Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

jpg
Իմպոտենցիա

″Իմպոտենցիա″ բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է ուժի, էներգիայի կորուստ, անկարողություն: Ներկայումս ավելի ճիշտ է կիրառել էրեկցիայի (առնանդամի լարման ու պնդացման) խանգարում տերմինը:
Տղամարդու սեռական ֆունկցիայի խանգարումները կարող են լինել տարբեր աստիճանի` սկսած աննշաններից մինչև սեռական ֆունկցիայի բացակայությունը: 
Տարբերում են էրեկցիայի խանգարման երկու հիմնական` հոգեբանական և օրգանական ծագում ունեցող ձևեր:

Մինչև 70-ական թվականները կարծում էին, որ էրեկցիայի խանգարման դեպքերի 90%-ը հոգեբանական ծագում ունի, իսկ 10%-ը զարգանում է օրգանական այս կամ այն խանգարման հետևանքով: Եթե էրեկցիայի խանգարումն ի հայտ է գալիս միայն որոշակի պայմաններում, իսկ մնացած դեպքերում նորմալ է, ապա կարելի է ենթադրել, որ այն հոգեբանական ծագում ունի: Այս հարցում շատ կարևոր են զուգընկերների միջև եղած հարաբերությունները, նրանց սոցիալական և տնտեսական վիճակը, ինչպես նաև, ասենք, աշխատանքը կորցնելու կամ անբավարար աշխատավարձի փաստը և այլն: Տղամարդու էրեկցիայի վրա հատկապես ազդում են այնպիսի հոգեհուզական կարևոր վիճակները, ինչպիսիք են տագնապն ու դեպրեսիան:
Վերջին տասը տարիների ընթացքում այս խնդրի վերաբերյալ կարծիքները փոխվել են` կապված ախտորոշման ժամանակակից մեթոդների կիրառման հետ, որոնք թույլ են տալիս ավելի ճիշտ որոշել էրեկցիայի խանգարման պատճառները:
Հաջողվել է պարզել, որ դեպքերի 50%-ի պատճառը օրգաններից որևէ մեկի ֆունկցիայի խանգարումն է: Հետագայում այդ խանգարումները նաև հոգեբանական երանգ են ստանում` դառնալով գերիշխող գործոն: Դեպքերի 50%-ը զուտ հոգեբանական ծագում ունի:
Էրեկցիայի մեխանիզմը հետևյալն է. զարկերակային արյունը լցվում է սպունգանման կառուցվածք ունեցող փապարային մարմնիկների մեջ և բերում մանր ու խոշոր երակների փակման: Այսպիսով, առնանդամում արյան լճացում է գոյանում, որով և պայմանավորված է էրեկցիան: Դրա ընթացքը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի կողմից և ուղղակիորեն կախված չէ մարդու կամքից:
Ներկայումս, շնորհիվ սեքսոլոգիական ծառայության բուռն զարգացման, հնարավոր է ամբողջովին բուժել այդ խանգարումները: Դա, իհարկե, երկար ժամանակ է պահանջում:
Թեև տարբեր օրգանների ֆունկցիաների հետ կապված էրեկցիայի խանգարումները տարիների ընթացքում խորանում են, այնուամենայնիվ, պետք է նշել, որ տղամարդկանց մոտ ծերության հետ կապված հարցերի խորը ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էրեկցիայի խանգարումների առաջացման պատճառը ոչ այնքան տարիքն է, որքան ռիսկի այլ գործոնների առկայությունը: Մենք նպատակահարմար ենք գտնում խոսել տարածված մի քանի տեսակների մասին, քանզի ռիսկի հնարավոր գործոնները բացահայտելով և վերացնելով` կարելի է առավելագույնս կանխել անցանկալի վիճակները:

Այսպիսով, որո՞նք են էրեկցիայի խանգարման ռիսկի գործոնները:

1. Դրանցից առաջինն արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակն է:

Վաղուց հայտնի է, որ օրգանիզմի անոթներում սկլերոզ առաջացնողը գլխավորապես խոլեստերինն է, որը ազդում է նաև տղամարդու սեռական օրգանը սնող այն անոթների վրա, որոնք մասնակցում են էրեկցիայի առաջացմանը: Բազմաթիվ սեքսապաթոլոգների կարծիքով` արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը պարզապես նվազեցնում է փապարային մարմնիկներում կուտակվող արյան քանակը, որը բերում է առնանդամի էրեկցիայի թուլացման:
Մեր սեփական դիտարկումների ժամանակ խոլեստերինի մակարդակի և փապարային մարմնիկների զարկերակների միջով հոսող արյան արագության միջև հակադարձ համեմատական կապ է բացահայտվել: Այսինքն` որքան բարձր է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, այնքան դանդաղ է արյան հոսքը էրեկցիայի ժամանակ և խաթարված բնականոն էրեկցիան:
Այս ամենը վկայում է, որ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել էրեկցիայի վրա անգամ երիտասարդ տարիքում, երբ սկլերոտիկ պրոցեսները դեռ չեն հասցրել զարգանալ:

2. Ծխախոտի օգտագործումը:

