակներն ունեն ևս մեկ առավելություն՝ օգնում են կանխել սեռական ճանապարհով փոխանցվող որոշ վարակների տարածումը, ինչպես օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը։

Բեղմնականխիչ սպունգ

Բեղմնականխիչ սպունգերը համակցում են պատնեշային մեթոդը սերմնասպանների հետ։ Ինչպես դիաֆրագման, դրանք նույնպես տեղադրվում են հեշտոցի մեջ, սեռական հարաբերություններից անմիջապես առաջ։ Տիպական կիրառման դեպքում առաջին տարվա ձախողման ցուցանիշը կախված է կնոջ ծննդաբերած լինելու հանգամանքից։ Ծննդաբերած կանանց դեպքում այդ ցուցանիշը կազմում է 24%, չծննդաբերածների դեպքում՝ 12%: Սպունգը կարող է տեղադրվել սեռական հարաբերություններից 24 ժամ առաջ և անհրաժեշտ է, որ մնա տեղում առնվազն վեց ժամ սերմնաժայթքումից հետո։ Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ, անգամ գրանցվել են թունավոր շոկի համախտանիշի դեպքեր։

Բեղմնականխման ներարգանդային միջոցներ

Ժամանակակից ներարգանդային միջոցները կամ, ինչպես հաճախ անվանում են, ներարգանդային պարույրները (ՆԱՊ), փոքր, հաճախ 'T'-աձև, պղինձ կամ լեվենորգեստրել պարունակող հարմարանքներ են, որոնք տեղադրվում են արգանդում։ Դրանք համարվում են երկարաժամկետ կիրառման և դարձելիության տեսանկյունից ամենաարդյունավետ բեղմնականխման միջոցները։ Պղինձ պարունակող ՆԱՊ-երի ձախողման ցուցանիշը կիրառման առաջին տարվա ընթացքում կազմում է շուրջ 0.8%, իսկ լեվոնորգեստրել պարունակողներինը՝ 0.2%: Ըստ 2007թվականի տվյալների՝ ՆԱՊ-ը հանդիսացել է դարձելի բեղմնականխման ամենատարածված մեթոդն աշխարհում, իսկ դրանից օգտվողների թվաքանակը գերազանցել է 180 միլիոնը։
Տվյալները հաստատում են, որ ՆԱՊ-ն արդյունավետ և ապահով միջոց է ինչպես դեռահասների, այնպես էլ չծնդաբերած կանանց համար։ ՆԱՊ-ը չի ազդում կրծքով կերակրման վրա և կարող է տեղադրվել ծննդաբերությունից անմիջապես հետո։ Այն կարող տեղադրվել նաև աբորտից անմիջապես հետո։ Արգանդից հեռացնելուց հետո, նույնիսկ, եթե այն տեղադրված է եղել վաղուց, պտղաբերությունն անմիջապես վերականգնվում է։
Եթե պղնձե ՆԱՊ-երը կարող են ավելացնել դաշտանային արյունահոսությունը և առաջացնել առավել ցավոտ կծկումներ, հորմոնային ՆԱՊ-երը կարող են նվազեցնել դաշտանային արյունահոսությունը կամ ընդհանրապես դադարեցնել դաշտանը։ Կծկումները կարող են բուժվել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործմամբ։ Հնարավոր այլ բարդություններից են արգանդի հեռացումը (2-5%) և, ավելի քիչ դեպքերում, արգանդի թափածակումը (0.7%) զզզ Եթե 1970-ակնանների սկզբին լայնորեն օգտագործվող ներարգանդային միջոցի՝ Դալկոնի վահանի հետ կապում էին Ֆալոպյան փողերի բորբոքային հիվանդությունների առաջացման վտանգի մեծացումը, ապա ժամանակակից միջոցները որևէ ազդեցություն չեն ունենում այդ վտանգի ավելացման կամ նվազեցման վրա, եթե կինըՆԱՊ-ի տեղադրման պահին սեռական ճանապարհով փոխանցվող որևէ վարակ չի կրում։

Ամլացում

Ամլացումը բժշկական միջամտության որևէ եղանակով, անձին միտումնավոր կերպով վերարտադրվելու ունակությունից զրկելն է։ Ամլացումն իրականացվում է և՛ վիրահատական, և՛ ոչ վիրահատական մեթոդներով, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Ամլացումն իրականացվում է մշտական արդյունք ձեռք բերելու ակնկալիքով. սովորաբար, այն դժվար դարձելի կամ անդարձելի մեթոդ է։
Կանանց ամլացումը (արգանդափողերի կապում), մեծ մասամբ, իրականացվում է զարգացող երկրներում, մինչդեռ տղամարդկանց ամլացումը (վազէկտոմիա) հիմնականում հատուկ է արդյունաբերական երկրներին։ Աշխարհում ամլացման ցուցանիշներում մեծ է կանանց ամլացման չափաբաժինը, սակայն մեթոդի ընտրության դրդապատճառները տարբեր են՝ ժողովրդագրական գործոններով պայմանավորված։ Սովորաբար, ամլացման մասին խոսելիս առաջին հերթին կենտրոնանում ենք մարդու նկատմամբ դրա ֆիզիկական ազդեցության վրա, այդուհանդերձ այն կարող է ազդել նաև մարդու հոգեկան առողջության, ընտանիքի և, ընդհանրապես, համայնքի վրա։

Վարքագծային մեթոդ

Վարքագծային մեթոդների հիմքում սեռական հարաբերություններ ունենալու ժամանակահատվածի կարգավորումն է՝ ընդհանրապես կամ բեղմնավորման պատրաստ ձվաբջջի ձևավորումից հետո կնոջ վերարտադրողական համակարգ սպերմայի ներթափանցումը կանխելու նպատակով։ Ճիշտ կիրառման դեպքում առաջին տարվա ձախողման ցուցանիշը կազմում է շուրջ 3.4%, մինչդեռ սխալ կիրառման դեպքում ձախողման ցուցանիշը կարող է հասնել մինչև 85%-ի։

Օրացուցային մեթոդներ

Օրացուցային մեթոդների հիմքում դաշտանային ցիկլի պտղաբեր օրերի որոշելն ու չպաշտպանված սեռական հարաբերություններից խուսափելն է: Պտղաբեր օրերը որոշելու եղանակներից են՝ մարմնի բազալ ջերաստիճանին, արգանդի վզիկի սեկրեցիային կամ դաշտանային ցիկլի օրվան հետևելը: Մեթոդի տիպական կիրառման առաջին տարվա ձախողման ցուցանիշը 24% է, ճիշտ կիրառման դեպքում առաջին տարվա ձախողման ցուցանիշը, կախված, թե որ մեթոդն է կիրառվում, տատանվում է 0.4 - 5%: Փաստերը, որոնց վրա հիմնվում են այս ցուցանիշները, այնուամենայնիվ բավարար հիմքեր չունեն, քանի որ մեթոդի փորձնական կիրառողներից մեծ մասը շուտով հրաժարվում է դրանից: Աշխարհում օրացուցային մեթոդներից օգտվում է զույգերի 3.6%: Եթե մեթոդի հիմքում մարմնի բազալ ջերաստիճանին և առաջնային որևէ այլ նշանին հետևելն է, այն համարվում է ջերմանշանային մեթոդ։ Ընդհանուր առմամբ, բժշկական հետազոտություններում արձանագրվել են առաջին տարվա ձախողման 2%-ից քիչ պակաս և մինչև 20%-ը տատանվող ցուցանիշ:

Ընդհատված սեռական հարաբերություն

Ընդհատված սեռական հարաբերության կամ, այսպես կոչված, դուրսբերման մեթոդը բեղմնականխման ավանդական մեթոդ է, որի դեպքում տղամարդը սեռական հարաբերության ընթացքում հանում է առնանդամը կնոջ հեշտոցից նախքան օրգազմը (և սերմնաժայթքումը) և վերջինս (սերմը) ուղղում հեշտոցից դուրս՝ փորձելով խուսափել սերմնավորումից։
Առնվազն երկու հազարամյակ լայնորեն տարածված բեղմնականխման այս մեթոդը կիրառվում է նաև ներկայումս։ 1991 թվականին այս մեթոդն օգտագործել է շուրջ 38 միլիոն զույգ ողջ աշխարհում։
Ընդհատված սեռական հարաբերությունը չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից (ՍՃՓՎ/ՍՃՓՀ)։

Սեռական ժուժկալություն

Սեռական ժուժկալությունը կամ զուսպ սեռական կյանքը բժշկական, հոգեբանական, իրավական, սոցիալական, փիլիսոփայական, բարոյական կամ կրոնական պատճառներով սեռական վարքագծի որոշ դրսևորումներից կամ սեռական հարաբերություններից ամբողջովին խուսափելն է։ Սեռական ժուժկալությունը տարբերվում է ասեքսուալությունից։ Կուսակրոնությունը սեռական ժուժկալություն է, որի հիմնական շարժառիթներն են անձնական կամ կրոնական համոզմունքները:

Ժուժկալությունը կարող է լինել կամավոր, երբ անձը նախընտրում է չվարել սեռական կյանք՝ բարոյական, կրոնական, փիլիսոփայական և այլ պատճառներից ելնելով։ Այն կարող է լինել կամքից անկախ՝ որպես սոցիալական պայմանների արդյունք, երբ մարդը չի կարողանում գտնել իրեն համապատասխան զուգընկեր։ Ժուժկալություն կարող է պարտադրվել օրենքով, օրինակ՝ որոշ երկրներում արգելվում է վարել արտամուսնական սեռական կյանք, կամ ունենալ սեռական հարաբերություններ բանտում։
Սեռական ժուժկալությունը ունի 100% արդյունավետություն հղիությունը կանխելու տեսանկյունից, սակայն այս մեթոդը նախընտրողներից ոչ բոլորն են ի վիճակի լինում զսպելու կամ զերծ պահելու իրենց սեռական հարաբերություններից, ուստի այս մեթոդի դեպքում հղիանալու հավանականությունը չափազանց մեծ է, հատկապես սեռական բռնության հետևանքով։ Որոշ ուսումնասիրություններ պարզել են, որ բացառապես ժուժկալ դաստիարակությունը չնչին ազդեցություն է ունենում՝ «սեռական կյանքը սկսելու տարիքի, սեռական զուգընկերների քանակի, ինչպես նաև սեռական ժուժկալության, պահպանակի օգտագործման, հեշտոցային սեռական հարաբերության, հղիության և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով (ՍՃՓՎ) վարակվածության ցուցանիշների վրա»:

Լակտացիոն ամենորեա

Լակտացիոն ամենորեան հետծննդաբերական ժամանակավոր անպտղություն է, որն առաջանում է կնոջ մոտ ծննդաբերությունից հետո դաշտանի բացակայության ժամանակահատվածում, երբ կինը բացառապես կրծքով է կերակրում նորածնին։ Կանանց մոտ, ովքեր բավարարում են ստորև թվարկված չափանիշներին, լակտացիոն ամենորեայի մեթոդի (ԼԱՄ) հուսալիությունը հետծննդաբերական շրջանի առաջին 6 ամիսների ընթացքում գերազանցում է 98%-ը.

• Կրծքով կերակրումը պետք է լինի մանկան սնուցման միակ (կամ գրեթե միակ) եղանակը։ Կաթնախառնուրդները, կոշտ սնունդը, կերակրելու փոխարեն կաթը կթելը նվազեցնում են ԼԱՄ-ի հուսալիությունը։
• Նորածնին պետք է կրծքով կերակրել օրվա ցերեկային ժամերին առնվազն 4 ժամը մեկ անգամ և առնվազն 6 ժամը մեկ անգամ՝ գիշերվա ընթացքում։
• Նորածինը պետք է լինի 6 ամսականից փոքր։
• Մոր մոտ չպետք է դիտվի դաշտան ծննդաբերությունից 56 օր հետո (պտղաբերությունը որոշելիս մինչև 56-րդ օրն ունեցած արյունահոսությունն անտեսվում է)։

Ըստ ԼԱՄ կիրառողների շրջանում առանց հսկվող խմբերի իրականացված վեց հետազոտությունների արդյունքների՝ հետծննդաբերական շրջանի 6-րդ ամսում մեթոդի ձախողման ցուցանիշը կազմել է 0%-ից 7.5%: Այն հասել է 4–7%-ի մեկ տարվա ընթացքում և 13%-ի՝ երկու տարվա ընթացքում։ Կաթնախառնուրդները, կերակրման փոխարեն կաթը կթելը, ծծակի գործածումը և կոշտ սնունդը մեծացրել են մեթոդի ձախողման ցուցանիշը։ Բացառապես կրծքով կերակրող կանանց 10%-ի մոտ դաշտանը վերականգնվել է մինչև 3-րդ ամիսը, իսկ 20%-ի մոտ՝ մինչև 6-րդ ամիսը։ Կրծքով չկերակրող կանանց պտղաբերությունը կարող է վերականգնվել ծննդաբերությունից չորս շաբաթ անց։

Անհետաձգելի բեղմնականխում

Անհետաձգելի բեղմնականխումը (ԱԲ) կամ բեղմնականխումը սեռական ակտից անմիջապես հետո բեղմնականխման մեթոդ է, որը կարող է կիրառվել սեռական հարաբերությունից հետո՝ հղիությունը կանխելու նպատակով։ Անհետաձգելի բեղմնականխման միջոցներից են.

• Անհետաձգելի բեղմնականխիչ հաբերը, որոնց հաճախ պարզապես անվանում են անհետաձգելի բեղմնականխիչներ կամ «վաղորդյան հաբեր»։ Անհետաձգելի բեղմնականխիչ հաբերը և հղիության արհեստական ընդհատում կամ վիժում առաջացնող հաբերը նույն դեղամիջոցները չեն։ Անհետաձգելի բեղմնականխիչ հաբերը դեղամիջոցներ են, որոնք ոչ թե ընհատում են հղիությունը, այլ կանխում այն՝ դադարեցնելով կամ հետաձգելով ձվազատումը կամ բեղմնավորումը։

• Ներարգանդային պարույրը, որն հիմնական բեղմնականխման միջոց է, սակայն օգտագործվում է նաև՝ որպես անհետաձգելի բեղմնականխիչ։

Կանանց նախապես անհետաձգելի բեղմնականխիչ հաբերով ապահովելը որևէ կերպի չի ազդում սեռավարակների փոխանցման, պահպանակի օգտագործման և հղիության ցուցանիշների, ինչպես նաև ռիսկային սեռական վարքագծի վրա։ Բոլոր մեթոդներն ունեն նվազագույն կողմնակի ազդեցություններ։

Կրկնակի պաշտպանություն

Կրկնակի պաշտպանությունը բեղմնականխման և սեռական ճանապարհով վարակների փոխանցումը կանխելուն ուղղված մեթոդների և միջոցների համակցված կիրառումն է։ Կրկնակի պաշտպանություն կարող են ապահովել օրինակ պահպանակները՝ առանձին կամ բեղմնականխման այլ միջոցների հետ համակցված, ինչպես նաև ներթափանցումով սեռական հարաբերություններից խուսափելը։ Երբ հիմնական մտահոգությունը հղիանալն է, ապա նպատակահարմար է համակցել բեղմնականխման երկու մեթոդները։ Մասնավորապես, խորհուրդ է տրվում համակցել բեղմնականխման մեթոդները նրանց, ովքեր ընդունում են մաշկի հակաբորբոքային տրետրնոին պարունակող դեղամիջոցներ, քանի որ հղիության ընթացքում դրանց ընդունումը կապված է բնածին արատների առաջացման բարձր ռիսկի հետ։