Ծխախոտի օգտագործումը 50%-ով մեծացնում է էրեկցիայի խանգարման վտանգը: Պարզվել է նույնպես, որ էրեկցիայի խանգարումների կապակցությամբ դիմող հիվանդների մեջ գերակշռում են ծխողները: Այս գործոնը ոչնչով չի զիջում խոլեստերինի բարձր մակարդակին և կարող է առաջացնել անդարձելի խանգարումներ:
Հայտնի է, որ ծխախոտի ծխի մեջ կան 5000-ից ավելի քիմիական միացություններ: Դրանց որոշ մասը վնասում է անոթների պատերը, բարձրացնում արյան մակարդելիությունը և ակտիվացնում առնանդամը արյունով սնող, էրեկցիան խաթարող անոթների աթերոսկլերոզը:
Միևնույն ժամանակ ծխախոտի յուրաքանչյուր ծխած գլանակ ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա` սեղմելով առնանդամի անոթները, փոքրացնելով արյան հոսքի արագությունը և նրա ծավալը: Ծխախոտի ծխի ազդեցության հետազոտությունները, կապված էրեկցիայի խանգարումների հետ, ներկայումս շարունակվում են:

Այս ամենը նկատի ունենալով, հարկ է մտածել, թե ճի՞շտ է արդյոք ″էլ ի՞նչ տղամարդ, որ չի ծխում″ հայտնի խոսքը, թե ճիշտը հակառակն է:

3. Շաքարային դիաբետը:

Էրեկցիայի խանգարումը կարող է զարգանալ որպես շաքարային դիաբետի բարդություն: Սակայն դա պարտադիր չէ: Ֆունկցիայի խանգարման վտանգն ավելի է մեծանում, երբ դիաբետ ունեցողը չի բուժվում, և արյան մեջ գլուկոզայի մակարդակը չի կարգավորվում:

Շաքարային դիաբետի ժամանակ էրեկցիայի ֆունկցիայի խանգարումը տեղի է ունենում ոչ միայն առնանդամի արյունատար անոթների, այլև նյարդային հյուսվածի վնասման հետևանքով, այն հյուսվածքների, որոնք պատասխանատու են կենտրոնական նյարդային համակարգից դեպի առնանդամը փոխանցվող գրգիռների հաղորդման և այդ գործընթացի կարգավորման համար:

Եթե շաքարային դիաբետ ունեք, բարդություններից խուսափելու և օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումները կարգավորելու համար պետք է գտնվել բժիշկ էնդոկրինոլոգի հսկողության տակ:

4. Հիպերտոնիկ հիվանդությունը:

Ձեր ուշադրությունը ուզում ենք հրավիրել այն փաստին, որ բարձր զարկերակային ճնշումը կարող է բացասաբար ազդել էրեկցիայի վրա: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ արյան բարձր ճնշման դեմ օգտագործվող որոշ դեղեր նույնպես կարող են խաթարել տղամարդու էրեկցիան: Եթե այդպիսի դեղեր օգտագործելուց հետո դուք կունենաք նման պրոբլեմներ, ապա ոչ մի դեպքում ինքներդ մի դադարեցրեք դեղերի ընդունումը: Ավելի շուտ դիմեք բժշկի խորհրդատվությանը, որից հոտո հնարավոր է, որ արյան ճնշման դեմ ընդունվող դեղերը փոխարինվեն այնպիսիներով, որոնք չեն ազդի սեռական ֆունկցիայի վրա: Ճնշումն իջեցնող դեղերից մի քանիսը կարող են ոչ միայն արյան ճնշումն իջեցնել, այլև դրական ազդեցություն ունենալ էրեկցիայի կարգավորման առումով:
Հիշեք, որ եթե սիրած էակի հետ միասին ըմպած մեկ բաժակ գինին կամ շամպայնը կարող է թուլացնել լարվածությունը կամ վերացնել սթրեսը, բարձրացնել տրամադրությունը և դրական ազդեցություն ունենալ սեռական ֆունկցիայի վրա, ապա դրանց ավելի մեծ քանակների օգտագործումը կբերի լիարժեք էրեկցիայի հասնելու համար զգալի դժվարությունների, իսկ ալկոհոլի խրոնիկական կամ էլ հոգեմետ դեղերի օգտագործումը` ամբողջովին ″կխառնեն ձեր սեռական կյանքի գույները″:
Դիմելով բժիշկ-սեքսապաթոլոգի խորհրդատվությանը` հեշտությամբ կարելի է բացահայտել էրեկցիայի խանգարման հնարավոր պատճառները:
Դժվար չէ ենթադրել, որ վերը նշված գործոնների համակցման դեպքում աճում է էրեկցիայի խանգարման հավանականությունը և դրա աստիճանը: Որքան ավելի մեծ կլինի նշված գործոններից յուրաքանչյուրի տևողությունը, այնքան ավելի դժվար կլինի հետագայում դրանց շտկումը և էրեկցիայի վերականգնումը:

Եթե նկատեցիք, էրեկցիայի խանգարումների և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման վտանգի գործոնները գրեթե նույնն են: Սակայն, ի տարբերություն վերջիններից, երբ հիվանդությունը կարող է աննկատ մնալ և իրեն զգացնել չտալ, սրա` էրեկցիայի անգամ աննշան խանգարումները ակնհայտ են դառնում և փաստի առաջ կանգնեցնում տղամարդուն հենց ամենաանցանկալի պահերին:
Ահա թե ինչու սեքսապաթոլոգները համոզված են, որ էրեկցիայի խանգարումը` որպես հոգեկան և ֆիզիկական լարում առաջացնող գործոն, կարող է տղամարդու սրտի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
Այնպես որ, էրեկցիայի խանգարումներից խուսափելու համար պետք է այսօրվանից մտածել վաղվա օրվա մասին: